HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սթենֆորդի համալսարանը հրապարակել է Նյուրնբերգյան դատավարության առցանց արխիվը

Սթենֆորդի համալսարանի գիտնականները թվայնացրել և համացանցում հրապարակել են Նյուրնբերգյան դատավարության փաստաթղթերն ու ելույթների սղագրությունները։ Ավելի քան 20 տարի տևած աշխատանքի արդյունքները արդեն կարող է տեսնել ցանկացած անձ, աշխարհի ցանկացած կետից։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով գերմանական ARD հեռուստաընկերությանը։ Արխիվը հրապարակվել է Նյուրնբերգում միջազգային ռազմական տրիբունալի դատավճռի հրապարակման 75-րդ տարելիցի կապակցությամբ։ 

Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, մարդու իրավունքների և միջազգային դատավարության ամբիոնիչ վարիչ Դևիդ Քոենի խոսքերով՝ այս փաստաթղթերը չպետք է մնան ինչ-որ արխիվում, որը գտնվում է միայն պատմաբանների և փորձագետների տրամադրության տակ։ «Մենք պետք է կիրառենք ժամանակակից տեխնիկական հնարավորությունները, որպեսզի գրավենք առավել մեծ և ընդգրկուն լսարան»,- Լոս Անջելեսում, ARD հեռուստաընկերության թղթակցին, հայտարարել է Քոենը։  

Նյուրնբերգյան դատավարության փաստաթղթերի բաց վիրտուալ արխիվի ստեղծման գաղափարը Քոենի և իրավագիտության գերմանացի պրոֆեսոր Դիտեր Զիմոնի մոտ հայտնվել է 1998 թվականին։ Այդ ժամանակ Դևիդ Քոենը Բերքլիի համալսարանում ղեկավարում էր Ռազմական հանցագործությունների ուսումնասիրման կենտրոնը, իսկ Զիմոնը Մայնի Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի անվան եվրոպական իրավունքի պատմության ինստիտուտի տնօրենն էր։ 

Արխիվի ընդհանուր ծավալը գերազանցում է 50 տերաբայթը։ Այնտեղ ներառված են Նյուրնբերգյան գործընթացի 5215 արձանագրություններ, ներառյալ թղթային փաստաթղթերի մոտ 270 հազար թվայնացված էջ։ Դրանց թվում են անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով և ռուսերենով լսումների սղագրությունները, մեղադրող և պաշտպանական կողմերի ներկայացված իրեղեն ապացույցներն ու դատավճիռը։ Բոլոր փաստաթղթերի պարագայում գործում է տեքստի որոնման հնարավորությունը։ Դևիդ Քոենի խոսքերով՝ բոլոր փաստաթղթերի 64 %-ը գերմաներեն է։ Առաջիկա ամիսներին նրա թիմը նախատեսում է համակարգել այդ փաստաթղթերն ու դրանք ներկայացնել որպես առցանց ցուցանմուշներ, որոնք կունենան իրենց մեկնաբանություններն ու բացատրությունները։ 

2022 թվականի ամռանը արխիվում կավելացվեն դատական նիստերի ավելի քան 1000 ժամ աուդիոձայնագրությունները։ Բացի այդ, Քոենը մտադիր է Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի հետ միասին ստեղծել համանման առցանց արխիվներ՝ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալին հաջորդած 12 դատական գործընթացների վերաբերյալ։

Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի օրիգինալ արխիվները 1950 թվականին փոխանցվել են Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանին։ Վերջինս ու իր քարտուղարությունը համարվում են ողջ արխիվի պահապանները։ Առցանց արխիվի կայքում նշվում է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը, ոչ առևտրային, հետազոտական, գիտական և կրթական նպատակներով, դրանք տրամադրել է արխիվի ստեղծման համար։ 

Նյուրնբերգյան գործընթացը դարձել է պատմության առաջին միջազգային քրեական գործընթացը։ Նացիստական ռեժիմի բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ դատական գործընթացը սկսվել էր 1945 թվականի նոյեմբերի 20-ին և ավարտվել 218 օր լսումներից հետո՝ 1946 թվականի հոկտեմբերի 1-ին։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Խորհրդային միությունից ժամանած դատավորները արձակել են մահապատժի 12 դատավճիռ, որից մեկը հեռակա։ Երեքը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ չորսը՝ ազատազրկման երկարատև ժամկետի։ Մեղադրյալներից երեքն արդարացվել են։ 

Մեղադրյալի աթոռին, մասնավորապես, հայտնվել էին ավիացիայի նախարար և Նացիստական Գերմանիայում փաստացի երկրորդ մարդ համարվող Գերման Գյորինգը, Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությունում Հիտլերի տեղակալ Ռուդոլֆ Հեսը, Երրորդ ռեյխի արտաքին գործերի նախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպը, ռեյխի ցամաքային զորքերի հրամանատար, մարշալ Վիլհելմ Քեյթելը, ռեյխի անվտանգության ծառայության ղեկավար Էրնստ Քալթենբրուները, «Արևելյան տարածքների» ռեյխսմինիստր, նացիոնալ-սոցիալիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկը համարվող Ալֆրեդ Ռոզենբերգը, բռնազավթված Լեհաստանի նախկին գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկը։

Լուսանկարը՝ World History Archive/Alamy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter