HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է Հայաստանի տաղավարը

ԱՄԷ Դուբայ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է համաշխարհային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Խոշորագույն այս իրադարձության բացման արարողությունն անցկացվել է Դուբայի հարևանությամբ հատուկ էքսպոյի անցկացման համար կառուցված քաղաքի Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։ 90 րոպե տևողությամբ շոուի ընթացքում 360Օ պտտվող բեմում ելույթ է ունեցել ավելի քան 1000 մարդ՝ անհատ կատարողներ և խմբեր։ 

Աշխարհի ավելի քան 190 երկրների ներկայացուցիչների հետ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ 

Հոկտեմբերի 1-ին Էքսպո քաղաքն իր դռներն է բացել նաև միլիոնավոր այցելուների առջև։ 

«ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որն առաջինն այցելել է Հայաստանի պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը ներկա էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը։ Վահան Քերոբյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել հայկական տաղավարով։

Հայկական տաղավարում նախարար Քերոբյանը հյուրընկալել է նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդիին։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանն իր արաբ գործընկերոջը ծանոթացրել է հայկական տաղավարին, պատմել «էթնոթեք» կոնցեպտի մասին, որով Հայաստանը ներկայանում է այս էքսպոյում, ներկայացրել տեխնոլագիական ու թվային լուծումները և դրանց կիրառությունը (AR և VR գոտիներ), զբոսաշրջության հատվածը, ինչպես նաև ցուցադրված մշակութային ցուցանմուշները, որոնք Դուբայ են տեղափոխվել Հայաստանից։  

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում ավելի առարկայական քննարկելու անելիքները։ 

Նախարար Քերոբյանը խոսել է նաև Էքսպոյի թեմատիկ շաբաթներին և «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության մասին՝ ընդգծելով, որ երկուստեք լավ հնարավորություններ են ստեղծված հայկական բիզնեսն արտահանելու և արաբական գործարար համայնքի  ներդրումները Հայաստան բերելու առումով։

էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, «էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը,  Էկոնոմիկայի նախարարության այլ ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ համաշխարհային էքսպոն անցկացվում է հինգ տարին մեկ։ Աշխարհի խոշոր քաղաքներից մեկը վեց ամիս շարունակ հյուրընկալում է բազմաթիվ երկրների։ Առաջին անգամ համաշխարհային ցուցահանդեսն անցկացվել է 1851 թվականին՝ Լոնդոնում, այս տարի, համաշխարհային էքսպոյի պատմության ընթացքում առաջին անգամ, այն կազմակերպվում է արաբական երկրում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter