HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականն արտագնա ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ

Աշխարհի 2022թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի ընտրանու հետ: Խաղը տեղի ունեցավ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտում:

Խաղի մեկնարկային րոպեներից մեր ընտրանու ֆուտբոլիստները սկսեցին ակտիվորեն գրոհել, սակայն դա շատ կարճ տևեց, քանի որ իսլանդացիները կարողացան նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել և ճնշում գործադրել Հայաստանի հավաքականի դարպասին: Մի որոշ ժամանակ դաշտի տերերը պարզապես չէին հեռանում մեր հավաքականի տուգանային հրապարակի մատույցներից, իսկ Խոակին Կապառոսի սաները չէին կարողանում դուրս գալ պաշտպանությունից: Սակայն առաջին խաղակեսի միջնամասում արդեն Հայաստանի հավաքականի խաղացողները սկսեցին գրոհների տեղատարափը իսլանդացիների դարպասին, ինչը և տվեց իր ցանկալի արդյունքը: 35-րդ րոպեին խաղարկված բազմաքայլ կոմբինացիայի ընթացքում մեր ընտրանու նորեկ Լուկաս Սելարայանի՝ աջ եզրից կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Կամո Հովհաննիսյանը: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման: Հարկ է նշել, որ միայն առաջին 45 րոպեների ընթացքում Հայաստանի ազգային հավաքականն իրացրել է 9 անկյունային հարված՝ մրցակցի 2-ի դիմաց:

Երկրորդ խաղակեսը, ինչպես և առաջինը, անցավ հավասար պայքարում, թիմերի գրոհները փոխարինում էին մեկը մյուսին: Հայաստանի հավաքականը մի քանի լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու իր առավելությունը, բայց ի տարբերություն առաջին խաղակեսի՝ այս անգամ բախտը ժպտաց Իսլանդիային: 77-րդ րոպեին Բերգման Յոհանեսսոնը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում թիմերից և ոչ մեկին չհաջողվեց արդյունքի հասնել և խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Եվրոպական գոտու որակավորման փուլի J խմբի մյուս հանդիպումներում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Ռումինիային, իսկ Հյուսիսային Մակեդոնիան 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լիխտենշտայնի նկատմամբ:

Այսպիսով, կայացած 7 տուրերից հետո որակավորման J խմբի մրցաշարային աղյուսակը 18 միավորով միանձնյա գլխավորում է Գերմանիայի հավաքականը: Հայաստանն ու Հյուսիսայն Մակեդոնիան 12 միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Ռումինիան 10 միավորով 4-րդն է, Իսլանդիան 5 միավորով 5-րդը, իսկ Լիխտենշտայնը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի երեք օր անց՝ հոկտեմբերի 11-ին, ընտրական փուլի 8-րդ տուրում Բուխարեստում կխաղա Ռումիանիայի հավաքականի դեմ:

Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter