HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գնել Սանոսյանը վստահեցնում է, թե համայնքների խոշորացման հիմքում անձնական դրդապատճառներ չկան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ զրուցել ենք համայնքների խոշորացման նոր նախագծերի, բարձրաստիճան պաշտոնյաների համար արված բացառությունների և համայնքները միավորելու վերջնական նպատակներին այդպես էլ չհասնելու պատճառների մասին:

Պրն Սանոսյան, ի՞նչ սկզբունք է դրվել համայնքների վարչական բաժանման նախագծերի հիմքում, և ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել Կառավարությունը՝ համայնքները միավորելու այս տարբերակով:

Սկզբունքը քննարկելիս փորձել ենք հաշվի առնել, թե հիմնականում ինչ խնդիրներ և խոչընդոտներ կան, որ եղած համակարգը երբեմն իրեն չի արդարացնում: Մյուս կողմից՝ փորձել ենք հասկանալ, թե մեր պետական այլ կառույցները, գերատեսչություններն ինչպիսի բաշխվածություն կամ կառուցվածք ունեն, և համայնքներն ինչպես են նրանց հետ առնչվում: Օրինակ՝ վաղուց խորհրդային շրջանները չկան, բայց պետական մի շարք գերատեսչությունների կառուցվածքը հենց այդպիսին է: Օրինակ՝ ոստիկանության բաժինները, որոնք, շրջկենտրոնից բացի, սպասարկում են նախկին շրջանների բոլոր գյուղերը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային մասնաճյուղերը, բժշկական ծառայությունները և այլն: Այսինքն, մեր երկրի մի շարք ոլորտներում դեռևս կան համակարգեր, որոնք շրջանային բաշխվածություն ունեն, և դա մեզ համար եղել է կարևոր կետերից մեկը: Մյուս փաստարկն այն է, որ փոքր համայնքները չեն կարողանում իրենց գործունեությունից բխող մի շարք ծառայություններ մատուցել, և համայնքները պետք է միավորել: Ինչպես նաև՝ բնակչության մեջ սովետական շրջանի գաղափարը շատ ամուր է նստած, հաճախ համաձայնություն են տալիս շրջաններով միավորվելուն, և մենք, մեծ հաշվով, գնացել ենք այդ ուղղությամբ:

Որտեղ հնարավոր է՝ վերադարձել ենք սովետական շրջաններին, բայց դա, իհարկե, սովետին վերադառնալու գործընթաց չէ: Դա չի նշանակում նաև, որ մենք ամբողջովին պետք է վերադառնանք դրան, որի համար երկու պատճառ կա. մեկը՝ չենք կարող ասել, որ դա ժամանակին ճիշտ բաժանում է եղել, բավականին երկար ժամանակ է անցել, և հնարավոր է՝ շատ բաներ փոխված լինեն: Մենք 37 համայնք միավորելու նախագիծ ենք ներկայացրել և դրա գրեթե կեսով շրջանները վերականգնում ենք, բայց ասածներս հաշվի առնելով` մի շարք վայրերում շրջանային տարբերակի ենք գնացել, մի շարք վայրերում՝ փնջային տարբերակի:

2015թ.-ին ընդունված վարչատարածքային բարեփոխումների ծրագրի հիմքում դրված էր հայեցակարգ և մեթոդաբանություն՝ համայնքները միավորել փնջային կամ շրջանային մոդելով: Ժամանակին քննարկումներով հավանություն տրվեց միավորման փնջային մոդելին։ Ներկայում, երբ չկա լուրջ ուսումնասիրություն, թե ինչ ռիսկեր կան միավորման շրջանային մոդելի դեպքում, ինչը հաջողվեց, ինչը՝ ոչ, միանգամից անցում կատարվեց կրկնակի խոշորացման՝ շրջանային տարբերակով: Նկատի ունենանք, որ ամենալավ ծրագրերն անգամ ռիսկեր ունենում են:

2016-17թթ.-ին համայնքները միավորելու արդյունքներով երկուսն էլ ունենք՝ և՛ փնջային, և՛ շրջանային տարբերակը: Մեր վերլուծությունները, եզրահանգումները բխել են այդ միավորումներից, և փորձը ցույց է տալիս, որ եթե միավորված համայնքում սուբյեկտիվ գործոններ չեն լինում, ինչը, ցավոք, մի շարք տեղերում ունենք, համակարգը բավականին լավ աշխատում է: Հիմա շատ ավելի պատրաստ ենք այս գործընթացին, քան 2016-17թթ.-ին՝ հաշվի առնելով, որ բավականին մեծ փորձ կա, մեթոդական որոշակի աշխատանք է արվել, շատ տեղերում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են ստեղծվել, էլեկտրոնային ծառայությունների համակարգն ավելի շատ ծառայություններ ունի հիմա, քան նախկինում և այլն: Այսինքն, բավականին շատ աշխատանք է կատարվել: Բայցև ընդունում ենք, որ համակարգն ամբողջովին պատրաստ չէ ընդունելու և սպասարկելու բոլոր ծառայությունները: Օրինակ՝ 60 պետական ծառայությունից միայն 18-ն է համայնքը կատարում, բայց գործընթացը կա և հույս ունենք, խոշորացման գործընթացին զուգահեռ, ծառայությունների աստիճանը շատ ավելի բարձրացնել:

Կան մարզեր, որտեղ համայնքների միավորումները բացառապես կատարվել են շրջանային մոդելով: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզը, որ տարածքով ամենամեծն է hանրապետությունում, այստեղ 5 համայնք է ձևավորվել՝ միավորելով նախկին շրջանները՝ Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ և նրանց կողքին՝ նախկինում խոշորացված Շողակաթ համայնքը՝ 6 բնակավայրով (միավորվել է 5 գյուղ Ճամբարակից և 1 գյուղ Վարդենիսից): Ինչո՞ւ Ճամբարակի 5 գյուղը չեք միավորել այդ շրջանի հետ և խոշոր շրջանների կողքին նախկինում փնջային մոդելով միավորված համայնքը թողել եք:

Գեղարքունիքի մարզի պարագայում սա ժամանակավոր լուծում է: Սովետական շրջանում Գեղարքունիքի մարզում 5 համայնք է եղել, և մենք մտադիր ենք մարզում ունենալ 5 համայնք՝ վերականգնելով նախկին սովետական շրջանները: Նախկին Ճամբարակի շրջանը հիմա բաժանված է երկու համայնքի՝ Ճամբարակ և Շողակաթ, երկուսն էլ կայացած համայնքներ են, լավ են աշխատում: Երկու համայնքում էլ ՏԻՄ հերթական ընտրությունները տեղի կունենան 2022թ.-ին, այդ ժամանակ այդ երկու համայնքը կմիավորվի:

Պրն Սանոսյան, նախարարության ներկայացրած նախագծերում կան այլ համայնքnեր, որտեղ հերթական ՏԻՄ ընտրությունները հաջորդ տարի են լինելու, բայց այս տարի միավորվում են այլ համայնքների հետ: Ինչո՞ւ նույն սկզբունքը չի գործել բոլորի դեպքում: Երկրորդ՝ Գեղարքունիքի մարզում կա Գեղամասար համայնքը, որի բնակչության համար ընդունելի չէ երկրորդ անգամ Վարդենիս համայնքի հետ միավորվելը: Գեղամասարի բնակիչները նախկին փախստականներն են, և հասկանալի է, որ նրանք նաև մշակութային տարբերություններ, ընդգծված տարաձայնություններ ունեն վարդենիսցիների հետ: Ինչո՞ւ Շողակաթի համար որդեգրված սկզբունքը չի գործել Գեղամասարի դեպքում, չեք ընդառաջել նրանց:

Ինչո՞ւ ենք որոշել այդ տարածաշրջանում ավելի խոշոր համայնքներ ունենալ: Եթե այդ համայնքը այդ փնջի մի մասն է, ստացվում է, որ երկրորդ անգամ է խոշորացվում: Չգիտես, թե ինչու մենք չենք նշում, որ Վարդենիսն էլ է խոշորացված համայնք, համայնքի ղեկավարը 2019թ.-ին է ընտրվել և բավականին ժամանակ կա, որ այնտեղ հերթական ՏԻՄ ընտրություն լինի: Վարդենիսի տարածաշրջանի մի մասը Վարդենիս և Գեղամասար համայնքներն են, իսկ մյուս համայնքները մնացել են առանձին, որոնց մեջ բավական շատ են փոքր համայնքները, մենք որոշել ենք նոր համայնքային փնջեր չստեղծել: Դրա համար որոշ համայնքներ երկրորդ անգամ են խոշորացվում: Ինչ վերաբերում է Գեղամասարի հետ կապված մյուս հարցին, որ բնակիչները նախկին փախստականներ են, որոշակի առանձնահատկություններ կան, հատկապես այդ առումով շատ ճիշտ է, որ նրանք լինեն մի համայնքում: Որովհետև 30 տարի անց տեղացի և երկվոր, տեղացի և փախստական տարբերակում դնելը ճիշտ չէ: Բոլորը մեր հայրենակիցներն են, արդեն 30 տարի ապրում են այնտեղ և շատ լավ կլինի, որ մեկ միավորված համայնքում համերաշխ կարողանան ապրել: Պետք չէ անընդհատ հիշեցնել, որ նրանք փախստականներ են:

Կարո՞ղ եմ այս դեպքում արձանագրել նաև, որ Շողակաթ համայնքը չմիավորելու դեպքում ՏԿԵ նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանի գործոնն է դերակատարություն ունեցել, քանի որ նրա հայրն է Շողակաթ համայնքի ղեկավարը:

Որևէ քաղաքական կամ անձնական պատճառ չկա, երկու համայնքում էլ ընտրությունները հաջորդ տարի են լինելու, և 2022թ.-ին կմիավորենք: Մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու, և հարցը միայն Շողակաթին ու Ճամբարակին չի վերաբերում: Մենք hանրապետությունում էլի խոշորացված տարբերակներ ունենք, որոնք 2022թ.-ի ընտրությունների ժամանակ կվերանայենք: Լիլիա Շուշանյանը բացարձակապես դերակատարություն չի ունեցել այս հարցում:

Իսկ Ստեփանավանի շրջանը, որը ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ծննդավայրն է, ինչո՞ւ չեք միավորել նույն շրջանի Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքների հետ, որոնք 2017թ.-ին փնջային մոդելով էին միավորվել: Նոյեմբերի 14-ին Ստեփանավանում ընտրություններ են նշանակված, կարող էիք նույն սկզբունքով այս շրջանը միավորել:

Այնտեղ էլ 2022թ.-ին է ՏԻՄ ընտրությունը տեղի ունենալու:

2017թ.-ին, երբ նախորդ իշխանությունը համայնքների հերթական միավորումն իրականացրեց, ես մի հոդված հրապարակեցի, որը վերնագրել էի այսպես. «Բոլոր համայնքները հավասար են, սակայն որոշ համայնքներ ավելի հավասար են, քան մյուսները»։ Այս նախագծով նախորդ իշխանության արտոնյալներից վերցրիք իրենց շնորհած «առավելությունները», բայց նույնը կրկնեցիք յուրայինների համար: Կառավարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ծննդավայրերը չեն խոշորացվելու շրջանառվող նախագծերով, ինչո՞ւ։

Ես չեմ ասում, որ մեր նախագծած միավորման տարբերակն իդեալական է, թերացումներ կամ ոչ ճիշտ միավորումներ չկան, բայց ուզում եմ վստահեցնել, որ խոշորացման քարտեզում չեք գտնի որևէ համայնք, որտեղ անձնական դրդապատճառներից ելնելով՝ ինչ-որ բան է արվել: Միգուցե ասեք` ինչո՞ւ եք սպասում 2022թ.-ին, բայց, մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու, այնտեղ էլ մյուս տարի այդ հարցերը կկարգավորենք:

Երրորդ ՏԻՄ ընտրությունն է այս տարի անցկացվելու, որի ժամանակ համայնքների միավորում է իրականացվում, և այդ կիսատ-պռատությունը քարշ ենք տալիս՝ սխալների ուղղումը տեղափոխելով հաջորդ ընտրություններ: Իրականում, շարունակում ենք պահպանել համայնքների անհամաչափությունը, որ նույնն է՝ հետաձգում ենք խոշորացման նպատակի իրագործումը: Վարչատարածքային բարեփոխումների մասին երբ հայտարարվեց, բոլորիս համոզում էին, որ տեղական ինքնակառավարման զարգացմանը խոչընդոտում է համայնքների անհամաչափությունը:

Այո, որոշակի անհամաչափություն, կարծում եմ, հիմա էլ կա, բայց շատ է փոխվել, շատ մեղմվել է: Մենք հիմա չունենք 110 000 բնակիչ ունեցող համայնք և 200 բնակիչ ունեցող համայնք, եթե ազգային փոքրամասնություններին նկատի չունենանք:

Ունենք, օրինակ, Գորայք համայնքը Սյունիքում:

Սյունիքի համայնքները կայացել են, պատերազմի ժամանակ էլ լավ են դրսևորել իրենց, և այդ հանգամանքը հաշվի առնելով` չենք անդրադարձել Սյունիքին: Բայց միակ հանգամանքը Սյունիքում Գորայքի հետ է կապված, և այն պայմանավորված է Գորայքի տեղադիրքով, հանքարդյունաբերական համայնք լինելով և այլ գործոններով: Գորայքն այդպես թողնելը ճիշտ որոշում է:

Վեդի քաղաքը Արարատի մարզկենտրոնն է եղել, հիմա ինչո՞ւ եք առանձին համայնք դարձրել, եթե ողջ Արարատի մարզը միավորել եք շրջանային տարբերակով:

Վեդիի հետ կապված հետևյալ շեղումն է արվել. առաջնորդվել ենք, թե մարզում քա՞նի քաղաք կա: Արարատի մարզում երեք շրջան կա, բայց 4 քաղաք՝ Արարատ, Վեդի, Մասիս, Արտաշատ: Համայնքները ձևավորել ենք քաղաքների շուրջ, և նրանցից յուրաքանչյուրի շուրջ բավականին մեծ թվով համայնքներ են միավորվել: Այդպես շատ տեղերում ենք վարվել, դրա համար էլ Կոտայքի մարզում ամենաշատն են մասնատված համայնքները, որովհետև ամենաշատ քաղաքներն այդ մարզում են:

Բայց այդ սկզբունքը չեք կիրառել Կոտայքի մարզի Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների դեպքում: Երկու քաղաքը միավորել եք նույն համայնքում:

Այո, ստացվում է, որ այդ սկզբունքը պահպանել էինք բոլոր քաղաքների դեպքում և միակ համայնքը, որտեղ երկու քաղաք ենք միավորում մեկ համայնքում, Եղվարդն էր: Արդեն առանձնացրինք այդ համայնքները, տարբեր կարծիքներ, դիմումներ, բողոքներ էինք ստացել այս նախագծի հետ կապված: ԱԺ-ում քննարկումների ընթացքում եկանք այն եզրահանգման, որ բերված փաստարկները բավականին արդարացի են և երկրորդ ընթերցումով փոփոխեցինք նախագիծը: Եվս մեկ փոփոխություն արվել է Արմավիրի մարզում: Տեսնելով, որ բնակչության ներկայացրած փաստարկները հիմնավոր են, համայնքային կենտրոնը Ջրառատից տեղափոխեցինք Գայ:

Մեկնաբանություններ (1)

Գեորգ
Բնակավայրերի կամ համայնքների միացում ու բաժանում կատարվել է շատ անգամներ, սկսած կոլխոզ - սովխոզներից մինչեւ հիմա: Ու դա բերել է հիմնականում բացասական հետեւանքների՝ թե միացման եւ թե բաժանման դեպքերում: Ասվածի մեջ կարելի է համոզվել թվերի համեմատությամբ: Կարելի է տեսնել, որ ընդհանուր ցուցանիշները (արտադրանքի ծավալները, անասունների գլխաքանակը, վար ու ցանքը եւ այլն) համարյա միշտ նվազել են այդ փոփոխությունների հետեւանքով: Իսկ ինչու՜ է այդպես, երեւի ոչ մեկը երբեք խորապես չի մտածել, ոչ այն ժամանակ, ոչ էլ, առավել եւս, հիմա: Երեւի միացնելիս կողմնորոշվել են ,,դե ինչքան մեծ լինի, էնքան լավ կլինի,, մանկական ընկալումով: Հետո երբ տեսել են լավ չեղավ, մտածել են թե լավ ,,նորից բաժանենք, որ գոնե առաջվա նման լինի,,: Բայց ... ավելի է վատացել: Սա է իրականությունը, որի պատճառները հասկանալու համար մասնագետ ուղեղ պետք է աշխատեր մի քիչ, կամ գոնե տնտեսագիտական քթի ծակ պետք էր ունենալ: Համայնքների միացման ներկայիս մեծագույն մասնագեթ պ-ն Տերտրյանը այսպիսի մի խորիմաստ հիմնավորում արեց տարիներ առաջ՝ ,,Գյուղերը կմիացնենք, կտեսնեք որ լավ կլինի: Իսկ եթե տեսանք, որ չի լավ լինում, էլի կբաժանենք, ի՜նչ ա եղել,, Այստեղ կարելի էր ասել - ,,տերդ խնդա, մասնագիտական գիտելիքներովդ,, (բայց չասենք, որ չնեղանա:) Դրա փոխարեն միայն կփորձենք բացատրել, որ գյուղ քաղաք, բնակավայր առաջանում ու զարգանում են ըստ առկա բնական ռեսուրսների ու աշխատէլ-ապրելու հնարավորությունների, որոնք Հայկական լեռնաշխարհում խիստ տարբեր կարող են լինել: Այսինքն մեզ մոտ ամեն մի բնակավայր, որպես կանոն, իր ուրույն ձեւով է ապրում (կամ գոյատեւում:) Սրանից էլ կարելի էր գլխի ընկնել, որ շատ ռիսկային կլինի մտնել մի կերպ ձեւավորված ու բալանսավորված համակարգերի մեջ ու ինչ-որ գաղափարներով միջամտություններ կատարել՝ ,,փորձ - սխալ,, պրիմիտիվ մեթոդով, այսինքն այն ինչ տեսնում ենք փաստացի, բայց չենք հասկանում, կամ չենք էլ ուզում հասկանալ: Իսկ ամենավրդովեցնողն այն է, որ գյուղական բնակիչների կարծիքներն ու ցանկությունները այս իրենց համար կարեւոր հարցում ուղղակի արհամարվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter