
Ընդդիմությունը չէր ներկայացել նիստին, սակայն Արթուր Ղազինյանին կրկին մերժեցին
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հերթական անգամ քննարկեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը, այս անգամ` առանց ընդդիմության: Նիստին ներկայացել էին միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրություն էր ուղարկել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ըստ որի՝ այս անգամ ևս առաջադրում են Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
«Պարոն Օհանյանը բացակայում է, գուցե դա կապված է, կարծեմ երեկ հայտարարեցին, նոր քրեական գործի հետ, ես տեղեկություն չունեմ: Ընդդիմության մեր գործընկերները բացակայում են, նշանակում է իրենց թեկնածուին թաքցնում են հանձնաժողովից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ սա արդեն նույն օրակարգով յոթերորդ նիստն է: Նիստն ընդմիջվեց, սակայն ընդդիմությունից այդպես էլ որևէ մեկը չեկավ:
Եւ չնայած չկային ո՛չ թեկնածուին ներկայացնողի, ո՛չ էլ թեկնածուի ելույթներ, այնուամենայնիվ քվեարկություն եղավ, և այս անգամ էլ մերժվեց թեկնածությունը:
Մեկնաբանել