HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված ՕՀՄ արդյունքներն անթույլատրելի են ճանաչվել, բայց ԱԱԾ-ում պահպանվում են

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ (ՕՀՄ) են իրականացվել, պահանջում է իրեն տրամադրել այդ միջոցառումների արդյունքում ձեռք բերված, իր անձին վերաբերող տեղեկությունները: Դատավորը պնդում է, որ իր վերաբերյալ տեղեկությունները չեն կարող հասանելի դառնալ երրորդ անձանց, իր գործը քննող քննիչ Արման Երիցյանին և դատախազ Արամ Արամյանին բացարկ է հայտնել, պահանջում է վերջիններիս վարույթից հեռացնել, ինչպես նաև դատական կարգով բողոքարկել է նրանց անգործությունը:

Բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին: Բողոքի քննության ժամանակ դատավոր Մարգարյանն իր նախաձեռնությամբ, այսինքն՝ առանց կողմերից որևէ մեկի միջնորդության, որոշեց քննարկման առարկա դարձնել նիստը դռնփակ անցկացնելու հարցը, ու չնայած բողոքաբեր դատավորն ու վերջինիս պաշտպանը կողմ էին նիստի դռնբաց քննությանը, Մարգարյանը որոշեց բողոքը դռնփակ քննել:

Մինչ բուն բողոքին անդրադառնալը ներկայացնենք հանգամանքներ, որոնք կապված են այս գործի հետ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից 2019 թվականի մայիսին կայացված որոշումից հետո, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ է արձակվել, իսկ նրա վերաբերյալ գործը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան, «Վանոյի Արտակ» անունով հայտնի Արտակ Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է կատարել, թե Դավիթ Գրիգորյանի որոշումը գրել են այլ դատավորներ: Այդ դատավորների մեջ մատնանշվել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի անունը: Վերջինս որոշել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դատավորին զրպարտելու վերաբերյալ: Գործի քննության ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանին վկայի կարգավիճակով հարցաքննել են, և տրված  հարցերի բովանդակությունը դատավորին առիթ է տվել կասկածելու, որ իր նկատմամբ օպերատիվ հետախուզաման միջոցառումներ են անցկացվել: Օրինակ`դատավորին հարցրել են կոնկրետ օրերին նրա գտնվելու կոնկրետ վայրի և այլնի վերաբերյալ տեղեկություններ: Շուտով պարզվել է, որ ոչ միայն  Հարությունյանի, այլ նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի՝ Արման Հովհաննիսյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Արշակ Վարդանյանի, այն ժամանակ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Ռշտունու, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի նկատմամբ ՕՀՄ-ներ են իրականացվել: Դատավոր Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը վիճարկել են իրենց նկատմամբ ՕՀՄ-ներ  իրականացնելու թույլտվությունները:

Թե ինչպես է Մխիթար Պապոյանի կողմից ԱԱԾ-ին ներկայացված դատավորին զրպարտելու վերաբերյալ հաղորդումը ինչ-որ փուլում վերածվել մի գործընթացի, որի շրջանակներում դատավորներին գաղտնալսել են, մեզ հայտնի  չէ: Այս հանգամանքի վերաբերյալ այս պահին հստակ տեղեկություն չունի նաև դատավոր Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Շխիմյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ Միքայել Շխիմյանը «Հետք»-ի հետ զրույցում, ասաց որ այս պահին իրենց հայտնի է, որ 2019 թվականի մայիսի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել և բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Հարությունյանի նկատմամբ «հեռախոսային  խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ, իսկ նույն թվականի հուլիսի 16-ին քննվել և բավարարվել է դատավորի հեռախոսային խոսակցությունների վերծանումներ ստանալու վերաբերյալ միջնորդությունը: Նշենք, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկման թույլտվությունը տվել է դատավոր Ռուբեն Վարդազարյանը, որն այն ժամանակ եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իսկ վերծանումերի թույլտվությունը տվել է դատավոր Արթուր Մկրտչյանը, որն այժմ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը: Թե սրանցից բացի ինչ միջոցառումներ են իրականացվել դատավորի նկատմամբ, կամ առհասարակ իրականացվե՞լ են, թե՞ ոչ, բողոքաբեր կողմին հայտնի չէ: Քննիչն ու դատախազը հավաստիացնում են, որ այլ միջոցառումներ չեն իրականացվել, սակայն դատավորն ու պաշտպանը հակված չեն բավարարվել այս հավաստիացումներով, դատարան ներկայացված բողոքում պահանջներից մեկն էլ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելն է, որ գրավոր կերպով հավաստի այլ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ որոշումների բացակայության հանգամանքը:

Դատավոր Հարությունյանի և Վարդանյանի բողոքները, որոնցով վերջիններս վիճարկել են իրենց  նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ թույլտվությունները, բավարարվել են, Դավիթ Հարությունյանի և մյուս դատավորների նկատմամբ ՕՀՄ իրականացնելու արդյունքում ձեռք բերված տվյալները ճանաչվել են որպես անթույլատրելի ապացույց, և վարույթն իրականացնող մարմնի հավաստմամբ` հանվել գործից:

Դատավոր Հարությունյանն, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանն այժմ գործով ներգրավվել են` որպես տուժող, սակայն դատավորին զրպարտելու առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: Արտակ Գալստյանն, ով դատավորների վերաբերյալ Ֆեյսբուքում գրառում է կատարել, գործի շրջանակներում ցուցունք է տվել և հայտնել, որ Ֆեյսբուքում իր տեղադրված տեղեկետվության աղբյուրը նույն սոցիալական ցանցի մեկ այլ օգտատեր է, որի տեղեկությունները սովորաբար ճշմարիտ են լինում:

Շխիմյանն ասում  է՝ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ Դավիթ Հարությունյանին պատճառվել է բարոյական վնաս, անօրինական միջամտություն է կատարվել նրա՝ սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքներին, գաղտնալսվել է նրա հեռախոսահամարը, բայց չնայած այս հանգամանքներին`ԱԱԾ-ում՝ իրենց համար անհայտ վայրում, անհայտ հանգամանքներում պահվում են ձայնագրություններ, վերծանումներ, որոնք հասանելի են կամ կարող են հասանելի լինել մի շարք անձանց:

Այսպիսով, դատարան ներկայացված բողոքով՝ դատավորը պահանջում է վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել գործից դուրս բերել իր վերաբերվող վերծանումների և գաղտնալսումների արդյունքները՝ քրեական գործում կամ վարույթում չթողնելով նաև որևէ պատճեն, հայտնել, թե մինչ այս պահը ո՞ւմ է հասանելի եղել նշված տեղեկատվությունը, ինչպես արդեն վերը, նշեցինք գրավոր հաստատել 2019 թվականի մայիսի 22-ի «հեռախոսային  խոսակցությունների վերահսկում» հետախուզական միջոցառումն իրականացնելու միջնորդության թույլտվությունը բավարարելու և հուլիսի 16-ին հեռախոսային խոսակցությունների վերծանումներ ստանալու միջնորդությունը բավարարելու որոշումներից զատ այլ որոշումների բացակայության հանգամանքը, գործով քննիչին հեռացնել վարույթից՝ կանխակալ վերաբերմունքի հիմքով, ճանաչել դատավորի սահմանադրական իրավունքների խախտումը, ինչպես նաև ներողություն խնդրել դատավորից՝ համաձայն այն ընթացակարգի, որով վարույթն իրականացնող մարմինը ներողություն է խնդրում արդարացվածից:

Դատավոր Դավիթ Հարությունյանը բողոքով պնդում է, որ, փաստորեն, վարույթն իրականացնող մարմինը ապօրինի տիրացել է իր հեռախոսային խոսակցությունների մասին տեղեկատվությանը, որոնք օգտագործվել չեն կարող՝ անկախ դրանց բովանդակությունից, ուստի ԱԱԾ-ն դրանք իր մոտ պահելու իրավունք չունի: Դատավորը հարց է բարձրացնում՝ այժմ ո՞ւմ մոտ են այդ թղթերը, ինչո՞ւ պետք է դատախազը, ով, գուցե վաղը մեկ այլ գործով դատավորի վարույթում գործ ունենա, իր մոտ պահի այդ թղթերը:

Պաշտպան Շխիմյան օրինակ է բերում՝ երբ խուզարկության ժամանակ անձից համակարգիչ են առգրավում, ապա խուզարկությամբ ձեռք բերված ապացուցներն անթույլատրելի են ճանաչվում, համակարգիչը վերադարձվում է անձին, նույնը նաև ոչ գույքային արժեքի, տվյալ դեպքում՝ դատավորի հեռախոսային խոսակցություների և վերծանումների դեպքում է:

Դատավոր Հարությունյանը  հավատում է քննիչ Երիցյանի ու դատախազ Արամյանի բարեխղճությանը, բայց այնուամենայիվ իրավական խնդիր է տեսնում այստեղ, ասում է՝ գուցե դատախազը կամ քննիչը որևէ դեպքում իր հեռախոսազանգերի բովանդակությունը, ինչպիսին էլ դրանք լինեն, չեն հանրայնացնի, բայց չկա երախշիք այն մասին, որ Երիցյանը միշտ քննիչ է լինելու, իսկ Արամյանը՝ դատախազ, հետևաբար գուցե Դատախազության կամ ԱԱԾ-ի մեկ այլ պաշտոնատար անձ հայտնվի, որը բարեխիղճ չի գտնվի և իրեն կասի, որ գիտի, թե ընկերների  հետ ինչ հումորներ է  անում, ինչ անեկդոտներ է պատմում նրանց և, որպեսզի դրանք հավաստող ձայնագրությունները չհայտնվեն համացանցում, Հարությունյանը պետք է նրա ցանկացած որոշումը կայացնի՝ այսպիսով ազդելով դատավորի անկախության վրա:

Ինչ վերաբերում է դատավորից ներողություն խնդրելու պահանջին, դրա իրավական հիմնավորումը հետևյալն է. դատավորին գաղտնալսելու որոշման մեջ կոնկրետ նշում է եղել, որ «ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ դատավոր Դավիթ Հարությունյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և ունենալով պաշտոնից բխող հեղինակություն, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով, միջամտել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող, Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացքին»։ Այսինքն՝ դատավորը մատնանշվել է որպես հանցանք կատարած անձի կամ հանցանք կատարելու մեջ կասկածվողի և նկատի ունենալով, որ այս պահին վերջինս ոչ թե հանցագործության կատարման մեջ է մեղադրվում, այլ գործով տուժողի կարգավիճակ ունի, բողոքաբեր կողմը եզրահանգում է, որ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող դատավորն այժմ արդարացվածի կարգավիճակ ունի, իսկ վարույթն իրականացնող մարմինն օրենքով պարտավոր է ներողություն խնդրել արդարացվածից:

Նշենք, որ դատավոր Վաչե Մարգարյանը դեռևս գործով որոշում չի կայացրել դատավորի բողոքի քննությունը դեռևս շարունակվում է:

Լուսանկարում՝ դատավոր Դավիթ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter