HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, ինչպես նաև կենտրոնում բացված «Գեղեցկություն՝ զինվորներից» խորագրով ցուցահանդես-վաճառքում ներկայացված աշխատանքներին: Վերջիններից գոյացած ողջ հասույթը տղաները նվիրաբերելու են հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Զինվորի տանն առաջիկայում կբացվի հատուկ սենյակ, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել նաև «Միասնականության գորգ» նախագիծը, որի շրջանակում Զինվորի տունը և «Մեգերյան Կարպետը» համատեղ ստեղծում են շուրջ 2 միլիոն 500 հազար հանգույց ունեցող գորգ, որի աշխատանքներին հնարավորություն ունի մասնակցելու յուրաքանչյուր հայ:

Միասնության գորգի դազգահը դրված է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Արմենակ Ուրֆանյան սրահում, որը բացվել է Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ և որը վերանորոգվել ու կահավորվել է գերժամանակակից սարքավորումներով «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:

Կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին, ծանոթացել նրանց վերականգնման ընթացքին, պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում էլ՝ ժամը 11:00-ին, վարչապետը տղաների հետ մեկ րոպե լոռությամբ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բոլոր զինհաշմանդամների խնդիրները, իսկ ծրագրերն ուղղված են լինելու նրանց անհրաժեշտ պարագաներով ու ժամանակակից սարքավորումներով ապահովմանը, կրթության համար համապատասխան պայմանների ստեղծմանը, մասնագիտական վերապատրաստման գործընթացի ապահովմանը: 

«Կարևոր է, որ զինհաշմանդամները պատրաստվեն լիարժեք կյանքի՝ հաշվի առնելով իրենց նախասիրություններն ու պետության կողմից կրթական կոմպոնենտի ապահովումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև տղաների՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հաշվի առնելով նաև բարձրացված հարցերը՝ վարչապետը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու գտնել դրանց լուծման անհրաժեշտ միջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter