
Էրդողանն առաջիկայում կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան։ Այս մասին Էրդողանը հայտարարել է ուրբաթ՝ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանին իր ելույթի ժամանակ։
Ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին՝ նշելով, որ իրենք կիսել են ադրբեջանցիների հետ ուրախությունը։ «Ադրբեջանցի եղբայրների հետ մենք կիսել ենք ուրախությունը։ Առաջիկա շաբաթների ընթացքում մենք նորից կհանդիպենք նրանց հետ»,- նշել է Էրդողանը։ Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որոշ երկրներ ակնհայտ թշնամական վերաբերմունք են ունեցել Ադրբեջանի, հետևապես նաև՝ Թուրքիայի նկատմամբ։
«Մենք երբեք չենք մոռանա բացահայտ թշնամական վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ»,- հավելել է Էրդողանը։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը կմասնակցի Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի պաշտոնական բացման արարողությանը։ Օդանավակայանում առաջին փորձնական թռիչքը կայացել էր այս տարվա սեպտեմբերի 5-ին։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել