
«Չպետք է թույլ տանք, որ աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը»․ ՀՀ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աղջիկ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։
Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը: Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:
Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։ Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը այս բոլոր հարցերում»։
Մեկնաբանել