HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեին

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեին:

Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը:

Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել են Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության և  Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղման հարցերը: Վահրամ Դումանյանը վերահաստատել է Հայաստանի լիարժեք աջակցությունն առաքելության իրականացմանը:

Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը, և կարևորվել են մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, մասնավորապես՝ հակամարտությունից տուժած գոտիներում: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում է գտնվել Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող փորձագետների պատվիրակությունը՝ Քաղդեական եկեղեցու, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ, և հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը կարող է լավագույն փորձի փոխանակման միջոցով իր նպաստը բերել համաշխարհային մշակույթի պահպանման կարևոր գործում։

Նախարարությունը հայտնում է, որ արծարծվել են նաև ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման հնարավորությունները և մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգների գնահատման ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հակազդման ստորաբաժանման հետ իրականացվող ծրագիրը, Հայաստանի համաշխարհային ժառանգության նախնական ցանկի վերանայման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի մշակութային քաղաքականության վերանայման շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրումը։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Էռնեստո Օտտոնեին շնորհակալություն է հայտնել նաև մասնակցության ծրագրի շրջանակում ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ ևս Հայաստանի ու ՅՈՒԵՆՍԿՕ-ի միջև համագործակցությունը կլինի շարունակական: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter