
Դատարանը քննում է Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննում է «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը հայտնեց, որ այս քրեական գործն առնչություն չունի Գալստյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող նախորդ քրեական գործի հետ:
Նշենք, որ նոր գործի վերաբերյալ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը կասկածվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:
Նրանք երեկվանից ձերբակալված են, և ԱԱԾ քննիչը երկուսին էլ մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դավիթ Գալստյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործով, որով Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, վերջինս կրկին մեղադրվում է ՊՆ-ից խոշոր չափով հափշտակություն կատարելու մեջ:
Մեկնաբանել