HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մինչեւ վերանորոգումը՝ առաջին 8 ամսում, «Շիրակ» օդանավակայանի ուղեւորների թիվը եղել է 68 հազար. աճի հույս կա

Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկել է 68.259 ուղեւորի: Այս տվյալը «Հետքը» ստացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, որն իր հերթին հղում է արել կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:

Համեմատության համար ասենք, որ 2020 թ. նույն ժամանակահատվածում «Շիրակից» օգտվել է 29.280 հոգի: Ընդ որում՝ կորոնավիրուսի համավարակի եւ արտակարգ դրության պայմաններում 2020 թ. ապրիլ-հունիս ամիսներին «Շիրակում» ուղեւորների թիվը 0 է եղել:

Ի տարբերություն վերջին երկու տարիների՝ 2019-ի առաջին 8 ամիսներին Գյումրու օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 99.255, իսկ 2018-ին՝ 111.813:

Ինչպես կարելի է տեսնել գրաֆիկում, այս տարի ուղեւորահոսքի սեգմենտում «Շիրակը» համեմատաբար բարձր ցուցանիշներ է գրանցել ապրիլ-հունիս ամիսներին, ընդ որում՝ այս տարվա մայիսին եւ հունիսին «Շիրակի» ուղեւորահոսքը զիջել է միայն 2018 թ. նույն ամիսների թվերին:

Passengers: LWN
Infogram

Ընդհանրապես, վերջին տարիների կտրվածքով 2018-ը «Շիրակի» համար լավագույնն էր, քանի որ այդ տարի Հայաստանի հյուսիսային օդային դարպասից օգտվել է 165.946 մարդ: Դժվար է ասել, թե արդյոք այս տարի Գյումրու օդանավակայանը կկարողանա գերազանցել 2018-ի ցուցանիշը: «Շիրակի» համար ամենաեռուն ամիսները վերջին տարիներին եղել են հուլիսն ու օգոստոսը, բայց դրանք արդեն անցյալում են, ընդ որում՝ այս տարի հուլիս-օգոստոսին «Շիրակում» ուղեւորների կտրուկ անկում է եղել, ավելին՝ օգոստոսին օդանավակայանից մարդ չի օգտվել: Պատճառը տեխնիկական էր:

Դեռ հունիսին կոնցեսիոներ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն տեղեկացրեց, որ օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը Գյումրու օդանավակայանում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես՝ իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում, որը վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007-ին:

Օգոստոսին կոնցեսիոները հայտնեց, որ նաեւ ժամանման նոր սրահ է կառուցվում, քանի որ հին սրահը ուներ 400 քմ մակերես, դուրս էր նորմերից ու խնդիրներ էր ստեղծում ուղեւորների համար: Աշխատանքների ավարտին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարեց, որ ամբողջովին փոխվել է ոչ միայն 3220 մ երկարություն եւ 45 մ լայնություն ունեցող վազքուղու ասֆալտաշերտը եւ հատուկ նյութերի օգտագործմամբ համապատասխանեցվել միջազգային չափորոշիչներին, այլեւ կառուցվել է 870 քմ ընդհանուր տարածքով ժամանման նոր սրահ, որը հնարավորություն կտա օդանավակայանի տարեկան թողունակությունը 250.000-ից հասցնել 700.000-ի:

Սեպտեմբերի կեսերին «Շիրակը» վերաբացվեց, եւ ուրախալին այն է, որ եթե նախկինում այստեղ տոն էր տալիս մեկ ավիաընկերություն՝ Մոսկվայից ժամանող ռուսական «Պոբեդան», ապա հիմա Գյումրի եկող փոխադրողների թիվն ու ուղղությունները աճել են, չնայած խոսքն էլի ռուսական օպերատորներին է վերաբերում:

Վերանորոգումից հետո համեմատաբար նոր աշխուժության հանգամանքն է հուշում, որ գուցե այս տարի «Շիրակը» կարողանա մոտենալ 2018-ին գրանցված ցուցանիշին՝ 166 հազարի շեմին:  

Վերադառնալով անցած 8 ամիսների տվյալներին՝ նշենք, որ հունվար-օգոստոսին «Շիրակից» մեկնել է 42.141, ժամանել՝ 26.118 ուղեւոր: Քանի որ մեկնողները ժամանողներից առավել շատ են եղել հունվար-մայիս ամիսներին, կարող ենք ենթադրել, որ հիմնականում դուրս են գնացել արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք, որպես կանոն, վերադառնում են նոյեմբեր-դեկտեմբերին: 

Լուսանկարները՝ «Զվարթնոց» օդանավակայանի (կառավարում է նույն կոնցեսիոները) ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter