HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանը Հայաստանում ներդրումներ անելու ծրագրեր ունի․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարներին։ Այս մասին այսօր հայտարարել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի այն տեղեկությանը, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։ Այդ համատեքստում, դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու համար։

Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական նիստերի երկարաձգման հետ կապված խնդիրները, որոնց առնչությամբ Կարեն Անդրեասյանը  տեղեկացրել է, որ թիվ մեկ անելիքներից ու այս պահին այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից է դատական համակարգի բարեփոխման հարցը, այդ թվում՝ ուղղված նաև բարձրացված խնդրի լուծմանը։ Այդ համատեքստում նախարարը նաև իրանական փորձն  ուսումնասիրելու ու իրանցի գործընկերոջ հետ առաջիկայում հանդիպելու ցանկություն է հայտնել։

Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter