HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ այլընտրանք ունի Երևանի «Արմենալ» գործարանը ԱՄՆ-ի սահմանած նոր տուրքերից շատ չտուժելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգները հինգ երկրից ալյումինի ներմուծման նոր հակադեմպինգային տուրքեր է սահմանել: Հայաստանն այդ երկրների ցանկում է: «Հետք»-ը պարզել է, թե որքանով է Հայաստանում  ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը կախված ամերիկյան շուկայից, և թե այլընտրանքային ինչ ուղղություններ ունի Հայաստանում փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող միակ գործարանը՝ «Արմենալ»-ը, որոնց շնորհիվ կարող է մասամբ խուսափել նոր տուրքերի հետևանքով առաջացող հնարավոր վնասներից:

Նոր տուրքերի հարցը քննարկվում է դեռևս 2020 թվականից

2021 թվականի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի առևտրի դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որ որոշում է կայացվել  հակադեմպինգային լրացուցիչ տուրքեր սահմանել  Հայաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Օմանից ու Թուրքիայից ներմուծվող ալյումինե նրբաթիթեղի համար, որի արդյունքում կբարձրանան նշված երկրներից ԱՄՆ արտահանվող ալյումինե նրբաթիթեղի գները: Սահմանվել են հետևյալ չափի տուրքեր.

  • Հայաստան - 29.11%
  • Բրազիլիա - 13.93-63.05%
  • Օման - 5.82%
  • Ռուսաստան - 62.18%
  • Թուրքիա - 4.88%

Ըստ ամերիկյան կողմի՝ այս տուրքերը սահմանվել են ամերիկյան տեղական արտադրողներին պաշտպանելու համար: Դեռևս 2020 թվականի սեպտեմբերին արտադրողները պետությանը բողոքել են, որ ԱՄՆ-ում նշված երկրներից ներմուծվող ալյումինն ավելի էժան գնով է վաճառվում, քան ամերիկյան արտադրության ալյումինն է: Կասկածներ են հայտնվել, որ երբեմն դրանք վաճառվում են ինքնարժեքին մոտ կամ նույնիսկ դրանից ցածր գնով և առաջարկվել էր ներմուծման համար լրացուցիչ տուրքեր սահմանել ու արդյունքում բարձրացնել այս երկրների կողմից մատակարարվող և ԱՄՆ-ում վաճառվող ալյումինե նրբաթիթեղի գինը: Ալյումին արտադրողների ասոցիացիան դիմել է Կառավարությանը, որն էլ հետաքննություն է սկսել:

2020 թվականի նոյեմբերին քննող հանձնաժողովը եզրահանգել է, որ ամերիկյան տնտեսությանը վնաս է հասցվել Ռուսաստանից, Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից ու Թուրքիայից ալյումինե նրբաթիթեղի ներմուծման արդյունքում: Եվ 2021 թվականի սեպտեմբերին արդեն հայտարարվեց լրացուցիչ տուրքեր սահմանելու մտադրության մասին:

Տուրքերը վերջնական պետք է հաստատվեն մինչև այս տարվա նոյեմբերի կես: Դատելով ամերիկյան պարբերականների հրապարակումներից՝ ԱՄՆ-ն մտադիր չէ որևէ փոփոխություն անել մինչև վերջնական հաստատումը, և տուրքերը կհաստատվեն այն տեսքով, ինչպես ներկայացվել է:

Ռուսաստանում ալյումինի խոշորագույն արտադրողը, որը նաև աշխարհի մասշտաբով է խոշորներից, «Ռուսալ» ընկերությունն է, որը զգալի կարող է տուժել այս որոշման արդյունքում:

Հայաստանում ևս արտադրողը «Ռուսալ»-ն է՝ ի դեմս «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ դուստր ձեռնարկության: Ընկերությանը պատկանող Երևանի «Արմենալ» գործարանը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։

«Արմենալ»-ը ստեղծվել է 2000 թվականին «Քանաքեռի ալյումինի գործարանի»-ի հիմքի վրա։ Ըստ Rusal-ի պաշտոնական կայքի՝ Երևանի «Արմենալը» հանդիսանում է ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։

Հայաստանում արտադրված ալյումինե նրբաթիթեղի ամենամեծ գնորդը ԱՄՆ-ն և Գերմանիան են

Հայաստանում արտադրված ալյումինե նրբաթիթեղը գրեթե ամբողջությամբ արտահանվում է: Տեղական արտադրությունն այնքան մեծ կախում չունի ամերիկյան շուկայից, որքան հաճախ ներկայացվում է: Չնայած, որ արտադրված ալյումինե նրբաթիթեղի մոտ մեկ երրորդն արտահանվում է ԱՄՆ, և դա կարող է իսկապես բացասական ազդեցություն ունենալ «Արմենալ» գործարանի աշխատանքների վրա, սակայն մյուս կողմից էլ կան այլընտրանքային շուկաներ՝ հիմնականում եվրոպական երկրները:

Եթե դեպի ԱՄՆ արտահանելը դառնա ոչ շահավետ, Հայաստանը կարող է մեծացնել դեպի մյուս շուկաներ արտահանումները՝ հաշվի առնելով, որ թե ՛ եվրոպական, թե ՛ այլ շուկաներում ալյումինի պահանջարկը կայուն է:

Հայկական ալյումինի ամենախոշոր գնորդները Գերմանիան և ԱՄՆ-ն են: Ալյումին է արտահանվում նաև Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Ավստրիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն և այլուր:

Որպեսզի պատկերն ավելի ընդգրկուն լինի, ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում վերցրել ենք 2020 թվականի տարեկան տվյալները:

2020 թվականին Հայաստանից արտահանվել է 35 167 տոննա ալյումինե նրբաթիթեղ՝ մոտ 95 մլն դոլար մաքսային արժեքով: 2019 թվականի համեմատ արտահանման քանակն աճել է 8%-ով, իսկ արժեքը՝ նվազել է 0.4%-ով:

Նշենք, որ Հայաստանում արտադրված ալյումինե նրբաթիթեղը գրեթե ամբողջությամբ արտահանվում է: 2020-ին արտադրվել է 35 481 տոննա:

Ըստ արժեքի՝ արտահանված ալյումինի 34%-ը առաքվել է ԱՄՆ, 30%-ը՝ Գերմանիա: Առաջին հնգյակում այս երկու երկրին հաջորդում են Լեհաստանը (10%), Նիդերլանդները (8%) և Իտալիան (4%): Ըստ քանակի ևս արտահանման ուղղությունները գրեթե նույն կշիռներն ունեն: 

Ալյումինե նրբաթիթեղը Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում է: 2020 թվականի տվյալներով՝ ալյումինե նրբաթիթեղը Հայաստանի արտահանման կազմում 7-րդն է՝ պղնձից, ոսկուց, սիգարետից, կոնյակից, մոլիբդենի խտանյութից ու ֆեռոմոլիբդենից հետո:

Ինչ վերաբերում է այս տարվան, 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 17 150 տոննա ալյումինե նրբաթիթեղ, որի մաքսային արժեքը կազմել է մոտ 55 մլն դոլար: 2020 թվականի համեմատ արտահանված նրբաթիթեղի քանակը նվազել է 128 տոննայով կամ 0.7%-ով: Մինչդեռ մաքսային արժեքն աճել է 9 մլն դոլարով կամ մոտ 20%-ով, ինչը նշանակում է, որ այս տարի ալյումինն ավելի թանկ գնով է արտահանվել, քան նախորդ տարի:

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն նաև Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում է: Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել 1 մլրդ 679 մլն դրամի հարկեր, որը 2019 թվականի համեմատ նվազել է 13.8%-ով:

Ալյումինե նրբաթիթեղը Հայաստանից ԱՄՆ արտահանման կազմում էական դեր ունի: 2020 թվականին Հայաստանից ԱՄՆ է արտահանվել մոտ 68 մլն դոլարի ապրանք, որի 48%-ը կամ 32.5 մլն դոլարը միայն ալյումինե նրբաթիթեղն է: Նման մեծ կշիռը ենթադրում է, որ եթե Հայաստանը դադարի ԱՄՆ-ին փայլաթիթեղ մատակարարել, դրա արդյունքում էապես կկրճատվի Հայաստան-ԱՄՆ առևտուրը:

«Արմենալ»-ը չի մեկնաբանում ԱՄՆ-ի քայլը. պետությունն անելիք ունի 

«Արմենալ» գործարանի ղեկավարությունը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը: Գործարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս փուլում առայժմ որևէ մեկնաբանություն չեն կարող տալ:

Միայն նշում են, որ սա ոչ միայն «Ռուսալ Արմենալ»-ի համար պետք է մտահոգության առիթ լինի, այլև՝ պետական մարմինների, հատկապես՝ Էկոնոմիկայի նախարարության:

«Տուրքերը սահմանվել են ոչ թե կոնկրետ «Արմենալ» գործարանի համար, այլ՝ ընդհանուր Հայաստանի: Պարզապես «Արմենալ»-ը հիմա բացառիկ է այս ոլորտում և ստացվել է, որ կոնկրետ մեզ է ուղղվում, բայց պետությունն այստեղ անելիք ունի»,- մեզ հետ զրույցում նշեց  Ալեքսանդր Մելքումյանը:

Նշենք, որ այս թեմայով դիմել ենք նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ հասկանալու արդյոք ամերիկյան կողմի հետ բանակցե՞լ են տուրքերի սահմանման հարցում և արդյոք դեռ հնարավո՞ր է նվազեցնել դրանք: Նախարարի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն տարբեր երկրների համար տարբեր տուրքեր է սահմանել ալյումինե նրբաթիթեղի ներմուծման համար: Հաշվարկները հիմնվել են ներմուծման ծավալների, ապրանքի ինքնարժեքի և այլ գործոնների վրա: Արդյունքում ստացվել է, որ Թուրքիայի, Բրազիլիայի և Օմանի համար ավելի ցածր տուրքեր են որոշվել, քան Հայաստանի համար: Իսկ ամենաբարձր տուրքը սահմանվել է Ռուսաստանի համար:

ՄԱԿ-ի առևտրի բազայի տվյալներով (comtrade.un.org)` 2020 թվականին Միացյալ Նահանգները 1 մլրդ 114 մլն դոլարի ալյումինե նրբաթիթեղ է ներմուծել մոտ վեց տասնյակ երկրից: Հայաստանի կշիռը ԱՄՆ ներմուծվող փայլաթիթեղի ծավալում ընդամենը 3% է: Ամենամեծ կշիռն ունեն Չինաստանը (մոտ 16%), Գերմանիան (12.5%) և Կորեան (11%): Ռուսաստանի կշիռը 4.5% է: 

Դառը փորձը՝ Դերիպասկայի մասնակցությամբ

Հայաստանում և հատկապես Ռուսաստանում ալյումինե նրբաթիթեղի շուկան նախկինում ևս վնասներ է կրել ԱՄՆ-ի ընդունած որոշումների արդյունքում:

2018 թվականի ապրիլին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի և այլ հայտնի գործարարների, պաշտոնյաների ու ընկերությունների դեմ: Այդ ժամանակ արգելափակվեցին ռուս օլիգարխների բոլոր այն միջոցները, որոնք գտնվում էին ամերիկյան կողմի իրավասության ներքո: ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվեց որևէ գործունեություն ծավալել պատժամիջոցների ենթարկված կառույցների կամ անձանց հետ:

Այդ քայլը ԱՄՆ-ն բացատրեց նրանով, որ Ռուսաստանի կառավարությունն ու պաշտոնյաները ներգրավված են աշխարհում կատարվող թշնամական գործողությունների մեջ, ինչպես Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին աջակցությունը, ռուսական կիբերհարձակումների իրականացումը, Ղրիմի հարցը և այլն: ԱՄՆ-ն համարում էր, որ այս եղանակով կարող է հասնել նրան, որ ռուսական վերնախավը օգտագործի իր ազդեցությունը Ռուսաստանի «ապակառուցողական» գործունեության դադարեցման ուղղությամբ:

Դերիպասկայի նկատմամբ պատժամիջոցները մեղմացվեցին 2019 թվականի հունվարին միայն այն բանից հետո, երբ ալյումինային հսկա «Ռուսալ», դրա մայր ընկերություն «En+» և «ԵվրոՍիբԷներգո» ընկերություններում կրճատվեց Դերիպասկային պատկանող ուղղակի և անուղղակի բաժնետոմսերի քանակը (մնաց 50%-ից քիչ), և ընկերությունների նկատմամբ նրա վերահսկողությունը դադարեցվեց:  Իսկ մինչ այդ, Դերիպասկային պատկանող ընկերությունները զգալի կորուստներ են գրանցել: Նշված ընկերությունները դուրս եկան պատժամիջոցների ցանկից, բայց Դերիպասկայի անունը շարունակեց մնալ այդ ցանկում:

2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը հրապարակեց հոդված, որում, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Դերիպասկան շարունակում է վերահսկել նշված ընկերությունները և դրանց վրա մեծ ազդեցություն ունի: «Ռուսալ»-ից էլ շտապեցին հերքել այդ տեղեկությունները:

Պատժամիջոցների հետևանքով տուժեց նաև Երևանի «Արմենալ»-ը: Մի քանի ամսով արգելվեց ալյումինե նրբաթիթեղի արտահանումը Հայաստանից ԱՄՆ, որի հետևանքով մոտ 15%-ով կրճատվեց և արտադրությունը, և արտահանումը: «Ռուսալ Արմենալ»-ի հարկերը ևս նվազեցին:

Ներկայում ևս ԱՄՆ-ում քննարկվում է ինչպես Օլեգ Դերիպասկայի, այնպես էլ 35 ռուս պաշտոնյայի ու գործարարի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը` ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ քրեական հետապնդման մեջ ներգրավված լինելու համար: Այդ մասին որոշում առայժմ չկա:

Ինչ վերաբերում է հակադեմպինգային տուրքեր սահմանելու վերջին որոշմանը, ինչպես պնդում է ամերիկյան կողմը, այդ որոշումը ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական բնույթ ունի և միայն տեղական արտադրողներին պաշտպանելու համար է: 

Գլխավոր լուսանկարը «Հետք»-ին է տրամադրել «Ռուսալ-Արմենալ»-ը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter