HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բարձրագույն դատական խորհուրդը դատական գործերի քննության ողջամիտ ժամկետներ է սահմանել

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) սահմանել է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության։ Այս որոշումով ԲԴԽ-ն նպատակ ունի ապահովել դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և լուծումը, դատավորների և դատարանների հաշվետվողականությունը, գործերի քննության տևողության կանխատեսելիությունը։

ԲԴԽ-ն որոշումն ընդունել է օգոստոսի 30-ին, և այն տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ ընդունված գործերի վրա։ ԲԴԽ որոշման մեջ ասվում է, որ ուղենիշային ժամկետերի պահպանման գործընթացը ենթակա է մշտադիտարկման, որի արդյունքներով պայմանավորված՝ դրանք կարող են վերանայվել։

Գործի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ սահմանելիս հիմք է ընունվել գործի բարդության մակարդակը։ Դատական գործերն, ըստ բարդության մակարդակի, բաժանվել են 4 խմբի՝ պարզ, միջին բարդության, բարդ և առանձնակի բարդության։

Գործի բարդության մակարդակը որոշվելու է գործի իրավական և փաստական բարդության չափանիշներով։

Գործն, ըստ իրավական բարդության չափանիշի, կարող է ունենալ հետևյալ գործակիցը՝ 

    • թեթև աստիճանի բարդության-025 գործակից, 
    • միջին աստիճանի բարդության-0,50 գործակից, 
    • բարձր աստիճանի բարդության-0,75 գործակից
    • առավել բարձր աստիճանի բարդության-10 գործակից։

Գործի փաստական բարդության չափանիշը որոշվում է դատավարական անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալով և այն հանգամանքներով, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը։

Գործն ըստ փաստական բարդության չափանիշի ևս 4 խմբի է բաժանվել՝ նույն գործակիցներով։ Գործի բարդության մակարդակը որոշվելու է գործի փաստական բարդության չափանիշների գործակիցների համագումարը գումարելով իրավական բարդության չափանիշի գործակցին։

ԲԴԽ որոշման մեջ ասվում է, որ սահմանված ուղենիշային ժամկետներում ներառված չեն գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի նշանակված ժամկետները, փորձաքննության ժամանակահատվածը, ինչպես նաև գործի վարույթի ընթացքում ծագած անհաղթահարելի իրավիճակով պայմանավորված դատավարական գործողություններ չիրականացնելու ժամանակահատվածները։

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետների սահմանված կարգից հնարավոր շեղումը չի կարող գերազանցել յուրաքանչյուր դատավորի վարույթում քննված և ավարտված գործերի ընդհանուր քանակի 10%-ը։

Վերաքննիչ վարչական դատարանում դատական քննության ուղենիշային ժամկետ է սահմանվել 9 ամիսը, վերաքննիչ քրեական դատարանում՝ 3 ամիսը, վճռաբեկ դատարանում՝ 15 ամիսը։

Որոշումը սահմանում է առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործերով փաստական բարդության չափանիշները, որոնք տարբեր տեսակի միջնորդություններն են դատաքննության ընթացքում, միջանկյալ դատական ակտի բողոքարկումը, հայցվորների քանակը, հակընդդեմ հայցի առկայությունը, մի քանի դատական գործեր մեկ վարույթում ընդունելու դեպքերը և այլն։

Իրավական բարդության չափանիշներով՝ առավել բարձր աստիճանի բարդության՝ 10 գործակից, ունեցող գործեր են համարվում՝ միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների վերաբերյալ վեճերը, մտավոր սեփականության իրավունքի, վճարահաշվարկային գործերի վերաբերյալ, գույքի հավատարմագրային կառավարման, ֆոնդի կառավարման, համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության, ֆակտորինգի հետ կապված վեճերը, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, ադմինիստրացիաների որոշումների բողոքարկումը և այլն։

Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ բարդության պարզ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար 1 ամիս ժամկետ է սահմանվել, միջին մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար՝ 4-6 ամիս, բարդ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար՝ 8-12 ամիս, առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար 13-18 ամիս ժամկետ է սահմանվել։

Գործերի քննության նույնքան ժամանակ է սահմանված սնանկության գործերը քննելու համար։

Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ առանձնակի բարդ գործերի 98%-ի համար 18 ամիս է սահմանվել։

Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ առանձնակի բարդ մակարդակ ունեցող դատական գործերը քննելու համար առավելագույնը 24 ամիս ժամկետ է սահմանվել։

Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության միջին տևողության ուղենիշային ժամկետ է սահմանվել երեք ամիսը։

Վճռաբեկ դատարանում դատաքննության ուղենիշային ժամկետ է սահմանվել 15 ամիսը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter