HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան դեպքերն աճել են 57,3%-ով․ քննարկում գլխավոր դատախազությունում

Գլխավոր դատախազությունում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների, ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ համալիր պայքարի հիմնահարցերի քննարկման նպատակով: 

Դատախազության փոխանցմամբ՝ քննարկվել են ՃՏՊ և ՃԵԿ հանցավոր խախտումների ընդհանուր վիճակը, կանխարգելիչ միջոցառումների, պատժողական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջև համագործակցության երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները, նաև՝ ՃԵԿ խախտումների կապակցությամբ իրականացվող նախնական քննությունների արդյունավետությանն առնչվող հարցեր: 

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը մտահոգություն է հայտնել ՃՏՊ-ների, դրանց ողբերգական հետևանքներով դեպքերի աճի միտումների կապակցությամբ: Ըստ նրա՝ ճանապարհային անվտանգության երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության կատարման համատեքստում խիստ անհրաժեշտ է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով բոլոր պատկան մարմինների սերտ գործակցությունը՝ ըստ գործառույթների ու պարտականությունների: 

Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2021թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործության 735 դեպք, ինչը 176-ով կամ 31,5%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած դեպքերի թվից։ 57,3%-ով աճել է նման խախտումների հետևանքով մահվան դեպքերը (2020թ.առաջին կիսամյակում՝ 75 դեպք, 2021թ.՝ 118)։ Ըստ մարզերի, ընդհուպ համայնքների, կոնկրետ ճանապարհների և իրավասու մարմինների գործառույթների՝ վերլուծվել են դեպքերի աճին նպաստող պատճառները, նպաստող պայմանները, դրանց վերացման հնարավոր միջոցները:

Անդրադառնալով դրանց՝ որպես առկա խնդիրների լուծման մեխանիզմներ, խորհրդակցության մասնակիցների կողմից կարևորվել է հաշվառումից հանված, սակայն չխոտանված, փաստացի պարտադիր տեխզննում չանցնող և երթևեկության հետ անհամատեղելի անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների՝ երթևեկությանը մասնակից դառնալը բացառելու, հանրապետությունում ՃԵ կանոնների միասնական կիրառման և դրա նկատմամբ կենտրոնացված վերահսկողության իրականացման, երթևեկության անվտանգությունից բխող ճանապարհաշինարարական նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացման և այդ նպատակներով  համապատասխան իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությունը: 

Ինչպես հայտնում են դատախազությունից, շեշտվել է միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհներին ՃՈ կարգախմբերի բաշխումը և ծառայությունն ըստ արձանագրվող միջադեպերի քարտեզագրման իրականացնելու, ուժեղացնելու, ավտովթարների համար ռիսկային հատվածները, շրջանցիկ ճանապարհային գոտիները նախազգուշացնող երթևեկության նշաններով կահավորելու խնդիրը: Նկատի ունենալով, որ ավտովթարների, վրաերթերի զգալի մասը կատարվում է գիշերային ժամերին և խաչմերուկներում, քննարկվել է առնվազն այդ հատվածներում համայնքային մարմինների, տնտեսվարող սուբյեկտիների հետ գործակցությամբ լուսավորության ապահովման, այդ նպատակով նաև օրենսդրական որոշակի կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը:  

Առավել լուրջ խնդիրներից է համարվել ծանր հետևանքներով ավտոպատահարներին ամենաշատը նպաստող երկու հիմնական գործոնների՝ տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհային գծանշումները ձևախեղելու, երթևեկության նշանների ցուցանակները գողանալու դրսևորումները: Քննարկվել են դրանց դեմ պայքարի միջոցների խստացման տարբերակները:

Մեծ ուշադրություն է դարձվել երթևեկության մասնակիցների պատասխանատու վարքի և իրավագիտակցության ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ հանրային իրազեկման լայն գործիքակազմի կիրառմանը, դպրոցներում երթևեկության և դրա կանոնների վերաբերյալ առարկայական կամ լրացուցիչ դասաժամերի հատկացման հեռանկարներին: 

Առանձին քննարկվել են նաև ՃՏՊ-ների, հատկապես մահվան ելքով դեպքերի քննությունների որակի և արդյունավետության հարցերը: Խնդիր է դրվել առանձնահատուկ հետևողականություն դրսևորել հանցագործությունները, դրանք կատարող անձանց տաք հետքերով բացահայտելու նպատակով իրականացվող քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արագության և լիարժեքության ապահովման հարցում: 

Նախանշված աշխատանքների իրականացման ընթացքը, գործնական արդյունքները քննարկելու և առաջ շարժվելու նպատակով որոշվել է առաջիկայում հաճախակի դարձնել նման խորհրդակցությունների անցկացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter