HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը, արդարադատական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Փոխվարչապետը ներկայացրել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած իր այցելության արդյունքները՝ ՔԿՀ-ների ենթակառուցվածքների և դատապարտյալների պահման պայմանների բարելավման հարցը համարելով օրակարգային:

Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հաղթահարման հարցերին: Նկատի ունենալով վերջինիս ազդեցությունը ինչպես մարդկային կյանքերի և հանրային առողջության, այնպես էլ պետությունների տնտեսությունների վրա, շեշտվել է պատվաստանյութերի հասանելիության և պատվաստումների կարևորությունը՝ սահմանների բացման և ճանապարհորդությունների հարցում առկա սահմանափակումների մեղմացման համատեքստում: Ընդգծվել է, որ այս ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքերը միայն դրական արդյունքներ են տալու:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, ինչի կապակցությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԾ-ի շրջանակներում տրամադրված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ օժանդակությունը նոր տեսք կստանա, քանի որ նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Զրույցի ժամանակ քննարկվել են Հայաստանում միջազգային ներդրումների համար առողջ միջավայրի ապահովման, հակակոռուպցիոն ռեֆորմների, արդար տնտեսական և մրցակցային դաշտի ապահովման միջոցները: Անդրադարձ է կատարվել հանքաարդյունաբերության խնդիրներին՝ կարևորելով բնապահպանական ռիսկերի կառավարման, շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումների երաշխավորման հարցերը:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ ներկայումս կատարվող քայլերի մասին: Ըստ նրա՝ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը 17 կմ հատվածի վրա: Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ նոր ճանապարհի կառուցման մասին՝ անդրադառնալով 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցմանը, որոնք նախատեսվում են վերջնական ավարտին հասցվել 2022թ. գարնանը: Փոխվարչապետը հայտնել է, որ արդեն մեկնարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ աշխատանքները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter