HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քաղծառայողների սոցփաթեթի ուղղությունները կավելանան. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց, ապա ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի ուղղություններն ավելացնել:

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Գործող օրենքով` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության պահպանման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման համար տրամադրվում է սոցիալական փաթեթ:

Կառավարությունն առաջարկում է սոցփաթեթի ուղղություններն ավելացնել` հնարավորություն ընձեռելով օգտվել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև գումարն ուղղել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման:

Նշենք, որ այս փոփոխություններով շահառուների թիվը չի ավելանալու, լրացուցիչ բեռ պետական բյուջեի համար չի լինելու, հատկացված գումարի չափը չի փոխվելու (տարեկան 72 հազար դրամ յուրաքանչյուր շահառուի):

Սարգսյանն ընդգծեց` օրենքի փոփոխությունը չի բերելու որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց սոցփաթեթի շահառու դարձնելուն: ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը, պատգամավորները, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 55 կողմ, 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter