
Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի սահմանափակման նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն այսօրվա` հոկտեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի ծրագրի սահմանափակմանը: Այն ընդունվեց 59 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ փոփոխություններով առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը:
Փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, հիփոթեքային վարկը պետք է ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ` երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը, այնուհետև 1.5 տարի դադար է առաջարկվում: Երևանի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը:
Շինարարական նախագծերի շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները, ըստ որի` եթե շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:
Նշենք, որ փոփոխությունները չեն կարող տարածվել այն շահառուների վրա, որոնք ծրագրից օգտվել են մինչ այս փոփոխությունները:
Մեկնաբանել