HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրացագետ. «Վրաստանի վարչապետի առաջ քաշած ձևաչափի հետևում կանգնած է Արևմուտքը»

«3+3» ձևաչափի վերաբերյալ վրացական կողմի դիրքորոշման, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկած նոր ձևաչափի և Վրաստանի ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցել ենք վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։ 

Պարոն Մելիքյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էին Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի ստեղծման առաջարկի մասին, որին հնարավոր է միանան Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ևս իրենց աջակցությունն էին հայտնել դրան։ Ձևաչափի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի վրացական կողմը։

Վրաստանը դեմ է այս առաջարկին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունը ցույց էր տալիս, որ, եթե այդ երկիրը վերջին երկիրն է, որը համամիտ չէ այս գաղափարի հետ, ապա Վրաստանը խոչընդոտ չի դառնա դրա գործարկման համար։ Բայց, իմ կարծիքով, նաև Հայաստանի դիրքորոշումը դեռևս հստակ չէ։ Բացի այդ, չկա միտում, որ կտեսնենք, որ Երևանը կհամաձայնի միանալ այդ գաղափարին։ Ուստի, շաբաթ օրը Երևան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը հաշվի առնելով, պետք է փաստեմ, որ Երևանը և Թբիլիսին դեռևս միտված չեն այս ֆորմատին միանալու և զուգահեռաբար նաև ցանկանում են շարունակել աշխատանքն այլ ձևաչափերով։

Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա կարևոր է, որ մենք միայնակ չենք այս ֆորմատի դեմ, և Վրաստանի չլինելը ֆորմատի մեջ մեզ հնարավորություն է տալիս չմիանալու դրան և, ավելին, հասնել քաղաքական օրակարգից «3+3» ֆորմատը հանելուն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կարծես թե, որոշել է հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության սեփական ձևաչափով։ Այդ նպատակով նա արդեն իսկ այցելել է Բաքու և Երևան։ Հարաբերությունների կարգավորման ի՞նչ մեխանիզմ է առաջարկում Վրաստանի վարչապետը։

Վրաստանի վարչապետի այցը հենց միտված էր ցույց տալու, որ իր նախաձեռնությունը, որի մասին Ղարիբաշվիլին խոսել է ՄԱԿ-ում և որի հետ կապված հստակեցում է արել նաև Թբիլիսի վերադառնալուց հետո, նա հստակորեն առաջ է տանելու։ Փաստ է, որ այդ ֆորմատի հետևում կանգնած է Արևմուտքը, որի միանալը «3+3»-ին անընդունելի է Թուրքիայի, Ադրբեջանի, նաև որոշակիորեն՝ Ռուսաստանի և Իրանի համար, ուստի պարզ է դառնում, որ վրացական կողմը կշարունակի առաջ մղել հենց այս ձևաչափը։

Իր առաջարկն անելով՝ պաշտոնական Թբիլիսին ֆիքսում է, որ, ի տարբերություն «3+3» ֆորմատի, այս ֆորմատը որևէ մեկի դեմ չէ, ավելին՝ այն բաց է, ինչը շատ կարևոր մեսիջ է։ Այն բաց է բոլոր նրանց համար, որոնք ունեն ցանկություն՝ ներդնելու իրենց ջանքերը տարածաշրջանում հակամարտության և ապակայունության բացառման համար։ 

Շատ կարևոր է ամրագրել, որ Վրաստանի կողմից առաջարկվող այս նախաձեռնությունը չի փոխարինում որևէ այլ ֆորմատի, ինչն անընդունելի է Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Ի վերջո, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջարկվող «3+3» ձևաչափի նպատակն այն է, որ տապալվի Մինսկի խմբի աշխատանքը, և հակամարտության լուծումը դուրս բերվի այդ շրջանակից՝ ստեղծելով նոր ձևաչափ, որտեղ Թուրքիան իր տեղը կունենա։

Հայաստանի համար շատ կարևոր է, որ ֆիքսի, որ գոյություն ունի Մինսկի խմբի ձևաչափը, որը շարունակում է ինչ-որ ձևով գործել, միգուցե ոչ շատ ակտիվ, բայց որոշակի գործընթացներ արդեն իսկ վերսկսվել են։

Եթե Երևանը և Թբիլիսին համաձայնեն, ապա վրացական նախաձեռնությունը կարող է դառնալ առանձին հանդիպումների և համագործակցության հարթակ, հատկապես մասնագիտական շրջանակների, քաղհասարակության ներկայացուցիչների, խորհրդարանական դիվանագիտության համար։ Որոշ գործընթացներ եղել են նաև հումանիտար ոլորտում, այդ թվում՝ մեր ռազմագերիների վերադարձը վրացական կողմի միջնորդությամբ։

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ Վրաստանը փակել է իր սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար։ Արդյոք հաստատվե՞ց այս տեղեկատվությունը, և կապ ունի՞, արդյոք, դա վերջին օրերին իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման հետ։

Վերջին տարիների ընթացքում բազմիցս եղել են խնդիրներ Վրաստան Իրանի քաղաքացիների մուտք գործելու հետ կապված, բայց վերջին օրերին մուտքի արգելքի վերաբերյալ տարածվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարման հետ։ Դրանք մի քիչ ավելի խորը և հին պատմություն ունեն և կապված են բուն վրաց-իրանական հարաբերությունների հետ։ Այս խնդիրը հատկապես առաջանում է այն ժամանակ, երբ հերթական անգամ լարվում են Արևմուտք-Իրան հարաբերությունները։ Երբ Իրանի և Արևմուտքի հարաբերություններում սկսվում է դրական և փոխգործակցային շրջան, այդ խնդիրները վերանում են։

Դա է պատճառը, որ այս հարցը պետք է առանձին դիտարկել, և իրանցի վարորդների ու քաղաքացիների՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրները իրանա-ադրբեջանական լարվածության հետ կապ չունեն։

Խոսենք նաև Վրաստանի ներքաղաքական կյանքից։ Մի քանի օր առաջ ձերբակալվեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նրա քաղաքական ուժին աջակցում է ընտրողների առնվազն 1/3-ը։ Ընտրությունների արդյունքները հրապարակվել են, բայց ընդդիմությունը, կարծես թե, չի ցանկանում բողոքարկել դրանց արդյունքները, չնայած որոշ շրջաններում երկրորդ փուլ կլինի։ Ի՞նչ ներքաղաքական զարգացումներ կարող ենք առաջիկայում սպասել։  Սաակաշվիլու կալանավորումը կարո՞ղ է համախմբել ընդդիմությանը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընտրեց օրենքի շրջանակներից դուրս տարբերակով վերադարձն իր երկիր։ Բնականաբար, նա հասկանում էր, որ ձերբակալվելու է։ Իր հետ կապված երկու քրեական գործերով կար դատարանի՝ ուժի մեջ մտած դատավճիռ, և նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման։

Սաակաշվիլու վերադարձը Վրաստան միգուցե որոշ ձևով մոբիլիզացրեց ընդդիմությանը, բայց զուգահեռ նաև որոշ չափով ամրացրեց իշխանության դիրքերը։ ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ Սաակաշվիլու կուսակցությունը հավաքեց ձայների շուրջ ⅓-ը, բայց, բնականաբար, այդ ձայների մի մասը Սաակաշվիլուն տված ձայները չեն, այլ հակաիշխանական ձայներ են։ Այդ ամենը փաստում է նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին Սաակաշվիլու կողմնակիցները կազմակերպում են բողոքի ցույցեր, որոնց մասնակցում է ընդամենը մի քանի հարյուր մարդ, ինչից էլ պարզ է դառնում, որ այդ ⅓-ը կամ մոտ կես միլիոն ընտրողներն ամենևին իրենց ձայնը չեն տվել Սաակաշվիլուն։ Նրանք, թերևս, քվեարկել են գործող իշխանությունների դեմ։ 

Այլ հարց է, որ հոկտեմբերի 14-ին սպասվում է բողոքի մեծ ցույց, որի ժամանակ կտեսնենք, թե ինչ աջակցություն ունի Սաակաշվիլին։ Մի բան հստակ է. իշխանությունները, ստանալով ձայների ավելի քան 46 %-ը, ապահովեցին և քաղաքական օրակարգից հանեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։ Ընդդիմությունը և իշխանություններն ունեին պայմանավորվածություն, որը ձեռք էր բերվել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, որ եթե իշխանությունը չստանա ձայների 43 %-ը, ապա կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

Իշխանությունը կարողացավ հաղթահարել այդ արգելքը, և ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում, եթե նույնիսկ որոշ շրջաններում հաղթեն ընդդիմության թեկնածուները, չեմ կարծում, որ որևէ լուրջ խնդիր ստեղծվի իշխանությունների համար, և նրանք, ձևավորելով տեղական ինքնակառավարման մարմիններ, կշարունակեն իրենց աշխատանքը։

Չնայած Սաակաշվիլու թիմը, հասկանալով արդեն, որ ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխության չի կարողանում հասնել, այսօր փորձում է մարդկանց փողոց դուրս բերել։ Միգուցե իրենք փորձեն հարցը լուծել փողոցային պայքարով, բայց առկա ռեսուրսները սահմանափակ են, և այս ամենի ցուցիչը կլինի հոկտեմբերի 14-ի հանրահավաքը, որը, իմ կարծիքով, պիտի որ մարդաշատ չլինի։

Վրացական լրատվամիջոցները նաև գրում են, որ ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության հավաքած սակավ ձայների պատճառով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող է հրաժարական տալ։ Հնարավո՞ր է նման սցենարը։

Եթե կարճ, ապա՝ ոչ։ Իմ կարծիքով, վարչապետի հնարավոր հրաժարականի մասին լուրը ֆեյք էր։ Զուգահեռաբար, ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից տարածվում էին նաև Սաակաշվիլու առողջական վիճակի մասին լուրերը, որոնք պիտի ապահովեին մոբիլիզացիան իրենց շարքերում։ 

Ես չեմ կարծում, որ այս պահին կա որևէ պատճառ, որի համար Ղարիբաշվիլին պետք է հրաժարական տա, առնվազն եթե չլինի ինչ-որ ֆորս մաժոր, կամ իշխանությունները չկատարեն որևէ սխալ քայլ։ Այս փուլում նրանք շատ կառուցողական են և շատ զգույշ են մոտենում բոլոր հարցերին։ Սաակաշվիլու կողմնակիցները փորձում են նրա առողջական վատ վիճակի մասին լուրերով մարդկանց փողոց բերել, ինչը դեռևս իր արդյունքը չի տալիս։

Ամփոփելով՝ պետք է ասեմ, որ վրացական ընդդիմությունը, Արևմուտքից ի աջակցություն չունենալով որևէ հստակ հայտարարություն, փորձում է սադրանքների գնալ կամ իշխանություններին դրդել անելու սխալ քայլեր՝ ակնկալելով Արևմուտքի քննադատությունը։ 

Եվ գալիք խորհրդարանական ընտրությունները, որոնք կկայանան 2024 թվականին, շատ կարևոր և որոշիչ կլինեն Վրաստանի ապագայի համար։ Մի բան շատ հստակ է արդեն, որ բոլոր այս գործընթացները և բարեփոխումները բերում են նրան, որ առաջիկա ընտրությունների արդյունքում այդ երկրում չի ձևավորվի մեկ կուսակցության կառավարություն, և այն կլինի կոալիցիոն։ Թե ինչ կոալիցիաներ կձևավորվեն, ինչ ուժեր դուրս կգան քաղաքական գործընթացներից, ինչ նոր կուսակցություններ կձևավորվեն, ցույց կտա արդեն ապագան։

Լուսանկարը՝ Ջոնի Մելիքյանի ֆեսյբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter