
Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել. նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է հրաժարական տալու մասին։ Մի քանի օր առաջ, կոռուպցիայի մեղադրանքով, Ավստրիայի դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն էր սկսել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։
Շաբաթ՝ հոկտեմբերի 9-ին, Սեբաստիան Կուրցը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից, որպեսզի կանխի քաղաքական ճգնաժամն ու քաոսը։
Ուրբաթ՝ հոկտեմբերի 8-ին, Ավստրիայի կառավարությունը, որը կազմված էր Կուրցի գլխավորած Ավստրիայի ազգային կուսակցությունից և «Կանաչների» կուսակցությունից, բառացիորեն փլուզման եզրին էր։ «Կանաչների» առաջնորդ Վերներ Կոգլերը հայտարարել է, որ Կուրցի նկատմամբ իրականացվող հետաքննությունը նրան դարձրել է պետության կառավարման համար անընդունելի անձի։
«Մեզ կայունություն է պետք»,- հայտարարել է 35-ամյա Սեբաստիան Կուրցը՝ հավելելով, որ անպատասխանատու կլինի թույլ տալ, որ Ավստրիան այսօր հայտնվի քաղաքական ճգնաժամի մեջ, քանի դեռ երկիրը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։
Սեբաստիան Կուրցն առաջարկել է կանցլերի պաշտոնում նշանակել արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին։ Միևնույն ժամանակ նա կմնա կուսակցության առաջնորդի պաշտոնում և կդառնա խորհրդարանում իր խմբակցության առաջնորդը։ «Կանաչները» դեռևս չեն պատասխանել, թե արդյոք համաձայն են կանցլերի պաշտոնում տեսնել Շալենբերգին։
Ընդ որում, Կուրցը հերքում է դատախազության կողմից իրեն վերագրվող մեղադրանքը, իսկ լրագրողներին կաշառելու լուրը կեղծ անվանում։
Լուսանկարը՝ REUTERS/Leonhard Foeger
Մեկնաբանել