HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնյային կաշառք տալու գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի: Այս մասին հայտնում է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն` պարզվել և հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, պաշտոնատար անձի կողմից իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ հովանավորչության և թողտվության համար, միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք տալու միասնական դիտավորությամբ, Քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի պետին որպես կաշառք տվել է խոշոր չափերով, ընդհանուր՝ 214.000 ՀՀ դրամ արժեքով շինանյութ:

«Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կալանավորը, քրեակատարողական հիմնարկում բջջային հեռախոսից օգտվելուն, ռեժիմի խախտմամբ խցի դռները բաց թողնելուն, ազատ տեղաշարժվելուն չխոչընդոտելուն, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մեկ այլ կալանավորի միջնորդությամբ, հիշյալ պաշտոնատար անձի պահանջով, համաձայնել է վերջինիս որպես կաշառք տալ շինանյութ:

Կաշառքի առարկա հանդիսացած շինանյութը փոխանցելու համար կալանավորը դիմել է իր սանիկին, խնդրել գնել անհրաժեշտ շինարարական ապրանքները և դրանք փոխադրել ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձի կողմից մատնանշված վայր՝ նախապես տեղեկացված լինելով իր և տեղամասի պետի միջև կաշառք տալու շուրջ պայմանավորվածության մասին»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ

Կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով, միջնորդին՝ 313-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը), իսկ սանիկին՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն, ըստ քննչական ենթակայության, իրականացվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter