HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնում» պայթյունից տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի ֆերոմոլիբդենի արտադրության արտադրամասում օրերս տեղի ունեցած պայթյունը, որպես արտադրական ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյուն, Երևանում առաջինը և միակը չէ: Հիշենք թեկուզ «Նաիրիտում» ոչ վաղ անցյալում տեղի ունեցած պայթյունները, որոնցից, ցավոք, պատշաճ հետևություններ չարվեցին:

Ավելին. ապրիլի 24-ի պայթյունը, մեր ստացած տեղեկության համաձայն, ընկերութունում նմանատիպ առաջին դեպքը չէ. չնայած հիշյալ ՍՊԸ-ի տնօրինության հավաստմանը, թե հատուկ ուշադրություն է դարձվում նաև աշխատողների անվտանգության պայմանների բարելավմանը, նույն` ֆերոմոլիբդենի արտադրության արտադրամասում, ինչպես մեզ տեղեկացրին երեկ, պայթյուն է տեղի ունեցել նաև 2009 թ. վերջին կամ 2010 թ. սկզբին, որը, դատելով ամենից, պաշտոնապես չի արձանագրվել: Այն ժամանակ նույնպես պայթել է հիշյալ արտադրամասի խառնիչներից մեկը: Բարեբախտաբար զոհեր, վիրավորներ չեն եղել: Թե ինչի շնորհիվ` կանդրադառնանք քիչ հետո:

Երբ վերոնշյալ տեղեկությունը փորձեցինք ճշտել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությունից` զանգահարելով 47 47 31 հեռախոսահամարով, ընկերության աշխատակիցը, տեղեկանալով, որ լրագրողի հետ է խոսում, որն ուզում է տեղեկություն ճշտել, հարցը նույնիսկ դեռ չլսած հեռախոսակապը միանգամից ընդհատեց: Հաջորդ զանգին ընդհանրապես չվերցրեց ընկալուչը:

Տեղեկացնենք, որ ս. թ. ապրիլի 24-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած ութ անձանցից երկուսը երեկվա դրությամբ դեռ գտնվում էին «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում:

- Նրանցից մեկը գտնվում է կայուն ծանր վիճակում, իսկ մյուսը` ծայրահեղ ծանր,- երեկ մեզ հետ զրույցում ասաց վերոնշյալ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ասլանյանը:- Մյուս երկուսն արդեն տեղափոխվել են այրվածքային բաժանմունք:

Ըստ տեղեկատվության մեր աղբյուրների` վերակենդանացման բաժանմունքում գտնվողներից մեկը արտադրամասի պետ 23-ամյա Արմեն Կարապետյանն է:

Ի՞նչ է տեղի ունեցել ապրիլի 24-ին: Պատկերացում կազմելու համար նախ նշենք, որ ֆերոմոլիբդենի արտադրության մեջ օգտագործվող հիշյալ խառնիչը մետաղյա և բավական ծավալուն մի տարողություն է, որը, ինչպես բետոնախառնիչը, պտտվում և իրար է խառնում մեջը լցված քիմիական միացությունները: Սակայն խառնիչում այդ նյութերի միայն խառնում չէ, որ տեղի է ունենում, այլև` քիմիական ռեակցիա, այսինքն` խառնիչն, ըստ էության, քիմիական ռեակտոր է:

Արտադրական ամենօրյա գործընթացում վերոնշյալ խառնիչի մեջ մոլիբդենից բացի լցնում են երկաթի օքսիդ, սիլիցիումի օքսիդ, մոլիբդենի օքսիդ, կալցիումի ֆրարիտ, ինչպես նաև ալյումինի փոշի և բարտարեթյան աղ: Ամեն անգամ դրանց ընդհանուր զանգվածը կազմում է շուրջ 1 տոննա: Այս գործողությունը տեղի է ունենում պարբերաբար: Ռեակտորը քիմիական նյութերով լցավորելուց հետո էլեկտրաշարժիչի օգնությամբ սկսում են խառնիչը պտտեցնել, հետո հատուկ ամբարձիչի օգնությամբ ռեակտորը, որը միաժամանակ հանդիսանում է ֆերոմոլիբդենի ձուլման կաղապար, տեղափոխում են ձուլման վառարանային հորեր, որտեղ բարձր ջերմաստիճանային պայմաններում ստացվում է ֆերոմոլիբդենը:

Ապրիլի 24-ին տեխնոլոգիական գործընթացից շեղում է եղել. առավել հավանական վարկածի համաձայն` հիշյալ նյութերի հարաբերակցությունն ինչ-ինչ պատճառով խախտվել է, այսինքն` դրանցից մեկի կամ գուցե մի քանիսի չափաքանակը սովորականից ավելի կամ պակաս է եղել: Դրա հետևանքով ռեակտորը քիմիական ռեակցիայի ընթացքում ոչ թե փոքր-ինչ տաքացել կամ գոլացել է, ինչպես նախորդած նույնաբնույթ գործողությունների, ռեակցիաների ժամանակ, այլ միանգամից կատարվել է հսկայական էներգիայի անջատում: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ խառնիչում եղած քիմիական նյութերի` չափազանց մեծ արագությամբ դեսուդեն շպրտվելու շնորհիվ հրդեհ չի առաջացել:

Իհարկե, առայժմ դեռ բացառված չէ, որ պայթյունը կարող էր առաջացած լինել խառնիչում տեխնոլոգիական գործընթացով չնախատեսված բոլորովին այլ նյութ լցնելու հետևանքով, բայց այս վարկածը նվազ հավանականներից է: Ըստ հավաստի աղբյուրներից մեր ստացած տեղեկության` պայթյունը տեղի է ունեցել արտադրամասի պետ Արմեն Կարապետյանի կողմից խառնիչի պտտեցման համապատասխան կոճակը սեղմելուց և քիմիական ռեակցիայի սկսվելուց շատ կարճ ժամանակ անց, երբ ընկերության աշխատակիցները խառնիչի մոտից դեռ չէին հասցրել հեռանալ, ինչպես սովորաբար վարվում են: Երկու-երեք տարի առաջվա պայթյունը տեղի է ունեցել խառնիչը պտտեցնելուց որոշ ժամանակ հետո, երբ արտադրամասի աշխատակիցները խառնիչից արդեն հեռացած են եղել: Բացի դրանից` պայթյունի ուժն այն ժամանակ այդքան մեծ չի եղել, և առաջացել է հրդեհ:

Ինչպես տեղեկացել էինք «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ից, վերջինս 2011 թ. տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվել «ԴԱՄԻ» ընկերության կողմից: «ԴԱՄԻ»-ի տնօրենը Դավիթ Աշոտի Սարգսյանն է` ՀՀ վարչապետի եղբորորդին: Հավելենք, որ «Նաիրիտ գործարան» ընկերությունում տեղի ունեցած պայթյունից առաջ վերջինիս տեխնիկական անվտանգության փորձաքննությունը նույնպես «ԴԱՄԻ» ՍՊԸ-ն է կատարել: Այս առումով արդեն, իրոք, մտածելու լուրջ բան կա:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանություններ (1)

B R S
kaseq verj@ inch exav, hivandneri vichak@ vonca?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter