HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Facebook-ը, WhatsApp-ը և Instagram-ը անհասանելի են. գլոբալ խափանում սոցիալական ցանցերի աշխատանքում

Արդեն հինգ ժամ է, ինչ անհասանելի են Facebook, Instagram, WhatsApp սոցիալական ցանցերը, իսկ մյուս կայքերի աշխատանքում նկատվում է զգալի դանդաղում։ Facebook ընկերությունը, որին պատկանում են նաև Instagram-ը և WhatsApp-ը, պաշտոնապես հաստատել է, որ բոլոր երեք ծառայությունների աշխատանքում խափանում է եղել։ Downdetector.com-ը հայտնում է, որ անհասանելի են կայքերի ոչ միայն վեբ, այլև մոբայլ տարբերակները։ 

Facebook-ը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել խափանման մասին։ «Մենք գիտենք այն մասին, որ ոմանք հասանելիություն չունեն մեր հավելվածներին և ծառայություններին։ Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ վերականգնել դրանց նորմալ աշխատանքը և ձեր ներողամտությունն ենք հայցում պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Դեռևս անհայտ է, թե որն է գլոբալ խափանման պատճառը։ Որոշ փորձագետներ նշում են, որ խոսքը DNS-սերվերների աշխատանքի խափանման մասին է, որոնք օգտագործում է Facebook-ը։ DNS-սերվերները երբեմն համեմատում են համացանցի հեռախոսագրքի հետ։ Դրանք առանձին վեբ բրաուզերները և հավելվածներն ուղարկում են սերվերներին, որտեղ պահվում է անհրաժեշտ տեղեկատվությունը։

The New York Times-ի լրագրող Ռայան Մաքը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ շարքից դուրս են եկել ոչ միայն Facebook ընկերության ծառայությունները, այլև նրա ներքին հաղորդակցման հարթակները։ «Ոչ ոք չի կարողանում աշխատել։ Մի քանի մարդ, որոնց հետ շփվել եմ, ասում են, որ սա նման է «ձնե օրվան», այսինքն՝ երբ աշխատակիցներից ոչ ոք չի կարողանում հասնել գրասենյակ՝ առատ ձյան պատճառով»,- գրում է լրագրողը։

Բացի այդ, Facebook ընկերության աշխատակիցները չեն կարողանում մտնել շենք, քանի որ չեն աշխատում անվտանգության համակարգերը։

The New York Times-ը, հղում անելով Facebook-ի իր աղբյուրներին, գրում է, որ խափանման պատճառը դժվար կիբերհարձակումը լինի։

Աշխարհի տարբեր երկրներում օգտատերերը բողոքում են նաև սոցիալական մյուս ցանցերի աշխատանքի դանդաղումից։ Բողոքները վերաբերում են Twitter-ին, Google-ին, YouTube-ին, Telegram-ին, TikTok-ին, «ВКонтакте»-ին։ Այս կայքերի հետ կապված խափանումներն ունեցել են տեղական բնույթ և մեծամասամբ պայմանավորված են եղել օգտատերերի թվի կտրուկ աճով, որոնք Facebook-ի անհասանելիության պատճառով անցել էին մյուս մեսենջերներ և հարթակներ։

Facebook-ի խափանումները հանգեցրել են ֆոնդային շուկաների անկմանը։ Բարձր տեխնոլոգիական Nasdaq Composite ընկերության ինդեքսն ընկել է 2,2 %-ով, Dow Jones-ը և S&P 500-ը՝ շուրջ 1 %-ով։ Հենց Facebook-ի բաժնետոմսերն ընկել են ավելի քան 5 %-ով։ Forbes-ի տվյալներով՝ վերջինիս հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իրական ժամանակում կորցրել է մոտ 6 մլրդ դոլար և աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում հինգերորդից իջել վեցերորդ հորիզոնական։ Facebook-ին զուգահեռ էժանանում են նաև IT մյուս ընկերությունները։ Twitter-ի բաժնետոմսերի գինն ընկել է 6,7 %-ով, Google-ինը՝ 3 %-ով, իսկ Amazon-ինը՝ 2,8 %-ով։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter