HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրով. «Ռուսաստանն ու Իրանը քննարկել են Թուրքիայի և Անդրկովկասի երկրների հետ «3+3» ձևաչափի ստեղծման հարցը»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» ձևաչափի ստեղծման հարցը, որը կզբաղվի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։

Լավրովը հայտարարել է, որ հենց Մոսկվան է որոշիչ դեր ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կանգնեցման և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների մակարդակով եռակողմ համաձայնագրի կնքման գործում, համաձայն որի տարածաշրջանում տեղակայվել է ռուսական խաղաղապահ անձնակազմ։

«Բացի այդ, այդ համատեղ հայտարարության մեջ կային սկզբունքներ, որոնք սահմանում են կարգավորման առաջխաղացմանն ուղղված համատեղ քայլերը, ներառյալ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, տարածաշրջանում տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակումը, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Վրաստանը։ Դրանից կշահեն նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ որպես այդ երեք հանրապետության ամենամոտ հարևաններ»,- նշել է Լավրովը։

Վերջինիս պնդմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է այս նախաձեռնությունը։ «Մենք այսօր քննարկել ենք այս նախաձեռնությունը, որպեսզի ստեղծենք «3+3» ձևաչափը՝ անդրկովկասյան երկրների և նրանց հարևան՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև»,- ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ իրանական կողմը դրական վերաբերմունք ունի գաղափարի վերաբերյալ։ Այդպիսի վերաբերմունք կա նաև Ադրբեջանում և Թուրքիայում։ «Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանն էլ, չնայած իր ունեցած բոլոր խնդիրներին, կկարողանա իր արմատական հետաքրքրությունը տեսնել այդ տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման այնպիսի մեխանիզմի ստեղծման հարցում, որը երկար ժամանակ զսպել է իր զարգացումը այստեղ առկա հակամարտությունների պատճառով»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Երեք երկրի ղեկավարների համատեղ հայտարարությունն ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, որի արդյունքում Արցախում դադարեցվել են ռազմական գործողությունները։ Համաձայն այդ հայտարարության՝ ադրբեջանական և հայկական կողմերը մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ այնուհետ մի շարք շրջաններ՝ անցնում Բաքվի վերահսկողության ներքո, իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվում էին ռուս խաղաղապահներ։

2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եռակողմ բանակցությունների արդյունքում որոշվել էր ստեղծել փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter