HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը

Հոկտեմբերի 1-ին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պատոնական կայքից։

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան և անհրաժեշտ է երկուստեք ջանքերի ներդրմամբ նոր օրակարգեր ձևավորել: Սուրեն Պապիկյանն արտահայտել է կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտակրթական ոլորտներում:

 

Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ միաժամանակ շնորհավորելով Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ գործունեություն: Ներկայացնելով Հայաստանի պետական-քաղաքական տարբեր շրջանակների հետ հանդիպումների արդյունքները՝ նա շեշտել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է բազմակողմ համագործակցությամբ:

 

Ըստ կայքի տարածած հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները տարբեր բնագավառներում, ինչպես օրինակ՝ գործարարության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության մարտահրավերի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ուղղությամբ:

Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է կառավարման համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման քաղաքականությանը: Ըստ նրա՝ Հայաստանը հանձնառու է 2018թ. հեղափոխությունից ստանձնած պարտավորությանը՝ հաստատակամորեն ընթանալու աշխարհի ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ:

 

Զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնացրել է հայ-բրիտանական համագործակցության հնարավոր ուղղությունները տնտեսական ասպարեզում: Մասնավորապես նշվել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը՝ ելնելով երկկողմ համագործակցության խորացման և բիզնես ոլորտի զարգացման անհրաժեշտությունից: Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության, գիտության ու կրթության բնագավառներում նոր տեխնոլոգիաների համատեղ կիրառման հնարավորություններին:

Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ բազմակողմանի ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Նա գնահատելի է համարել Միացյալ Թագավորության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը կայուն և երկարատև խաղաղություն կբերի:

Քննարկվել է նաև Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը: Այդ համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է մարզի ճանապարհային ցանցի նորացման, համայնքների զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ վստահություն արտահայտելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ էական տեղաշարժեր են սպասվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter