
Արթուր Ղազինյանի թեկնածությունը կրկին մերժվեց
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը հերթական անգամ տապալվեց:
«Հայաստան» խմբակցությունը վեցերորդ անգամ այդ պաշտոնում առաջադրեց պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, հանձնաժողովի` իշխող ուժի անդամներն այս անգամ էլ դեմ քվեարկեցին վերջինիս թեկնածությանը: Մինչ քվեարկությունը խոսեց Արթուր Ղազինյանը` նշելով, որ այս ընթացքում հնչել է մոտավորապես 18 հարց, տրվել է 18 պատասխան, նույնքան էլ` արձագանք-ելույթ: Ղազինյանի խոսքով` չնայած հնչած հարցերի մեծ մասը չի վերաբերել քննարկվող հարցին, սակայն, միևնույն է, չի խուսափել որևէ հարցից:
«Համբերատար պատասխանել եմ, էլի պատրաստ էի, եթե գտնվեինք ռացիոնալիզմի դաշտում, բայց ունեք քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից՝ դեմ քվեարկել»,- ասաց Ղազինյանը` հավելելով, որ նպատահարմար չի համարում մասնակցությունը նման քննարկմանը:
Ղազինյանը պնդեց` իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը փոխել թեկնածուին ու զիջել պաշտոնը: Ղազինյանի թեկնածությունն այս անգամ ևս մերժվեց:
Մեկնաբանել