Բաց նամակ` Արցախի փողոցում պատահած ավտովթարի վերաբերյալ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կոչ է անում բոլորին իրենց բողոքի խոսքը բարձրացնել և ցասումն արտահայտել ս/թ մայիսի 17-ին Երևան ք.-ի Արցախ փողոցում կատարված զարհուրելի ավտովթարի վերաբերյալ:
Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր հասարակական տրանսպորտը դարձել է մասնավոր բիզնես' կետրոնացած մի քանի մարդկանց ձեռքում: Հասարակական տրանսպորտի ամենատարածված ձևերն են այսօր երթուղային մարդատար մեքենաները և տաքսիները: Սակայն մեքենաները, որոնք կոչված են ծառայելու մարդկանց և ոչ թե սպանելու նրանց, չեն համապատասխանում ավտոմեքենաների տեխզննման չափանիշներին, չեն անցնում հատուկ ստուգում, և վարորդները, օրվա հացի փող վաստակելու մղումով, մեքենա են վարում օրական 16-18 ժամ:
Որքա՞ն դեռ պետք է խախտվեն անվտանգության բոլոր կանոնները' գազով լիցքավորված մեքենաներ, երթուղային մեքենաներում կանգնած կամ կքանստած քաղաքացիներ, հոգնած և հյուծված վարորդներ: Ցավոք, նմանատիպ դեպքերը շարունակական կլինեն, քանի դեռ չի բարձրացվում հասարակական մեծ դժգոհություն, չի ցուցաբերվում քաղաքական կամք և պետական պատասխանատու մոտեցում այս հարցի կարգավորման համար:
Գիտակցելով և անտեսելով այս փաստերը' մենք մեր լռությամբ վտանգում ենք մեր առողջությունը, մեր կյանքը: Աչքակապությամբ մենք թույլ ենք տալիս, որ որոշ մարդիկ, սեփական շահից կուրացած, մարդկանց, երեխաների կյանքի ու առողջության հաշվին հարստացնեն սեփական գրպաններն ու բանկային հաշիվները:
Միացե'ք այս նամակին, որը ներկայացվելու է ՀՀ բոլոր իրավասու և պատասխանատու մարմիններին: Հիշե'ք, որ յուրաքանչյուրս' Դուք, Ես, մեր հարազատները, ի վերջո մեր համաքաղաքացիները, կարող էինք հայտնվել այդ երթուղային մեքենայում:
Այս նամակին արձագանքողները կարող են գրել' [email protected] էլեկտրոնային հասցեին և միանալ նամակին մինչև ս/թ մայիսի 22-ը:
Գործում է նաև հետևյալ էջը քննարկումների և առաջարկությունների համար'
http://www.facebook.com/#!/home.php?sk=group_131807360227782&ap=1
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
Լուսանկարը` Գ. Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել