
Արցախի ԱԺ-ում քննարկումներ են տեղի ունեցել պատերազմից տուժածների բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին ԱԺ-ում քննարկել է «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Քննարկմանը ներկա են եղել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը և պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:
«Նախագիծը ներկայացրեց բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Նա տեղեկացրեց, որ շահառուների հաշվառման համար լիազոր մարմինը ունենալու է կայքէջ, դիմում-հարցաթերթիկները նաև էլեկտրոնային եղանակով են ընդունվելու:
Դիմումների առաջնահերթությունը որոշելիս որպես հիմք ընդունվելու է կարիքը, ոչ թե դիմումը ներկայացնելու ժամկետը: Նախատեսվում է կառուցել ու ձեռք բերել 6500 բնակարան ու բնակելի տուն:
Առաջնային շուկայում բնակարանի քառակուսի մետրի գինը չպետք է գերազանցի 360 հազար դրամը, երկրորդային շուկայում՝ Ստեփանակերտում 240 հազարը /ընդ որում ՝չպետք է գերազանցի 26 մլն դրամը/,բնակելի տների պարագայում՝ 200 հազարը /չպետք է գերազանցի 36մլն դրամը/, շրջկենտրոններում բազմաբնակարանները՝ 120 հազարը, բնակելին՝ 100 հազարը:
Շրջկենտրոններում բնակելի տների գինը չպետք է գերազանցի 15 մլն դրամը, գյուղական բնակավայրերում՝ 10 մլն դրամը: Նորոգման և գնման գինը պետք է ցածր լինի նորակառույցի ինքնարժեքից:
Բնակարանները տրամադրվելու են 10 տարի շահագործման պայմանով, մեկ շնչին հատկացվելու է 16 քառ/մ – 22 քառ./մ:
Պետությունը մինչև 2 մլն դրամի սահմաններում կահավորելու ու կենցաղային տեխնիկայով ապահովելու է բնակարանները: Բնակարանների անհատույց տրամադրման պայմանագիրը լուծարվելու է, եթե շահառուն 3 ամիս անընդմեջ չբնակվի բնակարանում:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թ. հուլիսը:
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները հարցադրումներ ուղղեցին զեկուցողին: Անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկան նաև պետնախարար Արտակ Բեգլարյանն ու պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Սուսաննա Աբրահամյանը:
Հոկտեմբերի 6-ից որոշման նախագիծը խորհրդարանում է: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հիշեցրեց, որ մինչև վաղը խորհրդարանականները առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ունեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել