
«Այսօր խոսելու օր չէ, պետք է լուռ մնանք, որ լսենք մեր կորցրած ամենաթանկերին»
Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի եկեղեցու բակում Արցախի առաջին պատերազմում զոհված 15 հայորդիների անուններով խաչքար կա: Այսօր ևս մեկ խաչքար բացվեց, դրա վրա փորագրված են 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմում զոհված 10 ակնալիճցիների անունները, որոնք ռազմի դաշտից չվերադարձան:
Ազատ Սուքիասյանը, Դավիթ Խլղաթյանը, Սամվել Գալստյանը, Էրիկ Գալստյանը, Վարդգես Գալստյանը, Գարիկ Սահակյանը, Մալխաս Սերոբյանը, Սուրեն Մուրադյանը, Սասուն Մովսիսյանը, Ջիվան Խաչատրյանն ընկել են թեժ մարտերում:
Նրանք բոլորը հուղարկավորվել են եկեղեցու բակում՝ 1990-ականներին զոհված իրենց համագյուղացիների կողքին:
Լուսյա Խլղաթյանն այսօր բոլորից շուտ էր այցելել որդու շիրիմին: Գերեզմանաքարի փոշին սրբեց, երկար զննեց որդու նկարն ու ուղղեց ծաղիկները: Ասես հայացքով խոսում էր որդու հետ:
Որդին՝ Դավիթ Խլղաթյանը, 22 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց: Պաշտպանական մարտերին մասնակցել է սեպտեմբերից 29-ից, զոհվել՝ հոկտեմբերի 25-ին՝ Վարանդայում:
Դավիթը տան կրտսերն էր: Զբաղվում էր այգեգործությամբ: Մոր պատմելով` հանգիստ բնավորություն ուներ, չափված էր, հավասարակշռված: Զինկոմիսարիատից ծանուցագիր ստանալուց անմիջապես հետո մեկնել է Արցախ, թեև մայրը վախենում էր և չէր ցանկանում, որ որդին մեկներ: Ասում է՝ մայրական բնազդը մի բան հուշում էր:
«Մենք տվեցինք մեր ամենաթանկը՝ մեր երեխաներին, իսկ իրենք էլ տվեցին իրենց թանկը՝ կյանքը: Բոլորս հիմա հուսահատ վիճակում ենք: Զգում ենք կարոտ, ցավ ու ամենակարևորը՝ ելք չենք գտնում: Չգիտենք` շարունակությունն ինչպես է լինելու»,-ասում է Լ. Խլղաթյանը:
Եկեղեցու բակի լռությունը շուտով խախտվում է, լսվում է հավաքվող որդեկորույս մայրերի լացի ձայնը:
Լուսյա Խլղաթյանը վստահություն է հայտնում՝ հայ ազգը միշտ պայքարելու է իր գոյության համար, քանի որ ունի հրաշալի սերունդ:
«Չեմ կասկածում, որ վտանգի դեպքում իմ տղայի հաջորդ սերունդները ևս նույն կերպ կվարվեն: Բոլորը սիրում են իրենց հայրենիքը, բոլորը պայքարում են իրենց հայրենիքի համար»,-հավելում է Լուսյա Խլղաթյանը:
30 րոպեում եկեղեցու բակը մարդաշատ է դառնում: Ծնողները ծաղիկները ձեռքին այցի են գալիս իրենց որդիներին: Դժվարությամբ են խոսում, ասում են` այսօր խոսելու օր չէ, պետք է լուռ մնանք, որ լսենք մեր կորցրած ամենաթանկերին:
Խաչքարի բացումն իրականացվեց զինվորական կարգով: Ժամկետային զինծառայողներն էլ իրենց ձեռքով իջեցրին խաչքարի վրա գցված սպիտակ կտորը:
Ակնալճի միջնակարգ դպրոցում ևս միջոցառում էր կազմակերպվել: Զոհված տղաների համար թանգարան բացվեց, որտեղ ներկայացված են նրանց իրերն ու հետմահու ստացած մեդալները:
Մեկնաբանել