HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հաջողություն, աշխարհի առաջնություն. գործնականում պայքարելու ենք երրորդ տեղի համար

Հայաստանի ազգային հավաքականը գործնականում դուրս մնաց աշխարհի 2022 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից այն բանից հետո, երբ այս գիշեր Բուխարեստում 0-1 հաշվով զիջեց Ռումինիային: Ընտրական փուլում մնացել է անցկացնել 2 տնային հանդիպում Հս. Մակեդոնիայի ու Գերմանիայի հետ, որոնցից եթե առաջինին հաղթելը միանգամայն հնարավոր է, ապա երկրորդի հետ խաղում միավոր վաստակելը մեծ խնդիր է, այնինչ Ռումինիան, որը 1 միավորով մեզնից առաջ անցավ, վերջին տուրերում հանդիպելու է հետնապահներին՝ Իսլանդիային ու Լիխտենշտայնին:

Չնայած Խոակին Կապառոսը հայտարարեց, որ պայքարելու են այնքան, քանի դեռ երկրորդ տեղը գրավելու մաթեմատիկական հնարավորություններ կան, բոլորս էլ հասկանում ենք, որ իրականությունը լրիվ այլ է:

Երեկվա խաղը վճռորոշ էր նրանով, որ միայն հաղթանակի դեպքում էինք լավ շանսեր ունենալու երկրորդ տեղի համար պայքարում: Բայց առաջին խաղակեսում դաշտի տերերը գրոհային տարափ սկսեցին՝ ձգտելով արագ գոլ խփել ու ապահովագրել իրենց, քանի որ աչքի առաջ ունեին Երեւանում 2-3 հաշվով պարտությունը: Առաջին կեսում տպավորություն էր, թե հաղթանակը ռումիններին ավելի շատ է պետք, քան մեզ: Հարցը միայն այն չէր, որ Ռումինիան կարգով որոշակի գերազանցում է մեզ, դաշտի տերերը խաղում էին մարզական չարությամբ, կարծես ռեւանշի հասնելու ձգտումով, բայց ամենակարեւորը խաղասեղանին դրված 3 միավորն էր: Բարձր էր մերոնց փոխանցումների խոտանը, ինչի վրա ազդում էր նաեւ մրցակցի ուժեղ պրեսինգը: Հայաստանի հավաքականը չէր կարողանում սուր հակագրոհ կամ դիրքային գրոհ կազմակերպել, մրցակիցն արագ խլում էր գնդակը, կամ ուղղակի մերոնց փոխանցումներն էին սխալ եւ ոչ հասցեական: Փոխարենը ռումինները պարբերաբար հարվածում էին Յուրչենկոյի դարպասին:

26-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո ցածրահասակ Միտրիցեն, որը մեր կենտրոնականների՝ Հարոյանի ու Ոսկանյանի հսկողությունից բացարձակ դուրս էր մնացել, մոտ տարածությունից գլխով խոցեց Յուրչենկոյի դարպասը, չնայած վերջինս հասավ գնդակին: Այդուհանդերձ, մեր դարպասապահը, որը Լիխտենշտայնի հետ երեւանյան խաղում հակահերոս դարձավ, երեկ, թերեւս, լավագույնն էր երկու թիմերի կազմում: Նա մի քանի սեյվ կատարեց, այդ թվում՝ երկուսը բավական բարդ դիրքերից, ինչով հնարավորություն տվեց թիմին մինչեւ վերջ պայքարել թեկուզ ոչ-ոքիի համար, որը մեզ երկրորդ հորիզոնական կբարձրացներ: Սակայն չստացվեց:

Իրեն հերթական անգամ չարդարացրեց Տիգրան Բարսեղյանը, որը խաղից առաջ ներկայացված էր իբրեւ առաջ քաշված հարձակվող, բայց ավելի շատ խորքից էր գործում, չեզոքացված վիճակում էր նաեւ Խորեն Բայրամյանը:

Ընդհանրապես, առաջին խաղակեսում կիսապաշտպանությունից հարձակում անցումը չէր ստացվում, զարմանալիորեն Մխիթարյանն էլ էր ոչ բարդ իրավիճակներում գնդակ կորցնում: Երկրորդ կեսում Սելարայանի, Ադամյանի ու Գելոյանի՝ դաշտ մտնելով իրավիճակը փոխվեց, մերոնց գրոհները սկսեցին ստացվել, ռումինները, զգուշանալով հնարավոր գոլից, անցան պաշտպանության: Հայաստանի կազմում երկու հրաշալի պահ կորցրեց Մխիթարյանը, որի գլխով հարվածը մի դեպքում անհաջող ստացվեց, երկրորդ դրվագում էլ Հենոն փորձեց ընթացքից գնդակն ուղղել Նիցեի դարպասը, բայց չհասավ դրան: Ամեն դեպքում, մերոնք երկրորդ կեսում դաշտի տերերին ու նրանց երկրպագուներին մի լավ նյարդայնացրին, քանի որ 1-0 հաշիվը խաբուսիկ էր, ու Հայաստանի ընտրանին այն հավասարեցնելու հարմար առիթներ կորցրեց: Խաղի վերջին 10 րոպեներին Կապառոսը վա բանկ գնաց՝ Գրիգորյանից հետո դաշտից հանելով երկրորդ հենակետայինին՝ Ուդոյին, ու դաշտ մտցնելով վերջին հարձակվողին՝ Ալեքսանդր Կարապետյանին: Գուցե այդ փոփոխությունն ավելի շուտ պիտի արվեր, բայց եղավ այն, ինչ եղավ:

Երկրորդ կեսում դիտարժան էր նաեւ երկուստեք պայքարը, քանի որ երկու կողմն էլ ձգտում էր ամեն գնով հասնել իր նպատակին: Ափսոս, որ այդ լարվածության մեջ մերոնք 5 դեղին քարտ ստացան, որոնցից 4-ը բաժին հասան Հարոյանին, Ոսկանյանին, Սպերցյանին ու Ադամյանին, ինչը նշանակում է, որ նրանք բաց կթողնեն նոյեմբերյան տնային հանդիպումը մակեդոնացիների հետ: Չնայած երկրորդ տեղի համար պայքարը չի ավարտվել, պարզ է, որ երեկ Գերմանիային 0-4 հաշվով պարտված Հս. Մակեդոնիան մեզ հետ ավելի շատ մրցակցելու է երրորդ տեղի համար, որն, իհարկե, մարզական առումով նշանակություն չունի, բայց պատվի հարց է: Ընդ որում՝ ընտրական մրցաշարի վերջնամասը ավելի թեթեւ է լինելու մակեդոնացիների համար, որոնք Երեւան գալուց հետո տանն ընդունելու են Իսլանդիային, որին արտագնա խաղում հաղթում էին 2-0 հաշվով, բայց խաղավարտին ձեռքից բաց թողեցին հաղթանակը՝ 2-2:

Սա նշանակում է, որ խմբում գոնե երրորդ տեղը զբաղեցնելու համար նոյեմբերի 11-ին մերոնք անպայման պետք է հաղթեն մակեդոնացիներին, բայց դա էլ չի երաշխավորի վերջնական «հաջողությունը», քանի որ եթե բալկանցիները վերջին տուրում առավելության հասնեն Իսլանդիայի նկատմամբ, ամենայն հավանակությամբ միավորներով մեզ կհավասարվեն ու կշրջանցեն խփած եւ բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ (գերմանացիների հետ վերջին խաղում միավոր վաստակելու հույսեր առանձնապես չկան):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter