HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ռոբերտ Քոչարյան․ «Շուշին վերցնելու ամբողջ «մարշրուտը» կա՛մ բացում էին, կա՛մ, եթե չէին էլ բացում, չէին փակում»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել։ Քոչարյանին «Հետք»-ը հարց ուղղեց պատերազմի ընթացքում հայկական կողմի անհաջողությունների պատճառների վերաբերյալ։ Ներկայացնում ենք մեր հարցն ու երկրորդ նախագահի պատասխանն ամբողջությամբ։

«Հետք»: Ձեր խոսքում մեկ-երկու նախադասությամբ ասացիք պատերազմի ընթացքում մեր անհաջողությունների պատճառների մասին։ Պարտությունը կապեցիք որոշակի պայմանավորվածությունների հետ։ Եթե ճիշտ չհասկացա, խնդրում եմ պարզաբանեք։ Ես ուզում եմ իմանալ` Ձեր թիմում կամ անձամբ Դուք վերլուծե՞լ եք, վերլուծու՞մ եք, ունե՞ք եզրակացություն պատերազմի պարտության ընթացքի մասով։ Այն կոնտեքստում, որ արդյոք այդ ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանների մասով, պայմանները բավարարելու մասով կամ այդ պայմանները բավարարելուն միտված ընթացք է ունեցել պատերազմի պարտությունը։ Եվ Դուք ունե՞ք տվյալներ, տեղեկություններ, որ Հադրութից Շուշի հատվածում ինչ-որ պայմանավորվածություն է եղել։

Ռոբերտ Քոչարյան: Հենց «Հետքի» գործը պետք է լինի։ Դուք լավ հետաքննություններ եք անում տարբեր հարցերի։ Ես կարող եմ եզրակացություններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ։ Փաստերը հետևյալն են, որ Ջաբրայիլից մինչև Շուշի, Ջաբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, առաջ հին անունները մի քիչ ուրիշ էին Ղարաբաղում, հասել են մինչև Քարին Տակ։ Ասկերանի շրջանի ձորակով հասել են մինչև Քարին Տակ։ Այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, դա տևել է բավական երկար ժամանակ։ Որևէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել։ Ես բացատրությունը չունեմ, թե ինչու։ Հարցրել եմ տարբեր զինվորականների։ Հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղության պատասխանատու, չնշանակեցին։

Հիմա այս բոլորը երբ որ համադրում ես, դու տեսնում ես, որ կամ ուղղակի եղել է այսպես՝ ապուշության գագաթնակետը, կամ եղել է, այո՛, դավաճանություն։ Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Այս պարագայում եղել է մի թեզ, որը նաև տարածված էր այն ժամանակ, որ Ալիևը Շուշին մինչև չվերցնի, չի կանգնելու։ Այդ խոսակցություններն, այո՛, այն ժամանակ եղել են։ Եվ տպավորությունն այնպիսին էր, որ, այո՛, Շուշին վերցնելու ամբողջ այդ «մարշրուտը» (երթուղին) կա՛մ բացում էին, կա՛մ, եթե չէին էլ բացում, չէին փակում։ Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ, այո՛, այստեղ եղել է միտումնավորություն։

Գիտեք՝ ես մեկ անգամ մի փաստ եմ բարձրաձայնել։ Հետո դրա մասին քիչ խոսվեց։ Նախագահական շենքը Ստեփանակերտում՝ շառավիղով երեք հարյուր մետր, ոչ մի արկ չի պայթել։ Մեկ ջարդած պատուհան, մեկ ջարդած ապակի այդ շենքի վրա չկար այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում էր, հրթիռակոծվում էր։ Ձեր մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ո՞ւմ էին խնայում։ Իրականում այդ հարցը չի առաջանո՞ւմ՝ ո՞ւմ էին խնայում։ 

Ինձ համար անհասկանալի է, թե ինչի այդ քանակով մեր շարասյուններն օդից ուղղակի ոչնչացնում էին դեռ դիրքեր չհասած։ Կարող է լինել մեկ-երկու դեպք։ Այսպիսի՝ սիստեմի վերածված գործողություններն ինձ մոտ հարցեր են առաջացնում։ Ի դեպ, ես չեմ կարծում, որ իրենք խնայում էին Արայիկ Հարությունյանին։ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Գյանջայի հրետակոծությունն իր հրամանով է եղել։ Բայց ես կարծում եմ, որ այդ շենքում եղել են ամբողջ պատերազմի ընթացքում մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը։ Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100 կմ հեռավորության վրա Լաչինի՝ Զաբուխի վրա կամուրջը ոչնչնացնել, և այդ շենքը չեն կարողացել թիրախավորե՞լ, ուղղակի ծիծաղելի է։ Այդպես չի լինում, ուղղակի այդպես չի լինումն։ Կան մեծ կասկածներ, և կրկնեմ՝ այդ կասկածները մինչև չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter