HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարելու շանսերը կտրուկ նվազեցին

Հայաստանի հավաքականը աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի վերջին 4 խաղերում 3-րդ ոչ-ոքին խաղաց՝ հնարավորություն տալով Հս. Մակեդոնիային խմբում երկրորդ տեղի համար պայքարում միավորներով իրեն հավասարվել: Հիշեցնենք, որ երկրորդ տեղն ապահովում է փլեյ-օֆ փուլի ուղեգիր, իսկ առաջին տեղը աշխարհի քառակի չեմպիոն գերմանացիներրը հաստատ չեն զիջի որեւէ մեկին:

Մեծ հաշվով, անակնկալ չէր այն, որ մակեդոնացիները մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով ծնկի բերեցին խմբի հետնապահ Լիխտենշտայնին: Վերջինս ընտրական խմբում գլխացավանք է եղել միայն մեր թիմի համար (Վադուցում մեծ դժվարությամբ հաղթեցինք 1-0, իսկ Երեւանում 1-1 խաղացինք), իսկ մյուսներին առանց դժվարության 3-ական միավորներ է բաշխել: Այսինքն՝ երբ սեպտեմբերին մերոնք ոչ-ոքի խաղացին գաճաճ երկրի թիմի հետ, պարզ էր, որ Հս. Մակեդոնիան ու Ռումինիան, որոնք շնչում էին մեր թիկունքին, «օդից» 2 միավոր հետ բերելու հնարավորություն էին ստանալու (Լիխտենշտայնի դեմ մերոնք վաստակել են 4, իսկ ռումիններն ու մակեդոնացիները երկու խաղերում էլ հաղթելու դեպքում կստանային 6-ական միավոր): Այդպես էլ եղավ՝ մակեդոնացիները երեկ ստացան իրենց ստանալիքն ու, վաստակելով ընդհանուր 12 միավոր, հավասարվեցին մերոնց, որոնք չկարողացան Ռեյկյավիկում հաղթել Իսլանդիային, չնայած դրան շատ մոտ էին: Ռումիններն էլ նոյեմբերին են երկրորդ խաղն անցկացնելու Լիխտենշտայնի դեմ, ու գրեթե անհավատալի է, որ միավոր կկորցնեն:  

Այսպիսով՝ մնացած 3 տուրերում մերոնք արտագնա խաղում հանդիպելու են Ռումինիային, իսկ նոյեմբերին Երեւանում ընդունելու են Հս. Մակեդոնիային ու Գերմանիային: Հս. Մակեդոնիան իր հերթին հանդիպելու է Գերմանիային, մերոնց ու Իսլանդիային: Ռումինիան էլ՝ Հայաստանին, Իսլանդիային ու Լիխտենշտայնին: Համեմատությունը ցույց է տալիս, որ ամենահեշտը Ռումինիայի գործն է, քանի որ առաջիկա խաղը մերոնց դեմ անցկացնելու է սեփական հարկի տակ, իսկ խմբի երկու հետնապահներին՝ Իսլանդիային ու Լիխտենշտայնին, բալկանցիներն առաջին խաղերում վստահ հաղթել են ու դժվար թե գալիք հանդիպումներում սայթաքեն:

Այդուհանդերձ, մեր թիմը չի կորցրել երկրորդ տեղը գրավելու գործնական շանսերը, չնայած դա անելը բավական բարդ կլինի: Եթե Կապառոսի սաները հաղթեն Ռումինիային ու Հս. Մակեդոնիային, երկրորդ տեղի իրական հայտ կներկայացնեն, բայց նաեւ պետք է հուսան, որ իսլանդացիները միավորներ կպոկեն մակեդոնացիներից: ՖԻՖԱ-ի կարգի համաձայն՝ հավասար միավորների դեպքում առավելությունը տրվելու է ընդհանուր խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեցողին, այնինչ այս ցուցանիշով մերոնք զիջում են: Ներկա պահին մակեդոնացիները խփել են 15 գոլ, բաց թողել 6-ը՝ +9, իսկ մերոնց ցուցանիշը 8-10 է՝ -2:

Վերադառնանք երեկվա խաղին, որում մեր թիմը հանդես եկավ 4-1-4-1 մարտավարությամբ, ինչը նորություն էր: Կարելի էր սպասել, որ Կապառոսը շեշտը չի դնի պաշտպանության վրա, քանի որ երկրորդ տեղի համար պայքարում դիրքերը չզիջելու համար հաղթանակ էր պետք: Պաշտպանության աջ եզրում Համբարձումյանի բացակայությամբ տեսանք Դավիթ Տերտերյանին, հենակետայինի գոտում Ուդոն էր Արտակ Գրիգորյանի փոխարեն, կիսապաշտպանական քառյակում ձախ եզրից Ադամյանն էր, կենտրոնում Մխիթարյանին զուգակցում էր Սպերցյանը, հարձակման ծայրում էլ նորեկ Սելարայանն էր: Սրանք էին նորությունները, մնացածին սովոր էինք:

Հանդիպումը որոշ առումով հիշեցրեց սեպտեմբերին կայացած Հս. Մակեդոնիա-Հայաստան խաղը, որում մերոնք զգույշ էին գործում պաշտպանությունում, բայց բավական վտանգավոր հակագրոհում էին ու գոլ խփելու եւ հաղթելու շատ ավելի լավ առիթներ բաց թողեցին, քան մրցակիցը: Ինչպես եւ այն անգամ, երեկ էլ թիմերը միմյանց դարպասին շատ քիչ դիպուկ հարվածներ կատարեցին, իսլանդացիները՝ 2 անգամ, մերոնք՝ 1: Բայց Կապառոսի սաները բավականին լավ պահեր ստեղծեցին Իսլանդիայի տուգանային հրապարակում եւ դրա մատույցներում, որոնք իրացնել չստացվեց վերջին վճռական հարվածի չստացվելու պատճառով: Մրցակցի խաղացողները փակեցին Մխիթարյանի, Ադամյանի հարվածները, Բարսեղյանի հարվածից հետո էլ գնդակն անդրադարձով կարող էր ցանցում հայտնվել:

Լավ տպավորություն թողեց Լուկաս Սելարայանը, որը չնայած նոմինալ հարձակվող էր, գործում էր գրոհի ճակատի տարբեր հատվածներում: Հենց նրա փոխանցումից էլ 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը գոլ խփեց: Դա Կամոյի երկրորդ գոլն էր հավաքականում: Այդուհանդերձ, 77-րդ րոպեին հենց Կամոյի սխալը պաշտպանության ձախ թեւում բերեց պատասխանի գոլի: Մեր պաշտպանը փորձեց սահանկումով փակել գնդակի ճանապարհը, բայց փորձառու Սեւարսոնը փախցրեց այն ու փոխանցում կատարեց Յոհանեսոնին, որի հարվածի ճանապարհը չկարողացավ փակել Հարոյանը:

Աչք էին շոյում մերոնց արագ, մեկ փոխանցումով հակագրոհները, որոնք, սակայն, վերջնահարվածի փուլում փլվում էին: Դա նաեւ մրցակցի պաշտպանների լավ խաղի հետեւանք էր: Իսլանդացիները 5 անգամ արգելափակել են մերոնց հարվածները, 6 անգամ էլ Կապառոսի սաները շեղ են հարվածել:

Պետք է առանձնացնել նաեւ Ադամյանի ու Բարսեղյանի խաղը, որոնցից առաջինը չնայած անընդհատ վազքի մեջ էր, հերթական անգամ իր գործողություններով, կարելի է ասել, հուսախաբ արեց: Ադամյանը սիրում է գնդակով մնալ, բայց դա ոչ միշտ է բխում թիմի շահերից: Երբ մերոնք 1-0 առջեւում էին, եղավ հակագրոհի լավ պահ, սակայն կենտրոնից գրոհող Ադամյանը փոխանակ գնդակը փոխանցեր ազատ գոտի՝ աջ, գցեց գրոհի տեմպը, մրցակիցը հասցրեց վերադասավորվել պաշտպանությունում, ու պահը կորսվեց:

Իր հերթին Բարսեղյանը ձախ եզրում ցույց չտվեց այն խաղը, որը սովոր ենք տեսնել: Տիգրանը մի տեսակ պասիվ էր, նրա եզրային ճեղքումներն ու ձախ ոտքով վտանգավոր հեռահար հարվածները չկային, ինչը տարօրինակ էր: Երեւանյան խաղում հենց նման հարվածով նա բացեց հաշիվը, որը հետո կրկնապատկեց Բայրամյանը:

Արդեն որերորդ խաղն է, որ ոչնչով աչքի չեն ընկնում փոխարինման մտնող հարձակողական ոճի մեր ֆուտբոլիստները: Նրանցից առանձնացնենք Ալեքսանդր Կարապետյանին, որի արդյունավետությունն ու սրությունը հավաքականում նկատելի նվազել է այն բանից հետո, երբ Սաշան տեղափոխվել է Հայաստանի առաջնություն: Փոխարենը հրաշալի տպավորություն է թողնում Էդուարդ Սպերցյանը: 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր հնարավորություններն ունի մոտ ապագայում Հայաստանի հավաքականի առաջատարը դառնալու համար: Հատկապես իր երկար ոտքերով գնդակ խլելու կարողությամբ, կիսապաշտպանության կենտրոնը ցեմենտելու ունակություններով եւ գրոհներ կազմակերպելու ու դրանց մասնակցելու ունիվերսալությամբ Սպերցյանը որոշակի հիշեցնում է ֆրանսիացի Պոլ Պոգբային:

Անկախ ամեն ինչից՝ ունենք լավ թիմ, որը մարտունակ է, չնայած այնպիսի թույլ թիմերի դեմ, ինչպիսին Լիխտենշտայնն է, պարբերաբար սայթաքում է, քանի որ չի կարողանում հակաթույն գտնել մրցակցի ավտոբուսային պաշտպանությանը: Ու նույնիսկ եթե այս շրջափուլում մեր ընտրանին չկարողանա աշխարհի առաջնության փլեյ-օֆի ուղեգիր նվաճել, Կապառոսի գլխավորությամբ ցույց տված խաղային ձեռագիրը (հարձակողական ֆուտբոլ, այդ թվում՝ սուր հակագրոհներով, նախկին շրջափուլերի համեմատ հուսալի պաշտպանություն (գերմանացիներից կրած 0-6 հաշվով պարտությունը մի կողմ թողնենք), նկատելի թիմային ոգի) հույս է տալիս, որ ուրախանալու առիթներ, ինչպես եղավ Ազգերի լիգայի երկրորդ խաղարկությունում խմբում հաղթելն ու մեկ աստիճան բարձրանալը, էլի են լինելու:  

Իսլանդիա-Հայաստան՝ 1-1, Գերմանիա-Ռումինիա՝ 2-1, Լիխտենշտայն-Հս. Մակեդոնիա՝ 0-4, խաղերից հետո ընտրական 10-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 7 տուրից հետո ունի այսպիսի տեսք:

Նոյեմբերի 11-ին տեղի կունենան Ռումինիա-Հայաստան, Հս. Մակեդոնիա-Գերմանիա, Իսլանդիա-Լիխտենշտայն հանդիպումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter