HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին

Վրաստանում ձերբակալվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ես ցանկանում եմ հայտնել մեր հանրությանը, որ Վրաստանի երրորդ նախագահ, հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է»,- նշել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ վրացական իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ են ունեցել նրա գտնվելու վայրի մասին՝ սկսած Ուկրաինայից, մինչև Վրաստան։ Ղարիբաշվիլին չի հստակեցրել, թե որտեղ է ձերբակալվել Վրաստանի նախկին նախագահը։ Վերջինիս պնդմամբ՝ ուժայինները ձերբակալումն իրականացրել են ամենաբարձր մակարդակով։ 

Ուրբաթ՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան, Սաակաշվիլին հրապարակել էր երկու տեսաուղերձ, որտեղ պնդում էր, որ գտնվում է Բաթումում։ Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հերքել էր այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչը չի հատել վրացական սահմանը։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ նախկին նախագահը գտնվում է հետախուզման մեջ և հենց հայտնվի Վրաստանի տարածքում, նրան կձերբակալեն։

Ավելի ուշ, տարածվել է ձերբակալված Սաակաշվիլիի տեղափոխման տեսանյութը։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մուրման Դումբաձեն հաստատել էր Սաակաշվիլիի վերադարձի լուրը, սակայն չէր նշել, թե ինչպես է նա հատել սահմանը։ Սաակաշվիլիի ուկրաինական գրասենյակում նշել էին, որ վերջինս Կիևը լքել է նախորդ գիշեր և գտնվում է Վրաստանում։ 

«Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Գիվի Միկանաձեն Սաակաշվիլիի տարածած կադրերն անվանել էր կեղծ և «հերթական կրկեսային ներկայացում»։ Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեն էլ հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահը գտնվում է Ուկրաինայի Տրուսկավեց հանգստավայրում։ Ավելի ուշ, Ուկրաինայի իշխանությունները հերքել էին այս լուրը։ 

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին։ Նրա նկատմամբ այդ երկրում հարուցվել է 4 քրեական գործ։ Նա մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության բողոքի ցույցը բռնի կերպով ցրելու նպատակով ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ։ Բացի այդ, Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրում է նրանում, որ վերջինիս հրամանով պաշտոնատար անձինք Բադրի Պատարկացիշվիլիից ապօրինաբար վերցրել են Imedi հեռուստաընկերությունը։

2014 թվականի ամռանը Վրաստանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել Սաակաշվիլիին՝ 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Դատախազության տվյալներով՝ Սաակաշվիլին որոշել էր պատգամավորին պատժի ենթարկել՝ թերթերից մեկում վերջինիս արտահայտած մտքերի համար։ Սաակաշվիլին նաև մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ՝ 2006 թվականին Սանդրո Գիրգվլիանիի սպանության աղմկահարույց գործի կապակցությամբ:

Քաղաքական գործիչը բնակվում էր Ուկրաինայում, որտեղ որոշ ժամանակ զբաղեցնում էր Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ 2015 թվականի մայիսին նա ստացել էր ուկրաինական քաղաքացիություն, իսկ 2017 թվականի հուլիսին Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով՝ զրկվել դրանից։ Այդ ժամանակ Սաակաշվիլին գտնվում էր ԱՄՆ-ում։ Ուկրաինական անձնագիրը նրան վերադարձրեց նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, որից հետո Սաակաշվիլին դարձյալ վերադարձավ Ուկրաինա։

Լուսանկարը՝ AFP 2021 / JOHN THYS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter