HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2020 թվականի ապրիլի 17-ին հարուցված և Քննչական կոմիտեում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ն, ով այդ պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից, կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի հետևանքով համայնքը կրել է նյութական վնասներ:  

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ 2013թ. բջջային կապի օպերատոր հանդիսացող ընկերությունը ուսումնասիրության արդյունքում նպատակահարմար է գտել բջջային կապի հիմնական կայան տեղադրել Աստղաձոր համայնքի վարչական տարածքում՝ կոնկրետ հողամասում: Նախապես տեղյակ լինելով այդ մասին՝ համայնքի ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, կնոջ՝ Ա. Խ.-ի հետ 2013 թ. օգոստոսի 6-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համայնքի ղեկավարի կինը Աստղաձոր համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ վերոնշյալ ընկերության կողմից ընտրված տարածքն ընդգրկող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,105 հա մակերեսով հողատարածքը՝ 99 տարի ժամկետով՝ տարեկան 12 900 դրամ վարձավճարով: 

2013 թվականի օգոստոսի 12-ին այդ տարածքում ընկերության կողմից կայանքի կառուցման աշխատանքներն ավարտվել են, որից մի քանի օր անց՝ օգոստոսի 28-ին, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով նշված հողատարածքն ամսական 40 000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնվել ընկերությանը: 

Մինչև 2020թ. ապրիլի 30-ը ենթավարձակալի կողմից կատարած վարձի վճարումների արդյունքնում վարձակալն ստացել է ընդհանուր 3 մլն 147 հազ․ 335 դրամ շահույթ: Այդ կերպ Աստղաձոր համայնքը զրկվել է նույն չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ 

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրա կնոջը՝ Ա.Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով  հոդվածով: 

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է, լուծվել են նշված հողամասի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերը. այն վերադարձվել է համայնքին և հեռահաղոդրակցության վերոնշյալ ընկերության հետ համայնքը կնքել է վարձակալության նոր պայմանագիր: Այդպիսով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները:

Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter