HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակի ընտանիքը Լոնդոնում, Դուբայում և Մոսկվայում 10 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույք ունի

Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Օքթայ Ասադովի կինը, ինչպես նաև նրա երկու դուստրերն ու նրանց ամուսինները շքեղ անշարժ գույք ունեն Լոնդոնում, Դուբայում և Մոսկվայում։ Այդ մասին պարզ է դառնում OCCRP-ի հերթական հետաքննության մեջ, որն արվել է «Պանդորայի փաստաթղթերի» ուսումնասիրության ընթացքում։ Նրանք օգտագործել են օֆշորային ընկերությունների, որպեսզի հանրությունից թաքցնեն իրենց սեփականությունը։ 

Ընդհանուր առմամբ, Ասադովների ակտիվները գնահատվում են գրեթե 10 միլիոն ԱՄՆ դոլար, թեև այդ ժամանակից ի վեր նրանք վաճառել են առնվազն մեկ օբյեկտ։ 

Ասադովը 2005-2019 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ Առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2000 թվականին և մինչ օրս աշխատում այնտեղ։ Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ասադովի տարեկան եկամուտները չեն գերազանցել 30 հազար դոլարը։ Նրա կինը՝ Զեմֆիրա Ասադովան աշխատել է որպես մանկապարտեզի տնօրեն։ 

2007 թվականին Զեմֆիրա Ասադովան Մոսկվայի «Տրիումֆ Պալաս» բնակելի համալիրում ձեռք է բերել 148 քառակուսի մետր մակերեսով բնակարան։ Համանման չափերի բնակարանները ներկայումս վաճառվում են 1,4-1,7 միլիոն դոլարով։ Մեկ տարի անց նա ձեռք է բերել «Արիզարում Գրուպ»-ը, որին Մոսկվայի հարավում պատկանում են առևտրային մեծ տարածքներ։

Համաձայն «Արիզարում Գրուպ»-ի ֆինանսական հաշվետվությունների՝ 2013 թվականին ընկերության եկամուտը կազմել է մոտ 800 հազար դոլար։ Ռուսաստանի անշարժ գույքի ռեեստրի համաձայն՝ 2013 թվականին ընկերության անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմել է երկու միլիոն դոլար։ 

Ասադովի երկու դուստրերը՝ Նարմինան և Նիգյարը, Բաքվում հիմնել են մասնավոր մանկապարտեզ, իսկ Նիգյարը պետական ծննդատանը նաև բժիշկ է աշխատում։ C4ADS հետաքննական կազմակերպության տվյալները փաստում են, որ 2016-2018 թվականներին Նիգյար Ասադովան Դուբայի Al Bateen Residences համալիրում ձեռք է բերել երկսենյականոց բնակարան։ Նիգյարի ամուսինը՝ Բաքվի դատախազի նախկին տեղակալ Մեհման Գոջաևը 2014-2016 թվականներին Դուբայում ևս ձեռք է բերել անշարժ գույք։ Մասնավորապես, Ջումեյրա պարկ էլիտար շրջանում 740 հազար դոլարով նա ձեռք է բերել երեք սենյականոց բնակարան։ 

Գոջաևը նաև գրասենյակային տարածքներ է ձեռք բերել HDS Tower JLT համալիրում։ Գործարքի ընդհանուր արժեքն անհայտ է, սակայն գրասենյակներն այնտեղ արժեն 136 000 - 300 000 ԱՄՆ դոլար։ Գոջաևը Լոնդոնի էլիտար Ռիջենթս պարկ շրջանում էլ 1,2 միլիոն դոլարով 2009 թվականին ձեռք է բերել երեք սենյականոց բնակարան։

Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքն արգելում է պետական ծառայողներին զբաղվել բիզնեսով։ Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակի փեսան թուրքական երկու ընկերություններում ունեցել է մասնաբաժին, որոնցից մեկը զբաղվել է մետաղների վաճառքով, իսկ մյուսը՝ շինարարությամբ։ Գոջաևը եղել է նաև ընկերություններից մեկի տնօրենը։ Բիզնեսի մասշտաբներն անհայտ են։ Երկու ընկերություններն էլ լուծարվել են 2017 և 2018 թվականներին։ 

Ասադովի կրտսեր դուստրը՝ Նարմինան, որն ամուսնացած է եղել Ադրբեջանի արդարադատության նախարարության նախկին աշխատակից և Լոնդոնի Kamom իրավաբանական ընկերության նախկին իրավախորհրդատու Քամրան Բալաևի հետ, Լոնդոնի Հայդ պարկի մոտ ձեռք է բերել բնակարան։ Այդ ժամանակ ամուսինները 20 տարեկան էին։ Այնուհետ նրանք ևս մեկ բնակարան են գնել։ Բալաևը եղել է Լոնդոնի քաղաքապետի թեկնածուներից մեկը և հավաքել մոտ 8000 ձայն։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ նա քննադատել է գործող քաղաքապետ Սադիք Խանին այն բանի համար, որ վերջինս «կառուցում է շքեղ տներ»։ Ավելի ուշ, ամուսինները բաժանվել են։

Ասադովի ընտանիքի բոլոր ակտիվները, որոնք ներկայացվել էին վերևում, գրանցված են եղել ընտանիքի անդամների անուններով։ Միակ բացառությունը Նարմինա Ասադովայի և նրա նախկին ամուսնու Լոնդոնի երկրորդ բնակարանն է։ Այն պատկանում էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված NNM Investment ընկերությանը, որը պատկանում է Ասադովային և Բալաևին։ Այդ ամենը պարզ է դարձել նրանց իրավաբանների և NNM-ը գրանցած պանամական Alcogal իրավաբանական ընկերության ներկայացուցիչների նամակագրությունից։

Էլեկտրոնային նամակագրությունից նաև պարզ է դառնում, որ ամուսնալուծությունից հետո Բալաևը փորձել է ստանալ ընկերության մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը և նախկին կնոջ պես դառնալ դրա տնօրեն։ Նա գրել է Alcogal-ին, որ լիազորագիր ունի Ասադովայից նման նշանակման համար։ Սակայն իրավաբանները հայտարարել են, որ Նարմինա Ասադովան համաձայն չէ այդ որոշման հետ և չեղարկել են լիազորագիրը։ Ամուսնալուծությունից հետո Նարմինա Ասադովան ստացել է և’ ընկերությունը, և’ բնակարանը։ Ավելի ուշ, նա բնակարանը վաճառել է 1,9 միլիոն բրիտանական ֆունտով (2,3 միլիոն դոլար)։

Ամուսնալուծությունից հետո Բալաևն օգտագործել է ևս երկու օֆշորային ընկերություն, Լոնդոնում ավելի քան 3,1 միլիոն բրիտանական ֆունտ արժեցող անշարժ գույք ձեռքբերելու համար։

Լուսանկարը՝ James O’Brien/OCCRP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter