HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիս-Հարավի» գործը 7 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, թե պարզվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես կապալառու, կամ խորհրդատվական ծառայություն իրականացնող ներգրավված մի քանի ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների կողմից պարտավորությունների կատարման պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների հանցավոր ծագման աղբյուրը և բնույթը խեղաթյուրելու, առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ծրագրի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ կերպ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու հանցավոր սխեմա: Վերջինս կիրառման արդյունքում պատճառված ընդհանուր վնասը՝ ներառյալ նաև հաշվարկված տույժ-տուգանքները, կազմում է ավելի քան 2.7մլրդ ՀՀ դրամ:  

Ինչպես նշված է դատախազության հաղորդագրությունում, հանցավոր մեխանիզմի իրացմանը ներգրավվել են նաև ՀՀ ՊԵԿ տեսուչներ:   

Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝ 

  • «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն, ճանապարհաշինարարական վերոնշյալ խոշոր ծրագրում նրգրավված «Սթոնս» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Սեդրակ Առուստամյանին և ընկերության աշխատանքները  վերջինիս հետ համակարգող Գուրգեն Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով,
  • մյուս համակարգող Սուրեն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 
  • «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով,
  • «Սթոնս» ՍՊ ընկերության 2 աշխատակցուհիներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-դ մասի 1-ին կետով, 
  • ևս մեկ անձի՝ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ  մասով:

Նախաքննության ընթացքում, որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ դրամ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը հաստատել է նշված դրվագով մեղարդական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 7 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: 

Վերոնշյալ դրվագով ՊԵԿ տեսուչների մասով նախաքննությունն ավարտվել էր ավելի վաղ, նրանց և ևս մեկ անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ավելի վաղ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter