HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար գիտական եզակի սարքավարումներ են ձեռք բերվելու

ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից 2020 թ. անցկացված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու» մրցույթի շահառու է ճանաչվել և պետք է ձեռք բերի իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք և ռենտգենյան դիֆրակտոմետր:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝  ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնման ընթացակարգերով սարքավորումների ձեռքբերման ընթացքում առաջացել են անհաղթահարելի բարդություններ: Մասնավորապես, բանկային երաշխիք տրամադրելու ՀՀ օրենսդրության պահանջն ընդունելի չէ իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք արտադրող ընկերությունների համար, որոնք նաև նշված սարքավորման վաճառքն են իրականացնում: Այդ սարքը մատակարարման տեսքի բերելու համար մի քանի ամիս ժամանակ է անհրաժեշտ: Արտադրող օտարերկրյա կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում այդ ընթացքում գումար ապահովադրել, ինչը պահանջում է ՀՀ պետական գնման ընթացակարգը:

«Բացի դրանից` ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերման համար հայտարարված բաց մրցույթում հայտ է ներկայացրել ընդամենը մեկ մասնակից, որի գնային առաջարկը եղել է նախահաշվային արժեքից (55-60 մլն դրամ) 25%-ով բարձր (75 մլն  դրամ):

Հաշվի առնելով վերը նշված սարքավորումների եզակի գիտական և գիտատեխնոլոգիական նշանակությունը` ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում որոշվել է թույլատրել գնումներն իրականացնել ուղղակի օտարերկրյա արտադրողից և գնման գործընթացներում չկիրառել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված գնման ընթացակարգերի կարգավորումները: Գործադիրի որոշմամբ` գնման ընթացակարգերի կազմակերպումը կիրականացվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.2-րդ հոդվածով սահմանված «էսքրոու հաշվի պայմանագիր» կնքելու եղանակով՝ նկատի ունենալով, որ պատվիրատուի կողմից պայմանագրերի արժեքի 90 տոկոսի վճարումը կհաստատվի սարքավորումները պայմանագրերով սահմանված ժամկետներում մատակարարվելուց և ընդունվելուց հետո: 10 տոկոսն էլ կվճարվի  երաշխիքային սպասարկման ժամկետների ավարտից ­հետո:

«Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք» բազմաֆունկցիոնալ սարքային համալիրը հնարավորություն է տալիս ատոմական մակարդակում կառավարելի պրոցեսի միջոցով ստանալ ու հետազոտել նախանշված ֆիզիկական բնութագրերով և ժամանակակից նյութագիտության ամենաբարձր պահանջներին բավարարող նպատակային նանոկառուցվածքային համակարգեր: Դրանք կիրառվում են նյութագիտության մի շարք ուղղություններում, այդ թվում՝ նաև ռադարների համար անտեսանելի ծածկույթների ստացման և հետազոտման համար: Սարքային համալիրը տեղակայվելու է Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, որը պարտավորվել է իր կազմում բացել նոր լաբորատորիա՝ ապահովելով կայանքի տեղակայման, անխափան օգտագործման, գիտական հետազոտությունների և ուսումնական հետազոտությունների անցկացման և հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի պայմանների համաձայն՝ դրանցից օգտվելու հնարավորություն ունենալու են այլ գիտական  կազմակերպություններ ևս, որոնցից 9-ը (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, ԵՊՀ, ՀԱՊՀ, ՌԱՀ և այլն) մրցույթին հայտ ներկայացնելիս հանդես են եկել որպես շահագրգիռ կազմակերպություններ:

«Ռենտգենյան դիֆրակտոմետրը» հնարավորություն է տալիս կիրառել ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիոն անալիզի հզոր և ոչ դեստրուկտիվ մեթոդ՝ բյուրեղային նյութերի ֆազային նույնականացման և կառուցվածքի որոշման համար: Այդ մեթոդով հնարավոր է նաև բարձր ճշգրտությամբ գիտական տեղեկատվություն ստանալ բյուրեղացանցի բջջի չափսերի, կողմնորոշման, լարվածության և այլ կարևոր պարամետրերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter