HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանագետ. «Իրանա-ադրբեջանական պատերազմը բացառվում է, եթե Ադրբեջանը չգնա արկածախնդրության»

Իրանա-ադրբեջանական լարվածության ներկա փուլի, պատճառների և տարածաշրջանում հնարավոր զարգացումների վերաբերյալ զրուցել ենք իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

Պարոն Միսակյան, վերջին օրերին բավականին լարվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Կողմերը բարձր մակարդակով քննադատում են միմյանց, երբեմն՝ նույնիսկ սպառնում ռազմական գործողություններ սկսել։ Եթե կարճ, արդյո՞ք կա իրանա-ադրբեջանական պատերազմի հավանականություն։ 

Եթե կարճ խոսենք պատերազմի հավանականության մասին, ապա դա գրեթե բացառվում է, եթե, իհարկե, Ադրբեջանի Հանրապետությունը որևէ արկածախնդրության չդիմի։ Այսինքն, եթե պաշտոնական հայտարարությունները մի կողմ թողնենք և նայենք վերլուծաբանների ու ռազմական փորձագետների հայտարարությունները կամ սոցիալական ցանցերի գրառումները, նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, եթե փորձի որևէ կերպ որևէ կրակոց արձակել Իրանի սահմանին, որևէ ձևով խոչընդոտել իրանական այս զորավարժություններին կամ թեկուզ անվտանգային առումով Իրանը որևէ լուրջ խնդիր տեսնի, ապա կարող է ռազմական լուծման գնալ։

Երկրորդ խնդիրն արդեն Սյունիքին է վերաբերում, երբ շեշտվում է տարածքային ամբողջականության մասին։ Հեղափոխության պահապանների կորպուսն ու Իրանի բանակի գեներալներն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ եթե փորձ արվի տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումներ անել առանց Իրանի կարծիքը հաշվի առնելու, ապա Իրանը կդիմի լրջագույն միջոցների, ընդհուպ՝ մինչև ռազմական։ Այս համատեքստում պատերազմը հնարավոր է, բայց Բաքվի իշխանությունները և հենց նույն Իլհամ Ալիևը լավ հասկանում են, որ Ադրբեջանը, թեկուզ թուրքական կողմի աջակցությամբ, այն պետությունը չէ, որ Իրանի դեմ փորձի ռազմական որևէ պայքար մղել։ 

Իրանական կողմը, տարբեր մակարդակներով Ալիևին ուղղված իր հայտարարություններում, նշում է իրանական սահմանների մոտ «սիոնիստական ռեժիմի» ներկայության անթույլատրելիության մասին։ Եթե ընդունում ենք, որ ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը նորություն չէ Իրանի համար, ապա ինչու՞ է իրանական կողմն իր վերջին հայտարարություններում անընդհատ շեշտում «սիոնիստական ռեժիմ» երևույթը։  

Իրանի և’ քաղաքացիական, և’ ռազմական դիվանագիտությունները բավականին բազմաշերտ են։ Այսինքն, այս քարոզչական պայքարում իրանական կողմը, իրանցի և արտասահմանյան վերլուծաբանները, այդ թվում՝ BBC-ի, կարծում են, որ Իրանն Ադրբեջանում հենց իսրայելական ներկայությունն է մշտապես հիշատակում իր ընդհանուր արտաքին քաղաքական համատեքստում այն առումով, որ Իսրայելը համարվում է Իրանին թշնամի պետություն։ Երկրորդ՝ Իրանում նաև հասկացել են, որ արցախյան պատերազմից հետո Իսրայելը բավականին ակտիվացել է Ադրբեջանում և նույնիսկ խոսակցություններ կային Արցախի բռնազավթված տարածքներում իսրայելական մոդելով խելացի քաղաք հիմնելու մասին, որը չափազանց բացասական էր ընկալվել Իրանի կողմից։ 

Խնդիրն իրականում բացահայտորեն չասվող հանգամանքներում է, այսինքն՝ իրանական կողմն իրականում իր զորավարժություններն իրականացնում է ի պատասխան թուրք-ադրբեջանա-պակիստանյան եղբայրական զորավարժությունների և Կասպից ծովում իրականացված թուրք-ադրբեջանական զորավարժությունների։ 

Իրանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հիմնական թիրախն Անկարան է, ապա նաև՝ Իսլամաբադը։ Սակայն հենց սկզբնական փուլում, որպեսզի խուսափի Անկարայի ու Իսլամաբադի հետ քարոզչական բախումներից, իրանական կողմը որպես թիրախ ընտրել է Իսրայելին։ Չէ՞ որ բոլորը գիտեն, որ այդ թիրախը 40 տարի է՝ շրջանառվում է։

Իրանը Բաքվի բռնապետին որոշակիորեն հասկացնում է, որ խնդիրն իրականում կապված է Անկարայի հետ։ Այսինքն, երբ որ գեներալները հայտարարում են, որ Ալիևը մի երրորդ պետության քաջալերմամբ է անում այդպիսի հայտարարություններ, դա հենց անմիջական ակնարկ է Էրդողանին։

Ստացվում է, որ ընդդեմ Իրանի այս պահին Ադրբեջանի շուրթերով խոսում է Թուրքիան։ Լարման այս փուլում ի՞նչ դեր ունի այդ երկիրը։

Միանշանակ կարող ենք նման պնդում անել, քանի որ եթե անտեսենք ամեն ինչ ու իրանցի վերլուծաբանների խոսքերը միայն արտահայտենք, ապա Իրանում, արցախյան պատերազմից հետո, կարծես թե վերջնականապես ձևավորվել է այն տեսակետը, որ Բաքուն թե՛ ռազմական և թե՛ քաղաքական առումներով այլևս անկախ չէ իր որոշումներում։ Նա մեծ կախվածություն ունի Անկարայից ու, որոշակի առումով, նաև՝ Իսրայելից։ Իրանում Բաքվին՝ որպես անկախ խաղացողի այլևս չեն դիտարկում, այլ հիմնականում ընդունում որպես Թուրքիայի ծավալապաշտական և աշխարհաքաղաքական նպատակների իրականացման գործիքներից մեկը։

Արևմտյան Ատրպատականում հոկտեմբերի 1-ին սկսված զորավարժության համար Իրանը մեծ թվով զինտեխնիկա է տեղափոխել, և շատ վերլուծաբաններ դա աննախադեպ են որակում։ Արդյո՞ք այս զորավարժությունները և դրան մասնակցող աննախադեպ քանակով զինտեխնիկան ունեն հստակ ուղերձ, և արդյո՞ք Իրանը, տարածաշրջանում ստատուս քվոյի խախտման դեպքում, պատրաստ է իրական ռազմական գործողությունների գնալ։

Տեսեք, Իրանն այս զորաշարժն իրականացրեց երկու փուլով։ Նախ՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը զորքեր կենտրոնացրեց Ադրբեջանի գրեթե ողջ սահմանի երկայնքով։ Իր հերթին Իրանի բանակը Արևելյան Ատրպատական նահանգում բավականին արագ և մեծ քանակությամբ զինտեխնիկա տեղափոխեց՝ փոխանցելով երկու հիմնական ուղերձ։ 

Հաշվի առնելով Իրանի ռազմական համակարգի առանձնահատկությունները՝ բանակը մշտապես պատասխանատու է Իրանի սահմանների պաշտպանության և անվտանգության համար, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Իրանի սահմաններից դուրս ռազմական գործողությունների։ Այսինքն, այստեղ Ադրբեջանին հասկացրեցին, որ Իրանը պատրաստ է պաշտպանվելու ցանկացած հարձակումից, և նաև պատրաստ է հարձակման։ 

Ստացվում է, որ հիմնական թիրախը հենց Թուրքիա-Նախիջևան-Սյունիք առանցքն է ու, դատելով փորձագետների ու ռազմական վերլուծաբանների հայտարարություններից, Իրանը, Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում, մեծ հավանականությամբ կարող է միջամտել։ Ճիշտ է, դժվար է միանշանակ պնդել, թե ինչ կլինի, որովհետև մեր տարածաշրջանում կանխատեսումներ անելը մի քիչ բարդ է, բայց, դատելով ամեն ինչից, Իրանը բավականին լուրջ է տրամադրված։ 

Եվ վերջին հարցը։ Շատ կարճ ժամանակ է, ինչ ձևավորվել է Իրանի նոր կառավարությունը։ Արդյո՞ք այն ունի ադրբեջանամետ թև, որը որոշակիորեն կարող է ազդել Թեհրանի վարած արտաքին քաղաքականության վրա։ Լարվածության լարման նվազման ուղղությամբ, կարծես թե, հոկտեմբերի 1-ին հայտարարություն էր արել Իրանի ներքին գործերի նախարարը։

Իրանի քաղաքական համակարգի կառուցվածքն այնպիսին է, որ այնտեղ գրեթե որևէ պետությունամետ գործիչներ չեն կարող իշխանության գալ։ Նախ, քանի որ երկրում ամեն ինչ, եթե դա վերաբերում է ռազմական ու արտաքին քաղաքականության լուրջ հարցերին, որոշվում է հոգևոր առաջնորդի գրասենյակում, իսկ նախագահը, ԱԳՆ-ն և Կառավարությունը դրա իրականացնողներն են։ Իսկ եթե խոսենք Իրանի բարեփոխիչների և պահպանողականների ընտրությունից, ինչը կարևոր է այս համատեքստում, գրեթե միշտ Իրանի պահպանողական ղեկավարությունը խնդիրներ է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ կապված հենց նույն Իսրայելի ներկայության հետ։ Հիշենք, որ ներկայումս իշխանության են հենց պահպանողականները։

Եթե բարեփոխիչները, ի դեմս Ռոհանիի, գերադասում էին տնտեսական հարաբերությունները և Ադրբեջանի մասով մեղմում էին արտաքին քաղաքականությունը, ապա պահպանողականները՝ հակառակը, միշտ վարել են բավականին կոշտ քաղաքականություն, և դա նկատվեց հենց առաջին ամիսներին, երբ Ռայիսին հայտարարեց, որ կենտրոնանալու են նաև տարածաշրջանային քաղաքականության վրա՝ զուգահեռաբար շարունակելով բանակցել Արևմուտքի հետ։ Այսինքն՝ Իրանը, Արևմուտքի հետ հասնելով որոշակի պայմանավորվածության, կենտրոնանալու է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման և Թուրքիայի հետ մրցակցության վրա, ինչն արդեն իսկ սկսվել է։ 

Իսկ ինչ վերաբերում է Իրանի ներքին գործերի նախարարի հայտարարությանը, ապա սա կարելի է բնորոշել ոչ թե որպես ադրբեջանամետ, այլ գրեթե ամենահակաադրբեջանական հայտարարություններից մեկը, քանի որ այն հստակ ուղերձ էր Ադրբեջանին, որ մենք ձեզ համարում ենք մեր մշակութային պետության մաս և խորհուրդ ենք տալիս զերծ մնալ թշնամի պետությունների հետ հարաբերություններից։

Ներքին գործերի նախարարի հայտարարության մեջ կար նաև այն միտքը, որ ադրբեջանական ժողովուրդը պետք է օրինակ վերցնի Իրանի ժողովրդից։ Սա հստակ ուղերձ էր հենց Ալիևին, որ Իրանը կարող է ներազդել Ադրբեջանի վրա, օրինակ՝ ժողովուրդը կարող է իսլամական հեղափոխություն անել և ազատվել բռնապետից։ Այս հայտարարությունը դիվանագիտական ճանապարհով բավականին լուրջ զգուշացում էր Ալիևին, որ եթե շարունակի նույն տեմպերով, Իրանը կսկսի փափուկ ուժի տեսանկյունից պայքար մղել Ադրբեջանի դեմ։   

Լուսանկարը՝ Factor TV-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter