HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրազիլիայի քաղաքացին կուլ տալու եղանակով Հայաստան է տեղափոխել 746 գրամ կոկաին

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության խոշոր դեպք: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում: 

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել անձնական մաքսային զննում իրականացնել: Բրազիլիայի քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն: 

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է «կոկաին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ` 746 գրամ ընդհանուր քաշով: Ի դեպ, Գ.Ռ.-ի ուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ:

Հարկ է նշել, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար` հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան:

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է: Իրականացվում է նախաքննություն: Հայտնաբերված և առգրավված թմրանյութի արժեքը Հայաստանի սև շուկայում կազմում է շուրջ 300 հազար ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter