
Պեսկովը հաստատել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման լուրը
Նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, նախապատրաստվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ, այդ հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
«Նախատեսվում է (խմբ. - Փաշինյանի այցը ՌԴ)։ Կազմակերպվում է հանդիպում (խմբ. Պուտինի հետ)»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
2021 թվականի ընթացքում Պուտինն ու Փաշինյանն ունեցել են երեք հանդիպում ու ավելի քան 10 հեռախոսազրույց։ Մատվիենկոյի կարծիքով՝ այդպիսի ինտենսիվ շփումները խթան են հանդիսանում հայ-ռուսական հարաբերությունների է'լ ավելի զարգացման համար։
Այսօր ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել էր Արցախում առկա իրավիճակը և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել