HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները պատշաճ չեն ծանուցվել նրա վերաբերյալ նիստի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի այսօր նշանակված էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) գործով առաջին դատական նիստը, որին, սակայն, դատավարության կողմերը չէին ներկայացել:

Չնայած դատարանը 10 օր առաջ գործը դատական քննության նշանակելու մասին որոշում է կայացրել` պաշտպանները մինչև այսօր փոստային ծառայության միջոցով չեն ծանուցվել նիստի օրվա և ժամի մասին: Դատական նիստերի քարտուղարը դատարանին հայտնեց, որ պաշտպանները հեռախոսազանգով տեղեկացրել են, որ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից են իմացել նիստի մասին, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ներկայանալ չեն կարող:

Վարդազարյանի գործով նախաքննության ընթացքում հսկողություն է իրականացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն վերջինս դատարան չի ներկայանալու, մեղադրանքը պաշտպանելու է դատախազ Աշոտ Ժամկոչյանը:

Նկատի ունենալով, որ դատավարության մասնակիցները նիստին ներկա չէին, դատարանն այն հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանավեց երկու ամիս անց` դեկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ: 

Վարդազարյանի վերաբերյալ գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, «Signal» հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ 

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա համոզմունք ունի, որ իրեն մեղադրանք առաջադրելու նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter