HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՊՆ-ն հերքում է. Արշակ Կարապետյանը Մոսկվայում չի հանդիպել Ադրբեջանի ներկայացուցչի հետ

2021 թվականի սեպտեմբերի 15-ին հայկական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ ՀՀ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում, «Արևմուտք 2021» զորավարժությունների ժամանակ, հանդիպել և գաղտնի բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ։ Նշվում էր, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարճ ժամանակով ընդհատել էր բանակցությունները, վերադարձել Երևան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել բանակցությունների ընթացքը, որից հետո դարձյալ վերադարձել Մոսկվա՝ շարունակելու այն։

Լուրը ճշտելու նպատակով «Հետք»-ը 2021 թվականի սեպտեմբերի 17-ին հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ հասկանալու, թե նման հանդիպում տեղի՞ է ունեցել այդ զորավարժությունների շրջանակներում։ Մասնավորապես, պաշտպանական գերատեսչությանը հարցրել էինք՝ արդյոք Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եթե այո, ապա ինչ հարցեր են քննարկվել, և արդյոք քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցը։

Ինչպես հաճախ է լինում, հարցմանը պատասխանելու 5-օրյա ժամկետը լրանալուց հետո Պաշտպանության նախարարությունը խնդրեց օրենսդրությամբ սահմանված հավելյալ 30 օրացույցային օր։

Հոկտեմբերի 4-ին ՊՆ-ն, մեր հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ «Արևմուտք-2021» զորավարժությունների ակտիվ փուլին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն գործուղման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը որևէ հանդիպում չի ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ և որևէ բանակցություն չի վարել վերը նշված հարցերի շուրջ։ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունում ևս որևէ խոսք չկար ադրբեջանական կողմի հետ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպման մասին։

Հիշեցնենք, որ «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը մեկնարկել էր սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի «Մուլինո» զորավարժարանում։ Դրան ներգրավված են եղել Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում էր տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով:

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter