HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լուկաշինում խաղողի մթերման հերթը հասել է նոյեմբեր ամիս

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի սկզբնամասում խաղողով բեռնված ավտոմեքենաների շարասյունը գնալով ընդլայնում է իր տարածքը: Առանց որևէ ցուցանակ ու անվանում ունեցող շինությունում արդեն երեք օր է` խաղող են մթերում:

Ներսում մթերմանը զուգահեռ նոր պայմանագրեր են կնքում խաղողագործների հետ: Մթերման օրերը հասել են մինչև նոյեմբեր ամսի կեսերը: Պատին փակցված ցուցակի համաձայն` երեկվա դրությամբ` 824 մարդ պայմանագիր կնքելու հերթի մեջ է:

Ընդունման կետ մտնել չհաջողվեց: Թե' անվտանգության աշխատակիցները, թե' ներսից դուրս եկած «պատասխանատու» ներկայացած անձը թույլ չտվեցին ներսից հետևել մթերման ընթացքին՝ պատճառաբանելով, թե տերերը ներսում չեն, իրենք իրավասություն չունեն: Դարպասներն արագ բացում ու փակում էին, որպեսզի հնարավորություն չունենանք լուսանկարել:

Գյուղացիները պատմում էին, որ փոքր հնարավորություններով գործարան է: Տեղացիները նույնպես չգիտեին անվանումը, ասում էին, որ տարածված է՝ Լուկաշինի կոնյակի գործարան անվամբ: 3 օր է` ինչ սկսել է մթերումը, սակայն հաշվի առնելով իր կարողությունները` դժվար կարողանա շատ մթերել, թեև մինչև նոյեմբերի կեսերը մթերում իրականացնելու պայմանագրեր է կնքում:

Իրենց հերթին սպասող գյուղացիները զավեշտ էին համարում, որ նոյեմբերին խաղող պիտի քաղեն ու բերեն մթերման: Հենց այդ հանգամանքն էլ ստիպել է նրանց մտածել, որ անլուրջ գործընթաց են սկսել:

«Անձրևները սկվեցին արդեն: Առավելագույնը մեկ շաբաթից խաղողը մովի վրա նեխելու ա, էլ ի՞նչ նոյեմբեր: Տեր չկա, հետևող չկա, ով ինչ ուզում, անում ա: Չի բացառվում, որ ասեն՝ խաղողը Նոր տարուց հետո կընդունենք, անտեր երկիր ա, ինչ ուզեն՝ կասեն»,-նշեց լենուղեցի Արմեն Հովհաննիսյանը:

Գյուղացիների հետ պայմանագիր կնքվում է «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի անունից: Ընկերության տնօրենը Համլետ Ասատրյանն է: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում է 2020թ. փետրվարի 10-ից:

«Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ-ին: 2016թ-ի օգոստոսի 16-ից ընկերության 100% բաժնեմասը պատկանում է ազգությամբ վրացի Զվիադ Ամիրիձեին: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է մոտ 350 մլն դրամ:

Թեև, ըստ պետական ռեգիստրի, Զվիադ Ամիրիձեին ընկերության միակ բաժնետեր դարձել է 2016թ-ից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2018թ-ին թույլատրել է «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի և ֆիզիկական անձ Զվիադ Ամիրիձեի համակենտրոնացումը` վերջինիս կողմից «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ի 50% փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Զվիադ Ամիրիձեին է պատկանել նաև «Գլոբալ Ալկո» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը, որն իրականացրել է ալկոհոլային խմիչքների իրացման գործունեություն:

2020թ-ի մարտի 19-ին ՏՄՊՊՀ-ն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի սպիրտի առաջին երկու խոշոր ներմուծողները եղել են «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ն և «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ն, որոնք ներմուծել են կոնյակի սպիրտի ընդհանուր ծավալների շուրջ 90%-ը: «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ն նաև կոնյակի սպիրտ է արտահանել:

Բաց աղբյուրներից պարզ դարձավ, որ ընկերությունը 67% էթիլ սպիրտի ծավալային մասնաբաժնով 5 տարվա հնեցման կոնյակի թորվածք է պահեստավորել դեռևս 2019թ-ին:

Լուկաշինի գործարանի դարպասների արանքից հնարավոր էր տեսնել ներսի ոչ բարվոք վիճակը: Սարքավորումները հին են, մթերման տեմպը՝ դանդաղ: Մոտ 2 ժամ դարպասների մոտ մնալուց հետո արձանագրեցինք, որ այդ ընթացքում խաղողով բեռնված ընդամենը 3 ավտոմեքենա է ներս մտել: Մինչդեռ այդ ընթացքում 10-ից ավելի բեռնատար էր հերթին ավելացել:

Նալբանդյան գյուղից Սամվելը (ազգանունը չցանկացավ նշել) խաղողով բեռնված ավտոմեքենայով գիշերել է մթերման կետի մոտ, որպեսզի հերթը բաց չթողնի: Ասում է՝ նույնիսկ չեն կարողանում գնալ հաց ուտելու: Նրա նման ևս 10 հոգի գիշերել է մթերման կետի մոտ:

Մինչ մարդիկ հերթ էին պահում, որ նոյեմբեր ամսին մթերում իրականացնելու համար պայմանագիր կնքեին, այդ ընթացքում Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակչուհի Անգին Խաչատրյանը մի քանի փաստաթղթեր ձեռքին անհանգիստ գնում-գալիս էր դարպասների մոտ: 

Նա պատմեց, որ ունի 2500 քմ խաղողի այգի: 2021թ. մայիսի 17-ին 6 տոննա 250 կգ խաղող հանձնելու պայմանագիր է կնքել Պռոշյանի կոնյակի գործարանի հետ: Այս ընթացքում հանգիստ է եղել՝ վստահ լինելով, որ պայմանագիր ունի, խաղողի վազին չի մնա: Սակայն, երբ գնացել է գործարան, որպեսզի մթերման օրվա վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերի, գործարանից պատասխանել են, թե քո խաղողը «մեր ուզածը չի»: Տիկինը պայմանագիրը ձեռքին եկել էր Լուկաշինի մթերման կետ, որպեսզի այդտեղ կարողանա հանձնել:

«Բա հիմա ո՞նց հասկանամ: Պայմանագիր է կնքել իմ հետ, իմացել է, թե ինչ խաղող եմ հանձնում, բայց այսօր եկել ա ժամանակը, որ ես պիտի հանձնեմ խաղողը, ասում են՝ չէ: Բա ես հիմա ի՞նչ անեմ, 6 տոննա խաղողն ուր տանեմ»,-ասում է Ա. Խաչատրյանը:

Տիկին Անգինը ասում է, որ մենակ է մշակել, ապարատը ուսին գցած ձեռքով է բուժել այգին: Վարկեր է վերցրել՝ հույսով, որ կկարողանա խաղողը հանձնելուց հետո մարել պարտավորությունները: Ասում է՝ եթե չկարողանա խաղողը հանձնել, 700 հազար դրամի վարկի փաստաթղթերը տանելու է դնի Արմավիրի մարզպետի սեղանին, որ նա վճարի:

«Կառավարությունից ընդեղ են խաբում գյուղացիներին, Էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին է խաբում, ստեղ էլ են խաբում: Վերջն ի՞նչ է լինելու, ու՞ր գնանք: Հետո ասում են՝ լքում են Հայաստանը: Ջահելությունը այ սրա համար էլ փախնում ա Հայաստանից, որովհետև բոլորը ստի վրա են նստած, գնալով հետ ենք գնում: Մատների վրա խաղացնում են ժողովրդին, գյուղացին անտանելի վիճակում է», -հավելեց Անգին Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter