HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանների կողմից խոշտանգման դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվում են, ծառայողական քննությունները՝ մնում անհետևանք

Հայաստանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու, խոշտանգելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նույնիսկ կեսը դատարան չի հասնում: Դրանք կարճվում են՝ արարքում հանցակազմի բացակայության կամ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Մի մասն էլ երկար ժամանակ կասեցված է մնում՝ մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով:

2020թ. մարտի 30-ին Տիգրան Կարապետյանը Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էր ներկայացրել, որ օրեր առաջ՝ մարտի 27-ի գիշերը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրեն ծեծելով բերման են ենթարկել բաժին: Այնտեղ շարունակել են իր նկատմամբ բռնություն գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առիթով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Տիգրան Կարապետյանը ճանաչվել է տուժող:

Սակայն, քննիչ Ա. Մաիլյանի 28.09.2020թ. որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է այն պատճառաբանությամբ, թե «Ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար»: Քննիչը գտել է, որ կատարված հանցագործության ամբողջական հանգամանքները բացահայտելու, ենթադրյալ հանցանքը կատարած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ են այլ քննչական գործողություններ, որոնք հնարավոր է կատարել նաև վարույթը կասեցված վիճակում:

Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Տ. Կարապետյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ, այդ թվում՝ ձախ այտոսկրի կոտրվածք:

Ըստ Տ. Կարապետյանի՝ Երևանի Օհանովի փողոցում իրեն և ընկերոջը մոտեցել են քաղաքացիական հագուստով տղաներ և վիճաբանություն է առաջացել՝ իր կողմից ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ: Այդտեղ ծեծի են ենթարկել իրեն, որից հետո տարել են ոստիկանության Մալաթիայի բաժին և այնտեղ շարունակել են ծեծն ու նվաստացումները: Այդ ժամանակ է կռահել, որ քաղաքացիական հագուստով անձինք եղել են ոստիկաններ: Տիգրանի խոսքերով՝ ոստիկանության բաժանմունքում իրեն ձեռնաշղթաներ են հագցրել և շարունակել են ծեծել, վրան լցրել են բժշկական սպիրտ և այլն: Սպառնացել են, որ կմտցնեն զուգարան և կստորացնեն:

Քրեական գործ է հարուցվել նաև Տիգրան Կարապետյանի նկատմամբ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2020թ. մարտի 27-ին՝ ժամը 05:25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի օպեր-լիազորները ծառայություն իրականացնելիս Երևան քաղաքի Օհանով փողոցում նկատել են սրընթաց երթևեկող «MITSUBISHI PAJERO 300 GLS» մակնիշի ատոմեքենա, որը կայանել են նույն փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ:

Վեճ է առաջացել: Մինչ մեքենան նստելը, ըստ մեղադրանքի՝ Տ. Կարապետյանը հայհոյել ու ձեռքով հարվածել է ոստիկանության օպեր-լիազոր Հովհաննես Հովհաննիսյանի դեմքին՝ աջ աչքի ստորին կոպի շրջանում պատճառելով սալջարդ վերք, որը պատճառել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով: «Այդ կերպ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել ծառայողական պարտքը կատարող ՀՀ իշխանության ներկայացուցչի նկատմամբ»,- նշված է մեղադրական եզրակացությունում:

Ուշագրավն այն է, որ Տիգրան Կարապետյանին ոստիկանության ծառայողների կողմից ծեծի ենթարկելու գործը «քնեցրել» են, իբր հնարավոր չէ գտնել ոստիկանության՝ ծեծող և խոշտանգող ծառայողներին: Սակայն իրավապահներն արագ բացահայտել են «ոստիկանին ծեծելու» գործը և 2021թ. մայիսի 3-ին ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Տուժող Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ քննիչի կասեցման որոշումը բողոքարկել է դատախազություն: Սակայն, բողոքը չի բավարարվել, ինչից հետո դիմել են դատարան՝ կասեցման որոշումը վերացնելու և տուժողի  իրավունքների և ազատությունների խախտման փաստը ճանաչելու պահանջով: Գործը մոտ մեկ տարի է՝ գտնվում է դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում, որն այդպես էլ չի քննում բողոքը:

Ըստ Ա. Ղարագյոզյանի՝ նախաքննական մարմնի նման վարքագիծը խոսուն վկայությունն է այն բանի, որ ի սկզբանե, նախաքննության առաջին իսկ օրվանից գիտակցել են, որ ոստիկանները ծեծի ենթարկելու, դաժան, անմարդկային վերաբերմունք գործադրելու համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու:

Փաստաբանի կարծիքով՝ վարույթը կասեցնելու մասին քննիչի պատճառաբանությունն անհիմն է և ապօրինի: Պարզապես վարույթն իրականացնող մարմինը չի ցանկանում բացահայտել իրականությունը և անգործություն է դրսևորում:

Նշենք, որ Մալաթիայի ոստիկանության բաժնում տեղադրված են եղել տեսանկարահանող սարքեր, սակայն «պատահմամբ» դեպքի ժամանակ տեսագրություն չի իրականացվել:

«Մալաթիայի ոստիկանության բաժնում տեսանկարահանող սարքերով տեսագրություն չի իրականացվել, քննիչի մոտ հարց չի առաջացել, թե ինչու տեսաձայնագրություն չի իրականացվել, արդյոք դեպքի նախորդող օրերին տեսաձայնագրություն իրականացվել է, թե՝ ոչ։ Եթե նախորդող օրերին տեսանկարահանում իրականացվել է, ապա դրանով կհիմնավորվի, որ ոստիկանները նաև ապացույց են պարտակել և կարևոր տեսաձայնագրությունը ջնջել են։ Քննիչի կողմից բավարար քննություն չի իրականացվել՝ պարզելու, թե այդ օրն ինչ նպատակով տեսաձայնագրություն չի իրականացվել»,- ասում է Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանը նշում է, որ վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ ճանաչման չի ներկայացրել բռնություն գործադրող ոստիկաններին, չի հարցաքննել տուժողի հորը, որն անմիջապես դեպքից հետո մանրամասն տեղեկացված է եղել դեպքի հանգամանքերի և իր տղային բռնության ենթարկելու մասին և այլն:

Քրեական գործերի ու ծառայողական քննությունների պատկերը

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ վերջին 4 տարի 8 ամսվա ընթացքում՝ 2017-2021թթ. (օգոստոսի 31-ի դրությամբ) ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու, խոշտանգելու դեպքերի առթիվ հարուցվել է 310 քրեական գործ: Ամենաշատ քրեական գործերը հարուցվել են նախորդ տարի՝ 2020թ.-ին՝ 87: Ամենաքիչ քրեական գործերը հարուցվել են 2017-ին՝ 7: Միայն այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ հարուցվել է 60 քրեական գործ:

Made with Flourish

Հարուցված քրեական գործերի քանակով առաջինը Երևան քաղաքի վարչությունն ու ենթակա ստորաբաժանումներն են՝ 131 գործ, հաջորդը Լոռու մարզային վարչությունն ու ենթակա ստորաբաժանումներն են՝ 34: Վերջին 4.8 տարվա ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու, խոշտանգելու դեպքերով ամենաքիչ քրեական գործը հարուցվել է Վայոց Ձորի մարզում՝ 3:

Made with Flourish

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական գործերով անցնող ծառայողների թվաքանակի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի տարվում, հետևաբար չեն կարող տվյալներ փոխանցել, թե քանի ոստիկանության ծառայող է անցնում քրեական գործերով:

Սակայն, հաշվի առնելով հարուցված քրեական գործերի շարժը՝ պատկերն արդեն պարզ է, որ ոստիկանության ծառայողների մեծ մասը ջրից «չոր» է դուրս գալիս: Մասնավորապես, ըստ ոստիկանության տրամադրած տեղեկատվության, օրինակ՝ 2020թ. հարուցված 87 գործից 68-ը կարճվել է՝ հանցակազմի բացակայության կամ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: 16 գործ կասեցվել է՝ մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Ընդամենը 1 գործ գտնվում է նախաքննության փուլումը, 2-ը՝ գտնում է դատաքննության փուլում:

Made with Flourish

Նույն պատկերն է նաև ոստիկանության ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում քաղաքացիներին խոշտանգելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ստացված դիմում-բողոքների կապակցությամբ ոստիկանությունում կատարված ծառայողական քննությունների դեպքում:

Մասնավորապես, 2017-2021թթ. (սեպտեմբերի 13-ի դրությամբ) նշված դիմումներով նշանակվել է 502 ծառայողական քննություն, որից 460-ով ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու, խոշտանգելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, և արդյունքները թողնվել են անհետևանք: Մնացած 42-ից 35-ի ընթացքը կասեցվել է՝ մինչև հարուցված քրեական գործերով վերջնական որոշում կայացնելը, իսկ ծառայողական 7 քննություն գտնվել է ընթացքում:

Ամենամեծ թվով ծառայողական քննություն նշանակվել է 2018թ.-ին՝ 148, որից, սակայն, 147-ը թողնվել է անհետևանք, մեկի ընթացքը կասեցվել է: Այս տարվա սեպտեմբերի 13-ի դրությամբ 2021թ. նշանակվել է 58 քննություն, որից 31-ը թողնվել է անհետևանք, 20-ի ընթացքը կասեցվել է, իսկ 7-ը ընթացքի մեջ է:

Made with Flourish

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը, տարբեր դեպքերով բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժ կարող է գործադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Նույնը վերաբերում է նաև այնպիսի հատուկ միջոցի կիրառությանը, ինչպիսին ձեռնաշղթան է: Այն կարող է կիրառվել բացառապես անհրաժեշտ դեպքերում՝ ելնելով, օրինակ, մարդու վտանգավորությունից ու փախուստի հավանականությունից, այլ ոչ թե որպես հատուկ կիրառվող զրկանք կամ լրացուցիչ «պատիժ»: Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որը ոտնահարում է մարդու արժանապատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter