HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է Արարատ Միրզոյանին

Սեպտեմբերի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները:

Ըստ տարածված հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ 

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի և անձամբ՝ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության  հարցերին:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter