HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավորները էթիկայի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրեցին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել՝ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող  անդամի ընտրության հարցով: Շուրջ 4 ժամ տևած ժողովից հետո պարզ դարձավ, որ դատավորների մեծամասնությունը ձայնը տվել է թեկնածուներից Հարություն Հարությունյանին: 

Նշենք, որ այս պահին Հայաստանում 234 դատավոր կա: Այսօրվա նիտին ներկա է եղել  164-ը, որոնցից 133-ը քվեարկել են Հարությունյանի օգտին:

Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող  անդամի թեկնածուներին առաջադրում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հարություն Հարությունյանի թեկնածությունն առաջադրել էր «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» ՀԿ-ի նախագահ Մարտուն Փանոսյանը:

Մինչև ժողովի մեկնարկը և դրա ավարտից հետո դատավորները պատասխանեցին դատական համակարգի վերաբերյալ լրագրողների հարցերին:

Հարցերի առանցքում դատավորների նկատմամբ ճնշման փորձերը, նրանց վերաբերյալ կարգապահական վարույթները և դատավորներին գաղտնալսելու հարցերն էին:

«Աշխատում եմ այնպես, ինչպես աշխատել եմ»․ Արշակ Վարդանյան

Խոսելով դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասին` դատավոր Արշակ Վարդանյանը հիշեցրեց սեպտեմբերի 22-ին  GRECO-ի  (Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմին) զեկույցը, որում կառույցը դիրքորոշում է հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարը չպետք է ունենա այդ գործիքակազմը՝ դատավորների նկատմամբ նյութական, դատավարական խախտման ենթադրյալ դեպքերով վարույթ հարուցելու: 

«Էթիկայի հարցերի դեպքում ինչ-որ տեղ կարող է ընդունելի լինել, բայց նյութական, դատավարական խախտման դեպքում, կարծում եմ, այդտեղ կա արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, դատավորի անկախաթյանը միջամտելու ռիսկեր»,- ասաց Արշակ Վարդանյանը: Դատավորի խոսքն , ըստ էության, վերաբերում է կայացրած դատական ակտի համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու անթույլատրելիության խնդրին:

Անձամբ ինքը` Վարդանյանը, աշխատում է այնպես, ինչպես միշտ է աշխատել, ասում  է` կլինի որևէ պաշտոնյա, հանրային ծառայող կամ քաղաքացի, չի կարող դատավորի վրա ներազդել, եթե դատավորը նման հակումներ չունի։ 

«Իմ նկատմամբ ճնշումներ չկան և չեն կարող լինել»,- ասաց Արշակ Վարդանյանը։

ԲԴԽ-ն կարողանում է կայացնել որոշումներ, որոնք դրական են գնահատվում

Դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է` խոսում են դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելու մասին, ու իր համար ի վերջո պարզ չէ` այդ վեթինքն ի՞նչ է, լինելու է, թե՞ չի լինելու: Պապոյանն ասում է` ինքը որևէ մտավախություն չունի, անգամ՝ աշխատանքը կորցնելու: 

Դատավորը դիտարկեց,  որ իշխանությունը, որը ժողովրդի մեծամասնության հավանությանն  է արժանացել, շարունակ խոսում է դատական համակարգի վատը լինելու մասին, ինչը չի կարող չազդել դատավորների վարկանիշի վրա:

Պապոյանն այն դատավորներից է, ում նկատմամբ ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում: Վերջերս այդ քրեական գործը կասեցվել, ապա նորից վարույթը վերսկսվել է: Պապոյանն ասում է` իրեն չի հետաքրքրում, թե ինչու է կասեցվել գործը, եթե չի սխալվում, ապա վերսկսվել է Արշակ Վարդանյանի միջնորդության հիման վրա: 

«Ես ուղղակի սպասում եմ այդ քրեական գործի ավարտին, կարծում եմ որ բոլոր նրանք, ովքեր առնչվել են, ովքեր իմ սահմանադրական իրավունքը խախտել են, ոչ միայն իմ, այլ նաև իմ գործընկերների, պատասխան են տալու իրենց սխալի համար, ընդ որում՝ բոլորիդ համար պարզ է, հասկանալի է, որ գաղտնալսում ու հեռախոսային խոսակցությունների վերծանում ստանալն՝ առանց դատարանի թույլտվության, չի արվում»- ասաց Մխիթար Պապոյանը:

Լրագրողի հարցին` Պապոյանը գիտի՞, թե ովքեր են թույլատրել գաղտնալսել դատավորներին ու նրանց հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալ, նա պատասխանեց, որ գիտի, սակայն ձեռնպահ կմնա անուններ տալուց:

Նշենք, որ այս թույլտվությունները տվել են Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն ու դատավոր, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Վերջին շրջանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում` նրանց կայացրած դատական ակտերի համար: Դատավոր Պապոյանն ասում է` ինքն այդ երևույթը չի ողջունում, բայց և դատական գործեր քննելիս չի կաշկանդվում այդ հանգամանքով:

«Եթե հետևողական լինենք կտեսնենք, որ, կարծես թե, Բարձրագույն դատական խորհուրդը կարողանում է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք օբյեկտիվ իրականության մեջ դրական են գնահատվում։ Այսինքն` այնպես չէ որ դատական իշխանությունն այս պահին գտնվում է հալածյալի վիճակում, այս պահին իմ գնահատականն այսպիսին է, չգիտեմ` հետո ինչ կլինի»,- ասաց Պապոյանը:

Վերջերս ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններից համակարգիչներ են առգրավվել: ԱԱԾ-ն ասում է՝ միջամտություն է եղել գործերի բաշխման և մակագրման համակարգի նկատմամբ: Հարցին` ինչպե՞ս է դատավորը վերաբերում համակարգիչները առգրավելուն, Պապոյանը պատասխանեց՝ «ժպիտով»:

Տպավորություն է, որ դատական համակարգում այլ խնդիրներ չկան

Դատավոր Արման Հովհաննիսյանը նշեց, որ եթե կան դատավորներ, որոնք իրենց գործունեությամբ դատական համակարգը հեղինակազրկում են, թող իրավապահ համակարգն իր միջոցներով կամ Արդարադատության նախարարն իր միջոցներով փորձի լուծել այդ հարցը, բայց դատավորը դիտարկում է. «Տպավորություն է, որ դատական համակարգում այլ խնդիրներ չկան»։

Օրինակ՝ կարծես դատական համակարգում չկան լավ դատավորներ, որոնք ծանրաբեռնված աշխատում են, փորձեն նրանց ծանրաբեռնվածության հարցը լուծել, թող փորձեն դատական համակարգի այլ խնդիրներին անդրադառնալ»,- ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով,օրինակ, լավ կլինի՝ Արդարադատության նախարարն ասի, թե ինչ է մտածում դատական համակարգի հեղինակությունը բարձրացնելու, դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու մասին:

«Օրինակ՝ Արդարադատության նախարարությունն ուշադրություն դարձրե՞լ է այն հանգամանքին, որ փաստաբանական համայնքը շատ կտրուկ դիրքորոշում  է հայտնում դատական համակարգի որոշ դատավորների նկատմամբ, թե ինչու, օրինակ, եթե մի գործ մակագրվում է մեկ դատավորի, փաստաբանները սկսում են, այսպես ասած, մեկը մյուսին ցավակցել: Եթե այդ գնահատականն օբյեկտիվ է, ապա պետք է դրա դեմն առնել, եթե օբյեկտիվ չէ, այլ հարց»,- ասաց Արման Հովհաննիսյանը: Դատավորը նշեց նաև, որ  Helpcourt.am  կայքում Հայաստանի փաստաբանական  ողջ համայնքը գնահատում է Հայաստանի բոլոր դատավորներին:

«Այնտեղ կան դատավորներ, որոնք տարիներ շարունակ եղել են «մինուս անվերջություն», կան դատավորներ, որոնք մշտապես լավագույն դատավորների թվում են: Դա ինչո՞վ է պայմանավորված»,- ասաց Արման Հովհաննիսյանը՝ Արդարադատության նախարարին առաջարկելով նաև Helpcourt.am-ում դատավորների վարկանշային աղյուսակն ուսումնասիրել:

Դատավոր Զարուհի Նախշքարյանը անակնկալներ է խոստանում

Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ այս պահին երկու կարգապահական վարույթ կա հարուցված: Երկուսն էլ ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ: Դատավորը չի ցանկանում իր մարտավարությունն այժմ բացահայտել, բայց խոստանում է` անակնկալներ են լինելու: Խոսելով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների մասին` Նախշքարյանը դիտարկեց.

«Մեր նախարարը խոստանում է կարգապահական վարույթները շատացնել: Ինձ համար տարօրինակ է, որ նա համարում է, որ պետք է վարույթների քանակն ավելացնի, այլ ոչ թե որակը լավացնի` կարգապահական վարույթների հարուցման և հիմնավորվածության տեսանկյունից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter