HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանական զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանին. տարածաշրջանում լարվածությունն աճում է

Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Նախիջևանի հետ սահմանի մոտ, մեկնարկել են ցամաքային զորքերի «Խայբարի նվաճողները» անունը կրող զորավարժությունները։ Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ զորավարժություններին կմասնակցեն զրահատանկային զորամասեր, հրետանի, անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև ուղղաթիռներ։ Ընդ որում, անօդաչուները կօգտագործվեն տեղանքի հետախուզման համար։

Հայդարին նշել է, որ զորավարժությունների նպատակը սպառազինության և ռազմական սարքավորումների փորձարկումն է, ինչպես նաև երկրի սահմանամերձ շրջաններում բանակային ստորաբաժանումերի ստուգումը։ Նա հիշեցրել է, որ Իրանի զինված ուժերը, սահմանված ժամանակացույցին համապատասխան, պարբերաբար զորավարժություններ են իրականացնում երկրի տարբեր հատվածներում՝ սեփական զորատեսակների մարտունակության և մարտական պատրաստականության ստուգման համար։

Սոցիալական ցանցերի իրանական հատվածում տարածվել էին մեծ թվաքանակով ռազմական տեխնիկայի փոխադրման տեսանյութեր և լուսանկարներ, որոնց թիվը, ըստ որոշ փորձագետների, աննախադեպ է նմանատիպ զորավարժությունների համար։ 

Վերջին շրջանում Իրանի այդ հատվածում սրանք առաջին զորավարժությունները չեն, որոնց վերաբերյալ քիչ տեղեկատվություն կա։ Չնայած Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում էին, որ այդպիսի զորավարժություններում տարօրինակ բան չկա և ուղղված չէ որևէ երկրի դեմ, վերջին շրջանում դրանք միշտ քննադատվել են Բաքվի կողմից, ընդ որում՝ երբեմն ամենաբարձր մակարդակով։

Հոկտեմբերի 1-ին մեկնարկած զորավարժությունները դարձել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների գերլարման պատճառ և նպաստել տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ 

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ Իրանի նախորդ և ներկայիս զորավարժությունները եղել են «անսպասելի» և վերջին 30 տարվա ընթացքում կրել աննախադեպ բնույթ։

«Ինչո՞ւ հիմա։ Ինչո՞ւ հենց մեր սահմանին։ Այդ հարցերը տալիս է ադրբեջանական հասարակությունը, ոչ թե ես»,- նշել էր Ալիևը։ 

Մինչ այդ, Ադրբեջանի նախագահն իր բողոքն էր հայտնել Արցախ իրանական բեռնատարների երթևեկության հետ կապված՝ հայտարարելով, որ դրանով Թեհրանը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք, որ իրանական բեռնատարները մշտապես վառելիք են մատակարարում Արցախ։ Եվ հիմա վերահսկողություն ունենալով Կապան-Գորիս և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհների վրա՝ ադրբեջանցիները խոչընդոտներ են ստեղծում իրանցի վարորդների համար՝ պահանջելով վճարել շուրջ 130 ԱՄՆ դոլար և փորձում արգելել շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։

Սեպտեմբերի 30-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող լրագրող Հոսեյն Դալիրիանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր. 

«Պատկերացրեք, որ պատերազմ է սկսել Ադրբեջանի հետ։ Իսլամական Հանրապետությունը կարող է արձակել 1000 բալիստիկ հրթիռ և խոցել 1000 կարևոր թիրախ։ Պատերազմը կավարտվի մեկ օրում։ Եվ ժամանակ չի լինի գործի դնել մյուս զինտեխնիկան։ Ուշադրություն մի դարձրեք այդ պարծենկոտ հայտարարությունների վրա (խմբ. Ադրբեջանի պաշտոնատար անձանց)»:

Բաքուն պաշտոնապես չէր արձագանքել այս հայտարարությանը, սակայն գործի էին դրել իշխանամերձ լրատվամիջոցներին։ Հրապարակված հոդվածներում և վերլուծականներում կարմիր թելով առաջ էր քաշվում այն միտքը, որ Ադրբեջանի վրա Իրանի հարձակման դեպքում անմիջապես կխառնվեն տարածաշրջանի մյուս գերտերությունները և առաջին հերթին Թուրքիան և Իսրայելը։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Ալիևի հարցազրույցին, հայտարարել էր, որ Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից և իր սահմանների մոտ չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայություն։

«Այն դեպքում, երբ երկու երկրների հարաբերությունները լավ են և կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա ու երկու կողմերի միջև, ամենաբարձր մակարդակով, գոյություն ունեն կապի միջոցներ, արված այդ արտահայտությունները զարմանք են առաջացնում»,- նշել էր Խաթիբզադեն։ 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել էր, որ Ադրբեջանի սահմանի մոտ զինված ուժերի զորավարժությունները «կապված են ինքնիշխանության հարցի հետ և իրականացվում են ողջ տարածաշրջանում կայունության շահերից ելնելով»։ Ըստ նրա՝ Իրանը չի հանդուրժի սիոնիստական ուժերի առկայությանն իր սահմանների մոտ և այդ ուղղությամբ կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ գործողություն՝ իր ազգային անվտանգությունն ապահովելու համար։

Թե ինչու է այս համատեքստում հիշատակվում Իսրայելը, մտորումների տեղիք է տալիս։ Հավանաբար, պաշտոնական Թեհրանը նկատի ունի իսրայելական սպառազինությունը և հատկապես անօդաչու թռչող սարքերը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կազմում։ Ադրբեջանը տարիներ շարունակ ակտիվ ռազմական համագործակցություն ունի Իսրայելի հետ, իսկ Իրանի համար դա նորություն չէ։ Ուստի, այս հայտարարությունը կարող է վկայել Իրանի շուրջ լարվող թուրք-ադրբեջանա-իսրայելական հնարավոր դավադրության մասին, որի վերաբերյալ, հնարավոր է, տվյալներ ունի Թեհրանը։

Հետաքրքրականն այն է, որ իրանական սահմանների մոտ սիոնիստական ռեժիմի ներկայության բացառման մասին սեպտեմբերի 29-ին խոսել էր նաև Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը։ Չնայած նա բացահայտ չէր հիշատակել Ադրբեջանին, սակայն նշել էր, որ Իսրայելը օգնություն և աջակցություն է տրամադրում տարածաշրջանի կոնկրետ պետությունների, որպեսզի տարաձայնություններ մտցնի մուսուլմանական երկրների միջև։

«Հարևան երկրների կառավարությունները լավ գիտեն Իրանում անցկացվող զորավարժությունների պատճառների մասին»,- նշել էր Մոհամադ Պակպուրը։

Իրանին անհանգստացնում է նաև իր սահմանին Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համատեղ զորավարժությունները։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դրանց թիվն էականորեն աճել է, իսկ Թեհրանը ոչ միանշանակ է ընդունում այդ զորավարժությունների անցկացումը։ 

Լարման պատճառների թվարկումը դեռ կարելի է շարունակել, բայց թե ինչպես կավարտվի այն, հայտնի չէ։ Թերևս, բացառված է մարտական գործողությունների տարբերակը։ 

Թե՛ Բաքուն, թե՛ Անկարան հասկանում են, որ Իրանը հեշտ մրցակից չէ, իսկ Իրանն էլ իր հերթին ազդակներ է ուղարկում, որ իր կարմիր գծերից մեկը ոչ միայն տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն է՝ նկատի ունենալով Սյունիքի մարզը, այլև՝ պանթյուրքական պետության ստեղծումը, որի մասին վերջին տարիներին խոսում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով «մեկ ազգ, երկու պետություն», «մեկ ազգ, վեց պետություն» և այլ հայտնի թեզերի մասին, որոնք մեծ հաշվով չեն բխում և, ավելին, հակասում են իրանական շահերին։

Լուսանկարը՝ Iranian Army/WANA (West Asia News Agency)/Handout via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter