HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մկնդեղը դառնում է իրական սպառնալիք Արմանիսի և Ուրասարի բնակիչների համար

Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող ՀԿ-ն հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ միասին ներկայացրել են 2021-ին իրականացրած հետազոտության առաջին արդյունքները՝ կապված մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցության հետ։ 

Ըստ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի՝ արդյունքները ստացվել են Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և արդյունաբերական թափոնների լցակույտերի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծություններից:

«Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը և արդյունաբերական թափոնների լցակույտերը հանքարդյունաբերական «Սագամար» ՓԲԸ-ի ենթակառուցվածքների օբյեկտներն են: Այս օբյեկտներից արտահոսքերն անխոչընդոտ տարածվում են շրջակա միջավայրում, լցվում Չքնաղ գետը, տեղի բնակիչների դաշտերն ու տնամերձ հողերը, տարածվում քամու հետ, փոշու հետ ներթափանցում տներ: Արդեն հայտնի են սենյակային փոշու, հողի և գետի նստվածքներում քիմիական նյութերի պարունակության վերաբերյալ վերլուծությունների արդյունքները:

Հողի մեջ հայտնաբերված ծանր մետաղների կոնցենտրացիաները համեմատվել են ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն «Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ 2.1.7.003-10» հրամանում հաստատված ստանդարտների հետ:

Մկնդեղ (As). Ուրասարում և Արմանիսում վերցված հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան 3-ից 8 անգամ գերազանցել է հողի համար սահմանված առավելագույն կոնցենտրացիան` 2 մգ/կգ: Մկնդեղ հայտնաբերվել է նաև Ուրասարի տարածքում գտնվող Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում, որտեղ մկնդեղի կոնցենտրացիան կազմել է 28 մգ/կգ կամ նորմայից 14 անգամ բարձր:

Քրոմ (Cr). Արմանիսում հողի բոլոր նմուշներում քրոմի կոնցենտրացիան ավելի քան 10 անգամ գերազանցում է հողի համար ՍԹԿ-ն` 6 մգ/կգ:

«Հատկանշական է, որ հողում և գետի նստվածքներում քրոմի ցուցանիշները միջինում 2 անգամ գերազանցում են 2018թ-ին Ախթալայում, Թեղուտում և Ալավերդիում քրոմով աղտոտվածության նախկինում ուսումնասիրված ցուցանիշները», - նշում է «Առնիկա»-ից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն:

Պղինձ (Cu). Պղնձի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել Ուրասարում և Արմանիսում հողի, գետի նստվածքների և փոշու բոլոր փորձանմուշներում: Պղնձի կոնցենտրացիան հողում ավելի քան 20 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն՝ 3 մգ/կգ:

Նիկել (Ni). Նիկելի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել Ուրասարից և Արմանիսից վերցված հողի, գետի նստվածքների և փոշու բոլոր փորձանմուշներում: Նիկելի կոնցենտրացիան հողում ավելի քան 10 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն`4 մգ/կգ:

Կապար (Pb). Ուրասարից և Արմանիսից վերցված հողի, գետի նստվածքների և փոշու փորձանմուշների արդյունքները ցույց տվեցին նաև կապարի կոնցենտրացիայի տարածվածություն: Հողում կապարի կոնցենտրացիան գերազանցել էր ՍԹԿ-ն վերցված 4 նմուշներից 3-ում`1,5-3 անգամ:

Ցինկ (Zn). Արդյունքները ցույց են տվել ցինկի բարձր կոնցենտրացիաներ հողի, գետերի նստվածքների ու փոշու փորձանմուշներում՝ վերցված Ուրասարում և Արմանիսում: Հողում ցինկի կոնցենտրացիայի ՍԹԿ-ն գերազանցում է 10-20 անգամ՝ 23 մգ/կգ:

Կադմիում (Cd) և մոլիբդեն (Mo). Վերցված բոլոր նմուշներում հայտնաբերվել է կադմիում և մոլիբդեն: Այնուամենայնիվ, նորմերի գերազանցման մասին դեռևս դժվար է խոսել, քանի սանիտարական կանոնների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանում այս տարրերի վերաբերյալ ցուցանիշ չկա, որպեսզի արվի համեմատություն, հետևաբար, անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային չափանիշները:

Այս նույն մետաղները նորմային մոտ կոնցենտրացիաներով հայտնաբերվել են նաև տեղի բնակիչներից վերցված կենսանյութերում: Հայտնաբերված մետաղները պարունակվում են նաև Արմանիսի հանքաքավայրի հանքանյութի մեջ, որը ոսկու, արծաթի և այլ գունավոր և թանկարժեք մետաղների արդյունահանումից հետո դառնում է աղտոտման աղբյուր»,- նշված է հաղորդագրությունում։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը հայտնում է, որ Լոռու մարզում հայտնաբերվել է ևս մեկ տարածք, որտեղ մկնդեղը և այլ թունավոր տարրերն իրական սպառնալիք են ներկայացնում այնտեղ բնակվող մարդկանց, նրանց գյուղատնտեսական գործունեության և զարգացման համար։

Մեկնաբանություններ (1)

Սուրեն
Բարև ձեզ հարգելիներս։ Արմանիսի օդը և բնությունը աղտոտեցին, իսկ հիմա հերթը հասավ Ուռուտ գյուղին։ Խնդրում ենք ամբողջ համայնքով, պաշտպանեք ժողովրդի շահերը։ Կսպանեն ժողովրդին և կոչնչացնեն մեր չքնաղ բնությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter