
«Մեկը վախենում է զրկվել աշխատանքից, մյուսը` որ բերքը կմնա անտեր». Ռուբեն Ավագյան
Այս տեսակետն է հայտնել ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա դա բացատրել է նրանով, որ ներկայիս պայմաններում «օրենքի ուժը պատկանում է մեծահարուստներին, ստեղծված է վախի մթնոլորտ»` հավելելով, որ «թափանցիկ ընտրություններ կիրականացնեն նրանք, ովքեր ոչինչ չունեն կորցնելու»:
ՄՀԿ նախագահը նաև մեկնաբանել է առաջադրված մույս քաղաքական ուժերի գործելակերպը` մասնավորապես նշելով, որ «օրենքի երկիր ինչպե՞ս կարելի է ստեղծել՝ հեռախոսներ բաժանելով, իսկ ում խոսքը գործ է, թող գնա գործով զբաղվի...»: Ըստ պարոն Ավագյանի` «այսօր գործող քաղաքական գործիչների գնացքը վաղուց գնացել է, ՀՀԿ-ի, ԲՀԿ-Ի, ՕԵԿ-ի խոստումները լսել ենք տարիներ առաջ»: Առաջադրված կուսակցությունների մեծ մասը ղեկավարվում է «Խաբիր ժողովրդին, ինչքան կարող ես» կարգախոսով կամ էլ ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե իրենք նոր են քնից ելել:
Այն հարցին, թե ովքեր են լինելու «Միավորված հայեր» կուսակցության ընտրողները, եթե կուսակցությանը չեն ճանաչում, ընտրակաշառք չի բաժանում և այլն, բանախոսը պատասխանեց,- «Ինձ լավ էլ ճանաչում են, ծրագիրն էլ գիտեն, ով պետք է: Ով դժգոհ է իշխանությունից և ընդդիմությունից, մեր ընտրողն է»: Նա նաև հավելեց, որ եթե ժողովուրդը նորից խաբվի ու գնա նյութական արժեքի հետևից, իրենք, միևնույն է, շարունակելու են կյանքի կոչել երրորդ ուժի գաղափարը, եթե անգամ չանցնեն խորհրդարան:
Մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ՄՀԿ-ն մտել է խաղի մեջ որեւէ կուսակցության համար ձայն բերելու նպատակով, Ռուբեն Ավագյանը պատասխանեց,- «Իմ տարիքը եւ ճերմակ մազերը թույլ չեն տալիս մտնել խաղի մեջ»: Պարոն Ավագյանը նշեց, որ իրենք այլ կուսակցությունների նման չեն գնում փողոցներն, այլ շտաբերի շրջիկ ավտոմեքենաներով բուկլետներ և «Միավորված հայեր» կուսակցության պաշտոնաթերթեր են բաժանում, այլ կերպ ասած` ՄՀԿ-ի նպատակը, գաղափարախոսությունը և սկզբունքները: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը:
Մեկնաբանել